կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 15:34
Քաղաքական

ԼՂ խնդիրն իշխանությունների ուսումնասիրման տիրույթում է, և պարզ չէ՝ արդյո՞ք նոր փաստաթուղթ է պատրաստվում. ադրբեջանագետ

ԼՂ խնդիրն իշխանությունների ուսումնասիրման տիրույթում է, և պարզ չէ՝ արդյո՞ք նոր փաստաթուղթ է պատրաստվում. ադրբեջանագետ

Տեսնելով, որ սոցիալական բողոքը լուրջ ալիք չի բարձրացնում, Ադրբեջանի ընդդիմությունը բնակչության շրջանում ազդեցություն ունենալու համար փորձում է օգտագործել հայերից հետ չմնալու մոլուցքը՝ մենք պետք է լինենք ավելի ժողովրդավար, քան Հայաստանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Նրանք ասում էին, որ մինչև 2018-ը Հայաստանում խունտա էր իշխում, իսկ հիմա կա ժողովրդավարական շարժում, որը ճանաչվում է եվրոպացիների կողմից: Ադրբեջանը տեսավ, որ հասարակության շրջանում դա մեծ շարժ է առաջացնում, ուստի սկզբում փորձեց  մանևրել՝ համոզելու համար, որ ՀՀ նոր իշխանությունները կգնան իրենց հետ համագործակցության: Բայց ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզից հետո, որ Արցախն էլ պիտի մասնակցի բանակցություններին, Ադրբեջանը տեսավ, որ ՀՀ-ի կողմից հետքայլ չկա հակամարտության կարգավորման հարցում, արդեն սկսեց հայտարարել՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը նախորդից չի տարբերվում: Ադրբեջանն անընդհատ փորձելու է ցույց տալ, որ ՀՀ իշխանությունները նույնպես բռնատիրական են»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է հասկացնել, որ  Սերժ Սարգսյանի իշխանության տապալման գործում մեծ ներդրում ունեն հենց իրենք՝ հիշեցնելով 2016-ի ապրիլյան պատերազմը, թե իբր Ադրբեջանը հաղթանակ է տարել, ինչը  թուլացրել է  Սերժ Սարգսյանի իշխանությունը, ուստի ՀՀ նոր իշխանություններին կոչ է անում չլինել նախորդների պես:

«Փորձում են ուժի սպառնալիքով ՀՀ նոր իշխանություններին ստիպել, որ իրենց համար ցանկալի ուղիով գնան բանակցությունները: Այս քաղաքականությունը կշարունակվի նաև 2019-ին»,- հավելեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե «Բաքուն պատրաստ է ապահովել ԼՂ-ի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել», Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ նման բան առաջին անգամ չէ, որ  հնչում է Ադրբեջանի ղեկավարության կողմից:

«Նրանց պատկերացրած լուծումը սա է՝ տալիս եք մեզ հարակից բոլոր շրջանները, և մենք պատրաստ կլինենք քննարկել  ԼՂԻՄ-ին ինքնավարություն տալու հարցը: Այն, որ Մամեդյարովն ասում է, թե հայերին կվերաբերվեն ինչպես մյուս փոքրամասնություններին, դա բնավ լավ բան չէ, մենք գիտենք, որ Ադրբեջանում ոչ մի փոքրամասնություն չի օգտվում իր իրավունքից: Երկրորդ՝ մենք տեսել ենք  Բաքվի և Սումգայիթի ջարդերը, Ադրբեջանի հայաթափման քաղաքականությունը նաև Նախիջևանում, ուստի Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով  Արցախի լինելը  չի կարող քննարկվել, քանի որ այս դեպքում արցախցիների կյանքին վտանգ կսպառնա: Սա սադրիչ հայտարարություն է, ինչպիսին վերջին շրջանում շատ է լինում»,-նշեց փորձագետը:

Ըստ նրա` 2019-ին Արցախի հարցի կարգավորման գործընթացում ոչ մի նոր բան  չի կարող լինել, հատկապես` երբ ՀՀ-ում իշխանությունները նոր են և գտնվում են խնդրի ուսումնասիրման փուլում, ուստի ոչ ոք չգիտի, թե ինչի շուրջ են բանակցելու՝ արդյո՞ք նախկին փաստաթղթերն են, թե՞ նոր փաստաթղթեր են պատրաստվում կամ նոր ուղղությամբ են գնալու բանակցությունները:

«2019-ին քննարկումները տարվելու են սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, իրավիճակային բանակցություններ են լինելու»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է խուսափել Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հարցից, թեպետ  հայտարարություն եղավ, թե  իրենց հաջողվել է չեզոքացնել սա, ուստի հայկական կողմը պետք է շարունակի պնդել այս պայմանը,  այլ հարց է` որքանով կհաջողվի հասնել դրան:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի` պատերազմին պատրաստմանը, ապա, ըստ ադրբեջանագետի,  երկու կողմն էլ պատրաստվում է պատերազմի, քանի որ բանակցությունների միջոցով հակամարտություն լուծելը բարդ է, անգամ լուծման դեպքում այն չի կարող համարվել վերջնական: «Ցանկացած նոր փուլ բերելու է շահերի նոր բախում,  նոր հակամարտություն: Այսինքն՝ ռազմական գործոնի հետ միշտ գործ ենք ունենալու»,- շեշտեց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝  սպառազինության առումով հավասարակշռության խախտումը չի նշանակում ՀՀ ԶՈւ-ի հնարավորությունների նվազում: «Շատ սպառազինություն` չի նշանակում, որ կարող ես հաղթել տվյալ բանակին»,- նշեց ադրբեջանագետը: