կարևոր
499 դիտում, 51 րոպե առաջ - 2026-10-13 00:00
Հասարակություն Քաղաքական

Հետամուտ ենք լինելու Արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կյանքի կոչմանը․ Գալստյան

Հետամուտ ենք լինելու Արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կյանքի կոչմանը․ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանության ենթարկված Արցախահայության սոցիալ–տնտեսական խնդիրներին նվիրված քննարկման արդյունքներն ամփոփել ենք և ուղարկել կառավարություն։ Հետամուտ ենք լինելու դրանց կյանքի կոչմանը։

Ամփոփման արդյունքները՝ առաջարկություններ և խնդիրներ, ստորև՝

«ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ

1․ Բնակարանային հարցը առաջնային նշանակություն ունի Արցախից բռնի տեղահանված անձանց կենսական նշանակության խնդիրները լուծելու տեսանկյունից։ Պետության կողմից առաջարկվող բնակարանային ապահովման կամ հիփոթեքային աջակցության ծրագրերն, ըստ էության, անարդյունավետ են։ Մինչ օրս բնակարանային ապահովման սերտիֆիկատ են ստացել ու այդ սերտիֆիկատով տուն գնել շուրջ 4900 ընտանիք, ինչը բավա։ Գործող պայմանները հաճախ դժվար իրագործելի են կամ լիարժեք չեն լուծում Հայաստանում հաստատված ընտանիքների երկարաժամկետ կեցության խնդիրը։ Բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն տրամադրված հավաստագրերի թվով, այլև դրանց փաստացի իրացման մակարդակով։ Բարձրաձայնվում էր այն մասին, որ շուկայական գները, այդ թվում մայրաքաղաքից դուրս, բավականին բարձր են և մեր հայրենակիցները չեն կարողանում ընտանիքի մեկ անդամի հաշվով 2-5 մլն․ դրամով բնակարան ձեռք բերել։

Մեծ խնդիր է վարձավճարների բարձր մակարդակը, ինչի պատճառով ընտանիքները հաճախ հայտնվում են սոցիալական ծանր վիճակում։ Բնակարանային ապահովման պետական վճարները կամ աջակցությունները ամբողջությամբ չեն ծածկում կամ երկարաժամկետ կտրվածքով չեն լուծում վարձակալական և տեղավորման հարցերը։ Պետք է մշակվեն ավելի ճկուն, հասանելի և հստակ ժամանակացույց ունեցող բնակարանային ծրագրեր (օրինակ՝ վարկային կամ սուբսիդավորվող արտոնյալ պայմաններով), որոնք հնարավորություն կտան արցախցի ընտանիքներին մշտական բնակարան ձեռք բերել ՀՀ տարբեր մարզերում կամ բնակավայրերում՝ հաշվի առնելով նրանց սոցիալական փաստացի վիճակը։

Պետք է նկատել, որ խնդրահարույց իրավիճակ է առաջանում հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում։ Այսպես, բանկերը հիփոթեքային վարկեր տրամադրելու համար գրավ են պահանջում, սակայն բռնի տեղահանված անձանցից պետական վերաբերելի քաղաքականության շրջանակում իրենց միակ բնակարանը ձեռք բերելու համար գրավ պահանջելը՝ անհասկանալի և անիրատեսական է։

Արձանագրվեց, որ այս խնդրի լուծումը ամբողջական կարող է լինել միայն սոցիալական բնակարանաշինության ծրագրերով, երբ համընդհանուր կառուցապատման միջոցով մեծաքանակ բնակարաններ կկառուցվեն և կհատկացվեն բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

2․ Արցախահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության կողմից բարձրացվեց հարց, որը վերաբերելի էր բռնի տեղահանված արցախցիների այն տրանսպորտային միջոցներին, որոնք փաստացի օգտագործվում էին Արցախի Հանրապետությունում, սակայն հաշվառված էին Հայաստանի Հանրապետությունում։ Այս փոխադրամիջոցների համար Հայաստանում հաշվարկվում է գույքահարկ, իսկ դրանց չվճարելու արդյունքում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ քաղաքացին խնդիր է ունենում։ Փաստացի ս․թ հուլիսի 30-ին Կառավարության N 1116-Ն որոշմամբ (Այսուհետ՝ Որոշում) փորձ կատարվեց լուծել այս հարցը, սակայն պետք է նկատել, որ լուծումը հատվածական էր։ Այսպես, ըստ Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն տրանսպորտային միջոցները, որոնց համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված որևէ իրավախախտման դեպք չի արձանագրվել, և դրանք չեն անցել տեխնիկական զննություն, և դրանց համար փոխադրամիջոցների գույքահարկ (գույքահարկ) չի վճարվել, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) էլեկտրոնային ռեգիստրում որևէ գործողություն չի կատարվել, սեփականատիրոջ դիմում-հայտարարության (ձև N 1) հիման վրա համարվում են 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ խոտանված։

Ըստ ստացված ահազանգի՝ այս կարգավորումը անհրաժեշտ է փոփոխության ենթարկել և նախատեսել համանման իրավական հնարավորություն 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած արցախահայերի տրանսպորտային միջոցների համար։

Մեկ այլ խնդիր է՝ իրենց օգտագործումից դուրս գտնվող փոխադրամիջոցների համար արցախահայերի կողմից գույքահարկը ինչ-ինչ պատճառով մինչ այժմ վճարած լինելու դեպքում այն հեշտացված կարգով հետ ստանալու հնարավորության բացառումը։ Բացի այդ, Որոշմամբ միայն մի շարք պայմանների միաժամանակյա առկայության դեպքում հնարավոր կլինի խոտանել տրանսպորտային միջոցը, սակայն գույքահարկի վճարման պայմանը խոչընդոտող հանգամանք է տրանսպորտային միջոցի խոտանման համար։ Այսպես, եթե քաղաքացին նախորդող ժամանակահատվածում համապատասխան արգելանքներից խուսափելու համար այնուամենայնիվ վճարել է իր օգտագործումից դուրս մնացած տրանսպորտային միջոցի գույքահարկը, ապա նա չի կարողանա օգտվել Որոշմամբ սահմանված հնարավորությունից, սա իրավահավասարության և արդարության սկզբունքների տեսանկյունից խնդրահարույց կարող է համարվել։

3․ Արցախահայերի խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունից ստացվել է նաև մեկ այլ ահազանգ, ըստ որի դատավարական խնդիրները ևս խոչընդոտ են հանդիսանում մեր հայրենակիցների վերաբերելի հարցերի պատշաճ և ժամանակին լուծման տեսանկյունից։ Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը հիմնականում նախատեսվել են որոշակի ժամկետներով, իսկ կենսաթոշակների, նպաստների կամ սոցիալական ապահովության իրավունքից բխող այլ հարցերով դատարան դիմելուց հետո անձի խնդրի լուծումը շարունակում է մի քանի տարի առկախված լինել։

Այս խնդիրը հատկապես վարչական գործերի դեպքում ընդհուպ առաջացնում է նաև դատավարական այլ խնդիրներ, քանզի գործի երկարատև քննության ընթացքում երբեմն վեճն այլևս դառնում է ժամանակավրեպ՝ դատավարական իմաստով դառնալով սպառված և առաջացնելով համապատասխան հետևանքներ կամ առաջանում է հայցի առարկան ու հիմքերը փոփոխելու անհրաժեշտություն՝ դրանով իսկ կրկին հանգեցնելով գործի ձգձգման։

Վարչական բողոքարկումը շատ դեպքերում չի հանգեցնում խնդրի արդյունավետ լուծման և վերադաս մարմինը կրկնում է առաջին որոշման հիմնավորումները։ Արդյունքում դատարանը հաճախ դառնում է վարչական գործընթացի գրեթե պարտադիր շարունակությունը՝ լրացուցիչ ծանրաբեռնելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ դատական համակարգը։

Նշված խնդիրը մեղմելու հիմնական ճանապարհը վերադաս բողոքների և/կամ այլընտրանքային մեխանիզմների ստեղծումն է, ինչպես նաև ՄՍԾ և Աշխատանքի և բարեկեցության նախարարության չափազանց բյուրոկրատական մոտեցման փոփոխությունը։

Հաշվի առնելով արցախահայերի շրջանում գործազրկության մեծ ցուցանիշը, ֆինանսական միջոցների սղությունը՝ դատաիրավական համակարգում նախատեսված պետական տուրքերի գծով արտոնություններ սահմանելն անհրաժեշտություն է։ Սա կարելի է և պետք է անել վարչական դատավարությունում մեր հայրենակիցների կողմից ներկայացված տարբեր հայցերով, ինչպես նաև մեր տեղահանված հայրենակիցների հատկապես իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման նոտարական ծառայությունների համար սահմանված պետական տուրքերի նվազեցմամբ։

4. Քննարկման ժամանակ հստակ արձանագրվեց, որ դեռևս ականատես ենք լինում արցախահայերի նկատմամբ թիրախավորված վերաբերմունքի։

Ատելության խոսքն ու խտրականությունը որևէ խմբի, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ, խիստ դատապարտելի են և վնասակար հասարակության համերաշխության ու մարդու իրավունքների տեսանկյունից։

Արցախահայերը, կրելով անհավանական ծանր կորուստներ և բռնի տեղահանման դաժան փորձություն, Հայաստանում հաճախ բախվում են տարբեր դրսևորումների՝ սոցիալական լարվածությունից մինչև թիրախավորում։ Նման երևույթների դեմ պայքարը պահանջում է առաջին հերթին իրավական պատասխանատվություն: ՀՀ օրենսդրությամբ և միջազգային նորմերով ատելության խոսքն ու խտրականության հրահրումն արգելված են և ենթարկում են պատասխանատվության, սակայն իրավակիրառ պրակտիկան ոչ միասնական զարգացում ունի։ Ըստ բանախոսներից մեկի հայտարարության՝ արցախահայերի նկատմամբ ատելության գեներացվող մակարդակին զուգահեռ՝ նախաձեռնված քրեական վարույթներով քննության պատշաճ իրականացման մասով բացասական միտում է գործում։ Մասնավորապես, ատելության խոսքով վերաբերելի քրեական վարույթներով, որոնցով արցախահայերը տուժողի դատավարական կարգավիճակ ունեն տևական ժամանակ իրականացվում է քննություն, սակայն, որպես այդպիսին, արդյունք չկա։

Առանձնահատուկ կարևորվում է առցանց տիրույթում հաճախ հանդիպող արցախցիների արժանապատվությունը նսեմացնող և պիտակավորող մեկնաբանությունների դեմ գործուն միջոցների կիրառումը։ Երբեմն հանրային դեմքերի կամ սոցիալական խմբերի կողմից հնչեցվող հայտարարություններում արցախցիների նկատմամբ անհանդուրժողականությունը ակնհայտ է։

Ամփոփելով, պետք է նշել, որ անհրաժեշտություն է առաջացել բացառել նախաձեռնված քրեական վարույթներով իրավապահ մարմինների կողմից ոչ միասնական գործելակերպը, բացի այդ, պետք է անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմերով՝ պատասխանատվության գործուն մեխանիզմների միջոցով սահմանափակել և ի սպառ վերացնել արցախցիների նկատմամբ խտրականությունը։

5․ Քննարկման ժամանակ բարձրացված սոցիալական հարցերի շարքում առանձնահատուկ կարևորություն ունի կենսաթոշակային հարցում պետական վերաբերելի միասնական քաղաքականության բացակայության արձանագրումը։ Այսպես, որոշակի փաստական տվյալներով հիմնավորվում է, որ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ձեռք բերած որոշակի պետական պաշտոնյաների համար, ըստ էության, Հայաստանում խտրական վերաբերմունք է գործում։ Այդ պաշտոնյաներն են Արցախի Հանրապետության նախկին դատախազները, դատավորները, պատգամավորները և այլն։

Սահմանադրական դատարանն իր՝ 02.04.2014 թվականի ՍԴՈ-1142 որոշման մեջ նշել է, որ սոցիալական ապահովությունն անձի իրավունք լինելուց զատ պետության պոզիտիվ պարտավորությամբ պայմանավորված նպատակային գործառույթ է և, ի թիվս այլնի, ուղղված է հասարակության այն խավերի կենսագոյի ապահովմանը, որոնք իրենցից անկախ պատճառներով դա անել չեն կարող։

Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Սահմանադրական դատարանը 12.07.2019 թվականի ՍԴՈ-1475 որոշմամբ, անդրադառնալով խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքին, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «... 1) պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (ՍԴՈ-731),

(...),

3) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224):»։

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝

1. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձը, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

(…):

3. Պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:

Նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

1. Զինվորական կենսաթոշակի իրավունք ունի`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, պետական պահպանության ծառայության և Հայաստանի փրկարար ծառայության, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության (այսուհետ նաև` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը.

2) վարժական հավաքների կանչված զինապարտը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցը.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը, պրոբացիայի ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողը, պրոբացիայի ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը:

ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 665-Ն որոշման հավելված 19-ի 20-րդ կետի համաձայն՝ եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ զինվորական կենսաթոշակ, եթե բավարարում է օրենքով սահմանված պայմաններին:

Նույն հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը, ում կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), կենսաթոշակ նշանակելու համար դիմումը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում, իսկ զինվորական կենսաթոշակների դեպքում՝ նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։ Դիմումին կից ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված՝ անձի կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա տեղեկատվությունը կամ փաստաթղթերի լուսապատճենները բավարար չեն կենսաթոշակ նշանակելու համար:

ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն շարունակում է փախստականներին տրամադրել նույն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն օժտված էին, (…): 2-րդ և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են ինչպես սույն Կոնվենցիայի 13, 18, 19, 21 և 22-րդ հոդվածներում նշված իրավունքների ու արտոնությունների, այնպես էլ այն իրավունքների ու արտոնությունների նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայով նախատեսված չեն:

Այսպես, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող միջազգային պայմանագրի դրույթերից հետևում է, որ պայմանավորվող յուրաքանչյուր պետություն՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը շարունակում է փախստականներին տրամադրել նույն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն օժտված էին։ Այսինքն, ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունից բխում է փախստականներին նույն իրավունքների տրամադրումը, տվյալ դեպքում՝ նույն ծավալով կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունքը տրամադրելու պարտավորությունը, ուստի անհրաժեշտ է վարվող կենսաթոշակային քաղաքականության մասով փոփոխել մոտեցումները և վարել ոչ խտրական մոտեցում։

6․ Բռնի տեղահանման և էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության շարքում առանձնահատուկ կարևորվում է կրթական հարցը։ Քննարկման մասնակիցների խոսքով այս համատեքստում հանրակրթության ոլորտում խնդիրները քիչ են, ինչը չի կարելի ասել բարձրագույն կրթության մասին։

Այսպես, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պետությունը բուհերին պետական բյուջեից ֆինանսավորում է կրթաթոշակի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով փոխհատուցում այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման համար Կառավարության սահմանած պահանջները և չափանիշները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ուսումնառության համար կնքել են համապատասխան պայմանագիր։ Այդ նպատակով, դեռևս 2023 թվականին ընդունված Կառավարության 2291-Լ որոշմամբ, ի թիվս այլնի, սահմանվել է, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած և հետագա ուսումնառության ընթացքում, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Նախևառաջ խնդրահարույց է, որ 2026-2027 ուսումնական տարում ընդունված ուսանողները անհասկանալիորեն չեն ընդգրկվելու այս կրթաթոշակային ծրագրում։ Բացի այդ, ԲՈՒՀ-ից ԲՈՒՀ տեղափոխվելու դեպքում ևս խնդիր է առաջանում այս կրթաթոշակային ծրագրից օգտվելու առումով, ինչպես նաև խնդրահարույց է այն, որ մասնավոր ԲՈՒՀ-երի ուսանողները չեն ընդգրկվում այս ծրագրում։

Ուսանողի կրթական ցուցանիշների բարձրացումը և առավել լավ սովորող ուսանողին խրախուսելու ընդունված մոտեցումը ողջունելի է, սակայն սոցիալական բաղադրիչի կարևորությունը ևս անհրաժեշտություն է, ուստի պետք է նկատել, որ Կառավարության 2291-Լ որոշմամբ սահմանված իմպերատիվ կարգավորումը ոչ միայն չի նպաստում, այլ կարող է բացասական հետևանքներ ունենալ սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր արցախցիների կրթական իրավունքի իրացման հարցում։ Այսպես, ըստ բանախոսներից մեկի՝ հաճախակի են դեպքերը, երբ անձը չնչին տարբերությամբ չի հաղթահարում ՄՈԳ-ի շեմը և ըստ այդմ ուսանողը հայտնվում է անհավասար պայմաններում իրենից փոքր ինչ բարձր ՄՈԳ ունեցող ուսանողի համեմատ։ Առաջարկվում է սահմանել ՄՈԳ-ի 75 տոկոսից ցածր շեմի պարագայում համապատասխանեցում տրամադրվող զեղչին։ Օրինակ, 50 տոկոս ՄՈԳ-ի դեպքում 50 տոկոսով ուսման վարձի զեղչ կիրառել։

7. Փաստ է, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունը հանդիսացել է մարտական գործողությունների գոտի, որտեղ իրականացվել են ռազմական գործողություններ՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով: Այնուամենայնիվ առ այսօր, անհասկանալիորեն, հարյուրավոր մահերի և վիրավորների, տասնյակ անհայտ կորածների պատճառ հանդիսացած հրդեհը չի ստացել իրավական գնահատական, իսկ տուժած անձինք համապատասխան կարգավիճակ։

Խնդիրն առաջարկվում է լուծել և դա կարելի է անել երկու ճանապարհով՝ առանձին Կառավարության որոշում կամ առանձին նպատակային օրենք ընդունելու միջոցով կամ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի վերաբերելի փոփոխությամբ՝ օրենքի շահառուների սուբյեկտային կազմը փոփոխելով։

Պետք է նկատել, որ առկա է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի իմաստով «մարտական գործողությունների» միջավայրը, քանզի հանրահայտ փաստ է, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքը տվյալ ժամանակահատվածում հանդիսացել է մարտական գործողությունների գոտի, որտեղ ռազմական գործողությունները ծագել են Ադրբեջանի հարձակման հետևանքով։ Ուստի անհրաժեշտ է գնահատել պատճառահետևանքային կապը մահվան և մարտական իրավիճակի միջև։ Տվյալ դեպքում մահերը վրա են հասել բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ նույն այդ մարտական գոտում և նույն ժամանակահատվածում։ Այստեղ վճռորոշ է այն, որ պայթյունը չի կարող դիտվել որպես լիովին մեկուսացված, առանձին կենցաղային կամ պատահական իրադարձություն, եթե այն տեղի է ունեցել ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում ձևավորված բարձր ռիսկային միջավայրում։ Ըստ այդմ՝ պայթյունը և դրա արդյունքում պատճառված վնասը հանդիսանում են մարտական գործողությունների հետևանք, որպիսի պայմաններում վիրավորումների և մահվան դեպքերը պետք է որակել ըստ այդ տրամաբանության։

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն.

«Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով (այսուհետ՝ մարտական գործողություններ) զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրումն է»:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն.

«1. Սույն օրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Սույն հոդվածի իմաստով՝

1) զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը.

(…)

2)

3. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում զինծառայողի՝

(…)

3) ծնողը (ծնողները).

Քննարկվող օրենքի իմաստով մարտական գործողություն է համարվում մարտական գործողություններին մասնակցելը կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելը կամ հատուկ առաջադրանք կատարելը կամ հակառակորդի նախահարձակ գործողության մասնակից լինելը, իսկ նույն օրենքի իմաստով հատկորոշված իրավիճակներում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները ենթակա են հատուցման:

Նույն օրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Իսկ զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը:

Ասվածի համատեքստում արձանագրում ենք, որ մարտական գործողությունների հետևանքով անձանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու փաստի հաստատման հարցը հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ռազմական գործողությունների անմիջական կամ ոչ անմիջական ներգործության արդյունք է:

Այս համատեքստում կարևոր է, որ քննարկվող օրենքը չի սահմանափակում պատճառահետևանքային կապը միայն անմիջական ազդեցությամբ: «Մարտական գործողությունների հետևանքով» ձևակերպումը թույլ է տալիս պնդել, որ օրենքի իմաստով հատուցման դեպք պետք է որակվեն նաև այն իրավիճակները, որտեղ կապը միջնորդավորված է, բայց օբյեկտիվորեն բխում է ռազմական իրավիճակից։

Մեկ այլ հարց է՝ շահառուներին դրամական փոխհատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հանգամանքը, քանի որ հատուցման հիմնադրամի ֆինանսական միջոցները ձևավորվում են ոչ պետական բյուջետային միջոցներից, կարելի է քննարկել նաև միջազգային դոնոր կոնֆերանսների միջոցով անհրաժեշտ միջոցների հավաքագրումը կազմակերպելու հնարավորությունը։

8․ Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու չհանդիսանալու հանգամանքը ևս լուրջ խնդիր է մեր հայրենակիցների համար։

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-10-րդ կետերի համաձայն՝ պետության կողմից ապահովագրավճար չվճարվող խմբերում ընդգրկվելու համար պարտադիր պահանջ է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են ապահովագրվել որպես վարձու աշխատողներ կամ ինքնազբաղվածներ, սակայն այդ կետը ուղղակիորեն չի տարածվում փախստականների և ապաստան հայցողների, նրանց ընտանիքի անդամների վրա։

ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշման համաձայն` Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որից հետո մինչ օրս բռնի տեղահանված անձանց մեծ մասը տարբեր պատճառներով դեռևս չի ստացել ՀՀ քաղաքացիություն։ Ուստի, 2023 թ․ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ ունեցող այն անձինք, որոնք դեռևս չեն ընդունել ՀՀ քաղաքացիություն, օրենքի ներկայիս ձևակերպումներով դուրս են մնում ապահովագրված անձանց (շահառուների) հիմնական խմբերից։

Առաջարկվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում կամ 2-րդ մասում կատարել լրացում՝ «ՀՀ քաղաքացի» եզրույթին զուգահեռ կամ առանձին կետով շահառուների ցանկում ավելացնել «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած (փախստականի կարգավիճակ ունեցող) անձանց» կամ սույն օրենքի իմաստով նրանց իրավունքներով ՀՀ քաղաքացիներին։

Եթե կառավորությունը նպատակահարմար չի գտնում օրենսդրական փոփոխությունների փաթեթով հանդես գալու, ապա առաջարկվում է հարցը լուծել ենթաօրենսդրական կարգավորմամբ։ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ չապահովագրված անձանց համար Կառավարությունը սահմանում է բժշկական օգնության նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայություններ, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի ու կարգավիճակների ցանկերը։ Կառավարությունն իր որոշմամբ կարող է փախստականի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձանց իրավունքները հավասարեցնել ՀՀ քաղաքացիների իրավունքներին։

Սույն օրենքի 38-րդ հոդվածը նախատեսում է առողջության համընդհանուր ապահովագրության պետական բյուջետային ֆինանսավորումը։ Ուստի, առաջարկվում է 38-րդ հոդվածով նախատեսված պետական բյուջետային ֆինանսավորման և բնակչության առողջության պահպանման պետական ծրագրերի շրջանակում նախատեսել նպատակային հատկացումներ։ Պետությունը կարող է ստանձնել տեղահանված անձանց ֆինանսավորումը պետական բյուջեից՝ անցումային շրջանում՝ մինչ քաղաքացիության ձեռքբերումը կամ համակարգի լիարժեք ներդրումը։

9. Արցախահայերի համար էական խնդիր է նաև վարորդական իրավունքի վերականգնումը։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2026 թվականի հունիսի 18-ին ընդունված օրենքի համաձայն՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ։ Օրենքի ընդունումից հետո Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձինք դիմել են իրավասու մարմին` վարորդական իրավունքի վկայականը առանց որակավորման քննություններ հանձնելու վերականգնելու համար, սակայն ստացել են մերժում՝ ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառաբանությամբ։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա։

«Փախստականների կարգավիճակի մասին» 1993 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է կտրականության անթույլատրելիությունը, իսկ 25-րդ հոդվածը պարտավորեցնում է ընդունող պետությանը տրամադրել վարչական օժանդակություն և տալ փաստաթղթեր այն իրավունքների համար, որոնց առնչությամբ փախստականը չի կարող դիմել իր ծագման տարածքի իշխանություններին։

Ուստի, առաջարկվում է 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ-241-Ն օրենքով սահմանված՝ առանց որակավորման քննությւան վարելու իրավունքի վերականգման հնարավորությունը տարածել նաև 2023 թվականի սեպետեմբերի 19-ին Արցախի Հանրապետությունի բռնի տեղահանված, ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած (փախստականի կարգավիճակ ունեցող) անձանց վրա։ Ըստ այդմ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում և ՀՕ-241-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված» բազռերից հետո ավելացնել հետևյալ լրացումը՝ «ինչպես նաև Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական ունեցող և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ ստացած անձանց»։

10․ Քննարկման ժամանակ բարձրաձայնված կարևոր խնդիր էր նաև Արցախից բռնի տեղահանված անձանց շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը։ Անհրաժեշտ է մշակել և իրականացնել նպատակային զբաղվածության քաղաքականություն՝ ուղղված նրանց կայուն և երկարաժամկետ զբաղվածության ապահովմանը։

Առաջարկում եմ պետական զբաղվածության ծրագրերը առավել սերտորեն կապել աշխատաշուկայի իրական պահանջարկի հետ՝ հաշվի առնելով արցախցիների մասնագիտական կրթությունը, նախկին աշխատանքային փորձը, հմտությունները և բնակության վայրի առանձնահատկությունները։ Միաժամանակ անհրաժեշտ է խթանել մասնավոր հատվածի կողմից արցախցիների աշխատանքի ընդունումը՝ կիրառելով գործատուների համար ժամանակավոր աջակցության և խրախուսման գործուն մեխանիզմներ։

Առանձին ուշադրություն պետք է դարձնել այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք ոչ միայն ապահովում են կարճաժամկետ եկամուտ, այլև հնարավորություն են տալիս արցախցիներին ձեռք բերել պահանջված մասնագիտություններ, վերապատրաստվել և հետագայում ինքնուրույն մրցունակ լինել աշխատաշուկայում։ Բացի այդ, նպատակահարմար է բնակարանային ապահովման և զբաղվածության քաղաքականությունները հնարավորության դեպքում փոխկապակցել՝ խրախուսելով այնպիսի բնակեցման և կառուցապատման ծրագրեր, որոնք զուգորդվում են տվյալ տարածքում առկա կամ ստեղծվող աշխատատեղերի հետ։ Այս մոտեցումը կարող է նպաստել ինչպես արցախցիների կայուն զբաղվածության ապահովմանը, այնպես էլ մարզերում նրանց երկարաժամկետ ինտեգրմանը։

Միաժամանակ անհրաժեշտ է պարբերաբար գնահատել իրականացվող զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը՝ հրապարակելով դրանց շրջանակում աշխատանքի անցած անձանց, աշխատանքի պահպանման, մասնագիտական վերապատրաստման և եկամուտների փոփոխության վերաբերյալ համադրելի ցուցանիշներ՝ ապահովելու համար պետական աջակցության միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը։

Այս պահին արցախցիների զբաղվածության տեսանկյունից ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության էլեկտրոնային կայքէջում ներկայացված է երկու առանձին ծրագիր՝

1․ Զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր Ղարաբաղից տեղահանված անձանց համար։

2․ Ինքնազբաղվածության ապահովման ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված անձանց համար։

Ամփոփելով, պետք է արձանագրել, որ զբաղվածության ապահովման նպատակով գործող բոլոր ծրագրերը անարդյունավետ են, քանի որ բռնի տեղահանված և էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների շրջանում առկա է շուրջ 70 տոկոս գործազրկություն (մի քանի անգամ գերազանցումը է հայաստանցիների գործազրկության ցուցանիշը), ուստի անհրաժեշտ է վերաբերելի պետական քաղաքականության փոփոխություն և ամբողջովին նոր ծրագրերի ներդրում։

11․ Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ քաղաքացիության ձեռքբերման դիմումների զանգվածային բնույթը՝ առաջարկում ենք համակարգային և միասնական իրավական լուծում։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքերը, որոնց թվում նախատեսված է քաղաքացիության խմբային ձեռքբերումը։

Նույն օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումն իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով:»։

Մեր հայրենակիցների քաղաքացիության ձեռքբերման գործընթացում յուրաքանչյուր անձի նկատմամբ անհատական ընթացակարգի կիրառումը հանգեցնում է վարչական ռեսուրսի ծանրաբեռնվածության և քաղաքացիության ձեռքբերման ժամկետների էական երկարաձգման։

Միաժամանակ առաջարկում ենք նախատեսել այնպիսի ընթացակարգ, որի պայմաններում այն անձանց վերաբերյալ, որոնց տվյալների նկատմամբ առկա են իրավական, նույնականացման կամ պետական անվտանգության հետ կապված լրացուցիչ հարցեր, կիրառել անհատական ուսումնասիրության ընթացակարգ՝ առանց ամբողջ խմբի քաղաքացիության տրամադրման գործընթացը դանդաղեցնելու։

12․ Արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, փաստագրումն ու կենսունակության ապահովումը մեր ազգային ինքնության պահպանման, պատմական հիշողության փոխանցման և մշակութային արժեքների՝ սերնդեսերունդ շարունակականության ապահովման կարևորագույն առաքելություններից են։

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված են Կառավարության լիազորությունները ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում։

Հաշվի առնելով արցախահայության բազմադարյա մշակութային ժառանգության տարբեր ճյուղերի (բարբառների, բանահյուսության, ավանդույթների, խոհանոցի, արհեստների) պատմական, ազգային և կրթամշակութային նշանակությունը, ինչպես նաև վերջին տարիներին դրա շարունակական պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման առջև ծառացած մարտահրավերները՝ անհրաժեշտ է պետական մակարդակով նախաձեռնել արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, փաստագրման և կենսունակության ապահովման աշխատանքներ։ Այս նպատակով առաջարկում ենք իրականացնել վերաբերելի քայլեր հետևյալ ուղղություններով․

1) Հանրային հեռուստաընկերությամբ և Հանրային ռադիոյով հեռարձակել արցախյան բարբառով թեմատիկ մշակութային հաղորդաշարեր, վավերագրական ֆիլմեր, կրթական տեսահոլովակներ՝ նվիրված Արցախի պատմամշակութային առանձնահատկություններին, բարբառային բազմազանությանը, ավանդական արհեստներին, խոհանոցին, ծեսերին ու ավանդույթներին։

2) Հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում ներառել արցախյան ավանդույթների, ծեսերի, ավանդական բանահյուսության, բարբառների, երգարվեստի, պարի և արհեստների վերաբերյալ ճանաչողական նյութեր։

3) Արցախյան ոչ նյութական ժառանգության «կենդանի կրողների» ներգրավմամբ կազմակերպել ցուցահանդեսներ, ժողովրդական և երաժշտական համույթներ, գիտաժողովներ, վարպետաց դասեր, գորգագործության և արհեստի մյուս ճյուղերի խմբակներ։

4) Ավարտին հասցնելով գույքագրման աշխատանքները՝ գործարկել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության առանձին ինտերակտիվ թվային հարթակ՝ արցախահայերի մասնակցությամբ տեսանյութերի, աուդիո պատմությունների, լուսանկարների ներկայացմամբ»։