կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-30 06:14
Հասարակություն

Մարդիկ էլ մտածում են` հեշտ է մուրալը...

Մարդիկ էլ մտածում են` հեշտ է մուրալը...

Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի. ժամանակին ասել է ռուս գրող Լեւ Տոլստոյը: Մեծ դասականը թերեւս գիտեր, որ, չնայած կյանքը գնալով զարգանում է, սակայն նրա վազքից դուրս մնացողների թիվը չի պակասում:

Անօթեւանների նկատմամբ պետության անտարբերությունը չափ ու սահման չունի: Պարզվում է` այս մարդասեր պետությունում ոչ ոք չի կարող ասել, թե քանի անօթեւան կա:

72-ամյա Նարինե Հարությունյանը ժամանակին մանկավարժ է եղել, 25 տարի, բացի ֆիզիկայից, աշակերտներին սովորեցրել է առաջին հերթին մարդ լինել:

«Պարզվեց` աշխատանքս ջուրը քշել տարել է»,- ափսոսանքով նշեց տիկին Նարինեն:

Նրան հանդիպեցինք Էրեբունի թաղամասի փողոցային աղբամաններից մեկի մոտ` ինչ-որ բան «փնտրելիս»:

«Շշեր, ուտելիքի մնացորդներ եմ հավաքում, երբեմն նաեւ` հնամաշ հագուստ: Ինչ անեմ` գործ չկա, թոշակս բանի պետք չէ, իսկ թոռանս պահել է պետք»,- ասաց տիկին Նարինեն:

Նա թոռան` 11-ամյա Նարեկի հետ քնում է Էրեբունի զանգվածի շենքերից մեկի նկուղային մասում: Ամուսնու մահից հետո պարզվել է, որ վերջինս մեծ գումար է պարտք հարեւանին: Պարտքը վճարելու համար տիկին Նարինեն վաճառել է տունը, հետո աղջիկն է ամուսնալուծվել` տղային թողնելով մոր մոտ. «Ինչ-որ պարսկահայի հետ փախավ երկրից»:

Թոռնիկը չգիտի, թե տատն ինչպես է օրվա հացը վաստակում. տատիկն անում է ամեն ինչ` թոռանը նորմալ մարդ դարձնելու համար: «Միայն թե շուտ չմեռնեմ»,- մտահոգվում է նա:

Սա անօթեւան մի ընտանիքի պատմություն է, որը միակ չէ Հայաստանում: Ընտանիքը հասարակության բջիջն է, պետության` դեմքը: Իսկ անօթեւա՞ն ընտանիքները...

ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ, իրենց տվյալներով, Հայաստանում կա մոտ 100 անօթեւան:

«Մեր առաջին տուն-ինտերնատին կից ժամանակակից կացարանն ունի 60 տեղ, որը միշտ զբաղեցրած է լինում: Անօթեւանները մեզ մոտ մնում են 2 ամիս, այդ ընթացքում փորձում ենք օգնել նրանց, շատերին անգամ ընտանիք ենք վերադարձնում կամ էլ աշխատանքի տեղավորում»,- ասաց տիկին Գեւորգյանը:

Նա նշեց, որ իրենց դիմում են հիմնականում 45-50 տարեկան անձինք, հիմնականում` տղամարդիկ:

Այն, որ անօթեւանների թիվը 100-ից ավելի է, եթե ոչ կրկնակի կամ եռակի, փաստ է, քանի որ, ինչպես նշեց տիկին Նարինեն, ինքը տեղյակ է, որ Էրեբունիում մոտ 12 անօթեւան ընտանիք կա, որոնք գիշերում են որտեղ պատահի: