կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 16:52
Հասարակություն

Վարորդական վկայականներ՝ կաշառքով. նման եղանակով ստացված վկայականներ ճանաչվում են անվավեր. դատախազություն

Վարորդական վկայականներ՝ կաշառքով. նման եղանակով ստացված վկայականներ ճանաչվում են անվավեր. դատախազություն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՀՔԾ-ում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, իր մտերիմ՝ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ և օժանդակությամբ, սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու, 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար վեց անձից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննությունների ընդունումը, ինչի արդյունքում նրանց տրվել են վարորդական վկայականներ. այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2020թ. սեպտեմբերին որոշում է կայացվել գործից մեղադրյալներ Ա. Գ.-ի և կաշառք տվողներից մեկի մասն առանձնացնելու և մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից այն Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին, որով դատական քննությունը շարունակվում է:

Քրեական գործով վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված ևս 6 անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձին օժանդակած Ս. Գ.-ին նույնպես առաջադրվել են մեղադրանքներ, որոշում է կայացվել նրանց մասով քրեական գործն անջատելու և 2020թ. սեպտեմբերի 2-ին մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու վերաբերյալ:

2021թ. մայիսի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով, ի թիվս այլոց, վերջիններս մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարաքների կատարման մեջ և նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տարբեր չափերի տուգանք:

Հիշյալ դատավճռով դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին կաշառք տալու արդյունքում, առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքների և գործնական հմտությունների պատշաճ ստուգման հիշյալ անձինք ստացել են «B», «C» կարգի վարորդական իրավունքի վկայականներ, իսկ մեկ անձի պարագայում տեսական քննությունը գնահատվել է դրական և վերջինիս հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու գործնական քննությանը:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության պետին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկման առարկա դարձնել այդ անձանց վարելու իրավունքը դադարեցնելու հարցը:

Արդյունքում, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով այդ անձանց վարորդական իրավունքի վկայականները, իսկ մեկ անձի դեպքում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու տեսական քննության արդյունքներով կազմված արձանագրությունը ճանաչվել է անվավեր:

Նման մոտեցում դրսևորվելու է նաև հետագայում: