Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներքաղաքական խնդիրները չեն խանգարում Վրաստանին՝ կատարել ՆԱՏՕ-ի պետությունների, առաջին հերթին`ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ համագործակցության լայնածավալ ռազմական ու ռազմատեխնիկական ծրագրեր: Այս նպատակների համար, ինչպես նախորդ տարիներին, զգալի գումարներ են նախատեսվում ԱՄՆ բյուջեի նախագծում: 2022 թվականին Վրաստանին կտրամադրվի շուրջ 60 միլիոն դոլար, և այս երկրի զինվորականներն արդեն ակտիվ մասնակիցներ են դառնում Սևծովյան տարածաշրջանում ու Հարավային Կովկասում դաշինքի կողմից իրականացվող գրեթե բոլոր զորավարժություններին և այլ նախագծերին. գրում է Независимая газета թերթը։
Ուկրաինայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի կազմակերպած Sea Breeze 2021 զորավարժություններին մասնակցելուց հետո վրացական ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատները և երկու պարեկային նավեր՝ «Դիոսկուրիա»-ն և «Օչամչիրեն»-ն, մասնակցում են Բուլղարիայի այլ, ոչ պակաս մասշտաբային Breeze ռազմածովային զորավարժություններին: Իսկ բուն Վրաստանում, համաձայն ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական գործողությունների զարգացման հրահանգների, սկսվել են երկրի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարության «Բասիանի -2021» վարժանքները: Թբիլիսիից հայտնում են, որ դրանց մասնակցում են 1-ին հետևակային բրիգադի, վրացական զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներ, ազգային գվարդիան, հատուկ գործողությունների ջոկատներ և այլն:
Նման զորավարժությունները շատ կարևոր են Հյուսիսատլանտյան դաշինքի համար, քանի որ ավելի քան 15 տարի (2004 թվականից ի վեր) Վրաստանի զինված ուժերը մասնակցում էին ՆԱՏՕ-ի իրական մարտական ծրագրերին աշխարհի թեժ կետերում: Այդ թվում՝ տարեկան շուրջ 800-900 վրացի զինծառայողներ գործում էին Աֆղանստանում՝ Դաշինքի զորքերի կազմում: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 20 հազար վրացի զինծառայողներ մասնակցել են այս երկրում տեղի ունեցած հակամարտությանը 107 ռոտացիայի ընթացքում (նրանցից 32-ը զոհվել են):
Մինչդեռ Վրաստանը նույնպես ընկալվում է որպես հատուկ խոստումնալից նախագիծ Թուրքիայի ղեկավարության կողմից: Օրերս, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել է «Eternity 2021» համատեղ զորավարժություններին նախապատրաստվելու հարցը, որոնք 2014-ից պարբերաբար անցկացվում են: Վերլուծաբանները դրանք կապում են Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ուժեղացման հետ: Ինչպես հայտնի է, նա հավանական է համարում Կովկասում իր երկրի նախկին ազդեցության վերածնունդը, Անկարայում Էրդողանին մոտ կանգնած քաղաքական գործիչները և փորձագետները այժմ խոսում են Կովկասում և Կենտրոնական Ասիայում «Մեծ Թուրան» ռազմաքաղաքական բլոկի ստեղծման մասին, որը միավորում է թյուրքախոս երկրներին:
Դատելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ վերջերս Անկարա կատարած այցից՝ Վրաստանը դեմ չէ «Մեծ Թուրան» նախագծին միանալուն: «Մենք ունենք ընդհանուր կարևոր նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարսը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը: Մենք ունենք բոլոր հնարավորություններն էլ ավելի շատ ծրագրեր իրականացնելու ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ»,- ասել էր Ղարիբաշվիլին Էրդողանի հետ մեկ ամիս առաջ կայացած հանդիպումից հետո:
«Վրաց-թուրքական բանակցությունների արդյունքներից հետո հայտարարվեց, որ Թուրքիան մտադիր է իր թևի տակ միավորել Հարավային Կովկասի բոլոր պետությունները: Դրանից առաջ Էրդողանը հայտարարեց նման միավորում Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Եվ Թուրքիան, համագործակցելով Վրաստանի և հետխորհրդային մյուս երկրների հետ, գործում է այստեղ բավականին հստակ՝ հարձակվելով Ռուսաստանի շահերի վրա»,- թերթի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը, որը հետխորհրդային շրջանում երկար ժամանակ ծառայել է Կովկասում:
Նա նշել է, որ Թուրքիան նախկինում վերակառուցել է, ավելի ճիշտ՝ գործնականում կառուցել է է Վրաստանի երկու օդանավակայան՝ Թբիլիսիում և Բաթումում: «Այս օդային կետերը ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն քաղաքացիական, տնտեսական իմաստով, այլև որպես ռազմական խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ օբյեկտներ: Հարյուրավոր վրացի զինծառայողներ վերապատրաստվել են Թուրքիայի զինված ուժերում, Անկարան օգնել է Թբիլիսիին արդիականացնել երկրում մի քանի ռազմաբազաներ»,- նշում է փորձագետը:
Նա հայտնել է, որ, մասնակցելով համատեղ զորավարժություններին, Անկարան և Թբիլիսին մեծացնում են ռազմական համագործակցությունը՝ այդպիսով սովորելով հետագայում հակադրվել Ռուսաստանի շահերին: Նշենք, որ Էրդողանը նաև հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին՝ անուղղակիորեն չճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայիս կարգավիճակը: