կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-29 15:51
Իրավական

Եվս մեկ քրեական գործ`արդեն երկրորդ անգամ կաշառքով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու փաստով

Եվս մեկ քրեական գործ`արդեն երկրորդ անգամ կաշառքով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու փաստով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ և 313-րդ հոդվածների 1-ին մասերով:   

Այսպես, Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է Աբովյանի տեխնիկական դպրոցի գործնական վարման վարպետ Ա. Գ.-ին, ով առաջարկել է իր միջոցով ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Ս. Ա.-ն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Ս. Ա.-ն 08.02.2018թ.-ին կաշառքի գումարը տվել է գործնական վարման վարպետ Ա. Գ.-ին, ով հավաստիացրել է, որ այն փոխանցելու է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց, իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար օրենքով նախատեսված քննությունները կրելու են ձևական բնույթ:

Այնուհետև Ս. Ա.-ն մասնակցել է ոստիկանության վերը նշված բաժանմունքում անցկացվող տեսական և գործնական քննություններին, որոնց ընթացքում թեպետ ճիշտ չի պատասխանել հարցաշարում ընդգրկված հարցերին, իսկ գործնական վարման առաջադրանքներն էլ սխալ է կատարել, այդուհանդերձ, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ոստիկանների կողմից գնահատվել է դրական: Արդյունքում` վարորդական հմտություններին չտիրապետող Ս. Ա.-ն ստացել է «B» կարգի վարորդական իրավունքի վկայական:

Կատարվում է նախաքննություն: