Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հոկտեմբերի 14-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Yerkir.am-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը, և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։