Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը, հայտնում է «Ազատություն»-ը։
«Եվրոպացի պատգամավորները խորհրդարան էին հրավիրել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարզելու՝ ինչ իրավիճակ է տեղում նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ տարի անց, և ինչ է անում Բրյուսելը Արևելյան գործընկերության անդամ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։
«Իրավիճակը շարունակում է մնալ լարված», - տեղեկացրեց Եվրահանձնաժողովի՝ Արևելյան հարևանության գծով ղեկավար Լոուրենս Մերեդիթը։ - «Ես Հարևանության հարցերով հանձնակատար Վարհեիի հետ մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ Կովկասի երեք երկրներում արտգործնախարարների հետ հանդիպումներին։ Դա հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև ողբերգական բռնությունների վերսկսման օրն էր, կամ՝ դրանից քիչ առաջ։ Ուզում եմ մեր կողմից շատ հստակ ընդգծել՝ Եվրահանձնաժողովը ծայրաստիճան հանձնառու է անել ամեն բան, որ կայուն խաղաղությունը հնարավոր դառնա՝ ի շահ Կովկասի բոլոր երկրների»։
Այդ նպատակով Եվրահանձնաժողովն անցած տարվա պատերազմից հետո 17 միլիոն եվրո է տրամադրել՝ որպես մարդասիրական աջակցություն։ «Քննարկում ենք հնարավոր բոլոր տարբերակները՝ կողմերի միջև հաղորդակցությունն ամրապնդելու, ինչպես նաև ներդրումներ անելու համար, հատկապես՝ հակամարտությունից տուժած շրջաններում», - հայտարարեց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, միաժամանակ ընդգծելով՝ հնարավոր բոլոր ծրագրերն ու նախագծերը քննարկվում են մեկ սկզբունքով՝ դրանք պետք է բխեն բոլոր կողմերի շահերից։
«Բրյուսելը հանձնառու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Բայց մեր հնարավորությունները սահմանափակ են», - ընդգծեց Միության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան գործընկերության ու Ռուսաստանի գծով փոխտնօրեն Լյուկ Դիվինը՝ շարունակելով․ - «Ակնհայտ է, որ իրավիճակը մեծապես գտնվում է զինվորականների ձեռքում, և նրանց, ովքեր զենք ունեն տեղում, այդ պահին՝ դա լոկ Ռուսաստանն է»,- հայտնում է աղբյուրը։