Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը «Հաարեց» (Haaretz) թերթում ծավալուն քննադատական հոդված է գրել Իսրայելի կողմից Ադրբեջանին արգելված մահաբեր կասետային ռումբեր վաճառելու մասին՝ Արցախում անմեղ հայ խաղաղ բնակիչներին սպանելու և վիրավորելու համար: Թեև հոդվածը հրապարակվել է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին, այն պահպանում է իր արդիականությունը, հաշվի առնելով այն փաստը, որ այս կասետային ռումբերը, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվել են անցյալ տարվա Արցախյան պատերազմում, կարող են օգտագործվել նաև հետագա պատերազմում։
«Ամնիսթի ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է, որ Ադրբեջանը 2020 թ․ Արցախյան պատերազմում օգտագործել է իսրայելական արտադրության կասետային ռումբեր։ Այս մահաբեր ռումբերը պայթել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվող բնակելի թաղամասում։
«Կասետային ռումբերի օգտագործումն արգելված է բոլոր պարագաներում, համաձայն միջազգային մարդասիրական օրենքի, ուստի դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու համար հատկապես վտանգավոր է և միայն կհանգեցնի առավել շատ մահերի ու վիրավորների», ասաց «Ամնիսթի ինթերնեշնլ»-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնականի Ասիայի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը: «Կասետային ռումբերն իրենց էությամբ ոչ խտրական զենքեր են և դրանց կիրառումը բնակելի թաղամասերում բացարձակապես անընդունելի է ու սարսափելի»:
Մելմանը բացատրեց, որ «կասետային ռումբը մի տեսակ տուփ է, որտեղ պահվում է փոքրիկ ռումբերի մի խումբ: Մայր ռումբը պայթում է որոշակի բարձրության վրա և լայն տարածության վրա ցրում է ավելի փոքր ռումբերը, որոնք կարճ ժամանակ անց պայթում են։ Զինամթերքը կարող է արձակվել տարբեր չափերի հրանոթներից՝ մինչև 155 մմ տրամագծով, արձակման կայաններից, ուղղաթիռներից և ինքնաթիռներից»։ Երեխաները հաճախ վերցնում են չպայթած կասետային ռումբերը` շփոթելով դրանք խաղալիքների հետ, ինչի հետևանքով զոհվում են կամ վիրավորվում:
Մելմանը գրել է, որ ինքը հարցրել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը, Իսրայելի պաշտպանության ուժերին և արտաքին գործերի նախարարությանը, թե «արդյոք Իսրայելը կասետային ռումբեր է մատակարարե՞լ Ադրբեջանին, և եթե այո, ապա ե՞րբ»: Զարմանալի չէ, որ նա ոչ մի պատասխան չի ստացել։
Մելմանը նշել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը, «հավատարիմ մնալով իր կրվազան սովորություններին, չի ցանկանում բացատրություններ տալ և հրաժարվում է պատասխանել այն հարցերին, որոնք իրեն դուր չեն գալիս։ Թվում է, թե այն թաքցնելու բան ունի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ չափազանց սերտ հարաբերություններին»:
Մելմանը շատ տեղին հարցադրում է արել. «Ինչո՞ւ է Իսրայելը զինում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի»։ Համաշխարհային մեծ բողոք կառաջանար, եթե Հայաստանը հրթիռներ մատակարարեր Համասին կամ Հեզբոլլահին՝ Իսրայելի քաղաքացիների վրա հարձակվելու համար: Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելը ոչնչով չի տարբերվում սրանից, սակայն ո՞ւր է Իսրայելի միջազգային դատապարտումը։
Իսրայելը մի քանի անգամ օգտագործել է կասետային ռումբեր՝ 1973 թվականի պատերազմում արաբական մի քանի պետությունների դեմ, 1978-ին, 1982-ին և 2006-ին Լիբանանի պատերազմներում և 2008-2009-ին Գազայի պատերազմում: Մելմանը հայտնել է, որ «դա հանգեցրեց ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանի դատապարտմանը, և լարվածության Միացյալ Նահանգներում, քանի որ ռմբակոծումն ակնհայտորեն խախտում էր կասետային ռումբերի օգտագործման սահմանափակումները, երբ զենքը մատակարարվել է 1976 թվականին»:
Վինոգրադի կոմիտեն, որը ձևավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ 2006 թվականին Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների նպատակահարմարությունը վերանայելու համար, ըստ Մելմանի, «կոշտ քննադատության ենթարկեց կասետային ռումբերի կիրառումը քաղաքացիական բնակավայրերում»: Կասետային ռումբերի օգտագործումն անօրինական է։ Անօրինական է նաև ԱՄՆ-ի կողմից դրանք Իսրայելին վաճառելը, որն էլ իր հերթին դրանք ապօրինի վաճառել է Ադրբեջանին:
Ցավոք, ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ ամերիկահայ համայնքը չբողոքեցին ամերիկյան կառավարությանը՝ Իսրայելի կողմից ամերիկյան կասետային ռումբերն ապօրինի կերպով Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ։
Մելմանը հայտնել է, որ «2008 թվականի դեկտեմբերին Օսլոյում ստորագրվել է կասետային զինամթերքի մասին համաձայնագիրը։ Այն արգելում է կասետային ռումբերի օգտագործումը, մշակումը, արտադրությունը, պահեստավորումը և վաճառքը, որը այն սահմանում է որպես «սովորական զինամթերք, որը նախատեսված է բեռնարկղից պայթուցիկ ենթառումբերը ցրելու կամ բաց թողնելու համար»: Ավելի քան 100 երկիր ստորագրել է համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2010 թվականին»։
Իսրայելը, սակայն, հրաժարվել է միանալ այդ համաձայնագրին, որն արգելում էր կասետային ռումբերը: Զավեշտալի է, որ Իսրայելը շտապեց դատապարտել Սիրիային իր երկրի ներսում կասետային ռումբեր օգտագործելու համար: Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը հրաժարվել միանալ համաձայնագրին, որը նրան ավելի ամուր հիմքեր կտար դատապարտելու կասետային ռումբերի անօրինական օգտագործումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնցից ոչ մեկը չի միացել համաձայնագրին: Բացի Ադրբեջանին կասետային ռումբեր վաճառելուց, Իսրայելը դրանք վաճառել է նաև Թուրքիային, Եթովպիային, Գերմանիային, Հնդկաստանին, Ռումինիային, Շվեյցարիային, Մեծ Բրիտանիային, Ավստրիային, Դանիային, Նորվեգիային, Չիլիին, Կոլումբիային և Վենեսուելային։
Մելմանի խոսքերով՝ Ադրբեջանը եղել է իսրայելական կասետային ռումբերի ամենամեծ շուկան՝ տարբեր հրանոթների ու հրթիռային կայանների հետ մեկտեղ։ «Իսրայելը վաճառել է երկակի նշանակության զինամթերքի բաղադրիչներ, որոնք կարող են օգտագործվել նաև կասետային ռումբերում, այնպես, որ Իսրայելին թույլ կտա շրջանցել համաձայնագիրը»:
Մելմանը հայտնել է, որ մեկ տարի առաջ իսրայելցի «ակտիվիստ Էլի Ջոզեֆը, որը մասնակցում է Իսրայելի կողմից բռնապետական վարչակարգերին զենքի վաճառքն արգելելու պայքարին», ապարդյուն միջնորդություն է ներկայացրել Իսրայելի Արդարադատության բարձրագույն դատարան՝ «պահանջելով բացահայտել Բաքվի և Երուսաղեմի ռազմական կապերը»: Նաև Ջոզեֆն ու «Հրեական սիրտ» կազմակերպության իր գործընկերները Կնեսետի առջև ցույց են կազմակերպել Ադրբեջան զենքի արտահանման դեմ՝ «Ո՛չ պատերազմական հանցագործություններին, ո՛չ անմեղների սպանությանը» կարգախոսի ներքո»: Ոգևորիչ է տեսնել արդարամիտ իսրայելցիներին, որոնք դատապարտում են իրենց կառավարության անբարոյական գործողությունները:
Իսրայելը, մահաբեր զենք վաճառելով Ադրբեջանի արյունարբու վարչակարգին, խարխլել է իր բարոյական հիմքերը և մեղսակից դարձել Ադրբեջանի ռազմական հանցագործություններին։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի