կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 16:25
Աշխարհ

Մարդիկ ավելի հեշտ են տանում հիվանդությունը. ԱՀԿ-ում չեն հայտնաբերել օմիկրոնից մահացության դեպքեր

Մարդիկ ավելի հեշտ են տանում հիվանդությունը. ԱՀԿ-ում չեն հայտնաբերել օմիկրոնից մահացության դեպքեր

Օմիկրոն կորոնավիրուսի նոր շտամը, որն արդեն հայտնաբերվել է տասնյակ երկրներում, դեռևս ոչ մի մահվան պատճառ չի դարձել։ Այս տեղեկությունը տարածել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ). հայտնում է AFP-ն։

ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը նշել է, որ ևս մի քանի շաբաթ կպահանջվի՝ պարզելու նոր շտամի վարակիչ լինելը և հասկանալու համար, թե արդյոք այն ավելի ծանր հիվանդություն է առաջացնում։ Բայց առաջնային տվյալները ցույց են տալիս, որ COVID-19-ի նոր շտամով վարակվածները թեթև են տանում այն։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր վարակվել են օմիկրոնով, հակված են ավելի հեշտությամբ կրել հիվանդությունը, բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է», - CBS-ին ասել  է ԱՀԿ-ի շտապ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը: Նա զգուշացրել է, որ նույնիսկ հիվանդության թեթև ընթացքի դեպքում հնարավոր է հոսպիտալացումների թվի աճ։

ԱՀԿ-ն ընդգրկել է Աֆրիկայում սկիզբ առած օմիկրոնի շտամը մտահոգիչ կորոնավիրուսային շտամների շարքում: Այս պահին օմիկրոնի շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 20 երկրներում։