կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 20:09
Աշխարհ

Մենք հետամուտ ենք լինելու, որ քննիչ հանձնաժողովը ծառայի իր նպատակին․ Թադևոս Ավետիսյան

Մենք հետամուտ ենք լինելու, որ քննիչ հանձնաժողովը ծառայի իր նպատակին․ Թադևոս Ավետիսյան

Մենք հետամուտ ենք լինելու, որ քննիչ հանձնաժողովը ծառայի իր նպատակին և պարզի` «Հայաստան» համահայկական հիմնադրամից ՀՀ կառավարությանը փոխանցված 52.7 մլրդ դրամն իր նպատակին ծառայել է, թե՝ ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ իրենց խնդիրն է պարզել 44-օրյա պատերազմի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցները ծախսվել են նպատակային, թե՝ ոչ։ Դա կարևոր է նաև հիմնադրամի հետագա գործունեության համար։

Հարցին, թե առաջին նիստից ի՞նչ տպավորություն ստացավ և արդյոք իշխանական պատգամավորները նույնպես տրամադրված են հանձնաժողովի նպատակին ուղղված աշխատանքներ իրականացնել, Թադևոս Ավետիսյանն ասաց.

«Համենայն դեպս նրանք հայտարարեցին, որ իրենք ևս շահագրգիռ են, որ իրողությունները, բոլոր մտահոգությունները բացահայտվեն և ըստ անհրաժեշտության կոնկրետ հետևություններ կատարվեն։ Ընդդիմադիր պատգամավորները, իհարկե, իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեն։ Մեր հայրենակիցներն օբյեկտիվ գնահատումների են սպասում։ Այստեղ մանիպուլյացիաների, պոպուլիզմի, շոուների տեղը չէ»,-նշեց պատգամավորը։

Վերջինս հավաստիացրեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ ամեն ինչ կանեն, որ տեղեկատվությունն ամբողջական հավաքագրվի ու հանրայնացվի։

Կառավարության, ինչպես նաև հիմնադրամի համար պատրաստած գրությունները հաստատվել են, շուտով դրանք կուղարկվեն, որից հետո այդ տեղեկատվությունն ամբողջ ծավալով կվերլուծվի։ Պատգամավորը նշում է, որ այս գրությունները նախապես ուղարկել էին կառավարություն, սակայն նրանց մերժել են, քանի որ այդ պահի դրությամբ քննիչ հանձնաժողովը դեռ ձևավորված չէր։

Հարցին, թե քաղաքացիները 5 ամիս անց քննիչ հանձնաժողովից կարո՞ղ են սպասել թափանցիկ հաշվետվություն այն մասին, թե որ ուղղություններով են ծախսվել հիմնադրամից ստացված գումարները, Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ համապատասխան մարմիններից տեղեկատվությունը ստանալուց հետո կլինեն ընթացիկ արդյունքներ, որոնք կհրապարակեն թույլատրելի ծավալի շրջանակներում։

«Այս պահին կանխատեսել ենք, որ 5 ամսում խնդիրների լուծումներ կունենանք, մի քիչ դժվար է ասել։ Օրենքը նաև թույլ է տալիս որոշակիորեն երկարաձգել հանձնաժողովի աշխատանքները։ Դա արդեն աշխատանքի ընթացքում տեղեկատվության ծավալից պարզ կդառնա»,-ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: