կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 12:54
Քաղաքական

40,5 %-ով մասնակցության և 37 %-ով ՔՊ-ի վարկանիշի անկում Իջևանում՝ ընդամենը 5 ամսում

40,5 %-ով մասնակցության և 37 %-ով ՔՊ-ի վարկանիշի անկում Իջևանում՝ ընդամենը 5 ամսում

ԿԸՀ-ի տվյալներով՝ Տավուշի մարզի Իջևան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի օգտին քվեարկել է 10.003, ՀՅԴ-ի օգտին՝ 1965 քաղաքացի: Իջևանում 33.094 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12.385 մարդ:

Ստացվում է՝ 33.090 ընտրողից ՔՊ-ի օգտին քվեարկել է 10.005-ը, որը կազմում է 30,2 %:

Փաստենք, որ հունիսին 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող ՔՊ-ն ստացել էր 15.884 քվե (մասնակցության թիվը 20.812 էր):

Ստացվում է՝ ընդամենը մի քանի ամսում Իջևանում կտրուկ նվազել է և՛ ընտրությունների մասնակիցների, և՛ ՔՊ-ի օգտին քվեարկողների թիվը: Այսպես՝ մասնակիցների թիվը նվազել է 8.427-ով կամ 40,5 %-ով, իսկ ՔՊ-ի օգտին քվեարկողների թիվը նվազել է 5879-ով կամ ավելի քան 37 %-ով:

Եվ այս պատկերն է արձանագրվել անգամ այն դեպքում, երբ իջևանցի վարչապետը,  նրա քավոր մարզպետը, ոստիկանապետն ու ՔՊ-ական պատգամավորներն իրենց վարչահրամայական ռեժիմի ողջ ներուժն ուղղորդել էին Իջևան, ՔՊ ցուցակում ներգրավել 16 գործող գյուղապետների (որոնցից 14-ը, ըստ իջևանցիների, նախկին ՀՀԿ-ական գյուղապետներ են), ՔՊ-ի օգտին ձայներ էին հայթայթում դպրոցների տնօրեններ, պետական այլևայլ հաստատությունների ղեկավարներ և այլն։

Նման պայմաններում, ինչպես տեսնում ենք, բացի ՀՅԴ-ից, իրապես ընդդիմադիր այլ ուժերից որևէ մեկը չէր ցանկացել մասնակցություն ունենալ Իջևանի ավագանու ընտրություններին։ Վստահ լինելով վարչական և այլ մեթոդների «ուժի զորությանը»՝ Փաշինյանն ընտրական գործընթացների մեջ չէր ներգրավել անգամ իր պրոյեկտ-կուսակցություններից և դաշինքներից որևէ մեկին (օրինակ՝ Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետությունը», Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը և այլ նիկոլական պրոյեկտ-կուսակցություններ ու մանր դաշինքներ): Այսպիսով՝ ՀՅԴ-ի՝ Իջանում ստացած քվեների 1965 թիվը լուրջ ցուցանիշ է:

Ամփոփելով՝ նշենք, որ Իջևանի ավագանիում ներկայացված կլինի երկու քաղաքական ուժ՝ ՔՊ-ն և ՀՅԴ-ն։

 

Վահե Սարգսյան