Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզարշավը չի լինելու գաղափարական, մարդիկ ընտրելու են անձի, ոչ թե ծրագրերը, ինչպես նախկինում է եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
««Իմ քայլը» դաշինքի քարոզարշավն անցկացնելու է մեկ մարդ, դա արդեն պարզ է, մնացածը մեծ դերակատարում չեն ունենալու: Մնացած ուժերը, որոնք ինչ-որ կերպ շանս ունեն մտնելու խորհդրարան, նույնպես հույսը դնում են անձերի վրա, բացի Դաշնակցությունից և ՀՀԿ-ից: ՔՊ-ի բախտը բերել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, քանի որ սա հնարավորություն է տալիս նախընտրական կամպանիան կառուցելու ՀՀԿ-ի շուրջ: Եթե դա արվեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ը չէր մասնակցում, հիմա առավել ևս այդպես է լինելու: Կոնկրետ ինձ համար արդյունքները պարզ են: Ուժերից մեկը կհավաքի ձայների կեսից ավելին, լուրջ ընդդիմություն չի լինի»,- ասաց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի վարկանիշի անկումն արդեն սկսված է, սակայն մինչև դեկտեմբեր այն աստիճանի չի հասնի, որ խոչընդոտի իշխանության գալուն:
Իսկանդարյանը վստահեցնում է, որ ամենահետաքրքիր զարգացումները սպասվում են հունվարին: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ճգնաժամային մենեջմենթ է: Չկան ծրագրեր, լուրջ գաղափարական բլոկներ, հռետորաբանությունը խառն է: Սա պետք է ընտրություններից հետո դադարի, պետք է սկսեն ինչ-որ բան անել։ Բարձր ժողովրդականությունը քաղաքականության մեջ չափազանց լավ բան է, եթե ինչ-որ բանի է ծառայում, եթե գործիք է: Կես տարի է անցել, իսկ մենք նման բան չենք տեսնում։ Բարձր ժողովրդականությունն առայժմ ծառայում է միայն բարձր ժողովրդականությանը։ Ներկայիս իշխանությունները լողում են շատ բարձր լեգիտիմության մեջ, օգտվում դրանից, բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ այն ինչ-որ պահի կարող է անկում ապրել: Այո, այսօր միակ քաղաքական գործիքը լեգիտիմությունն է, բայց ի՞նչ են անելու, եթե այն չլինի, ի՞նչն է նրանց միավորելու: Մենք գիտենք, թե ինչն էր միավորում ՀՀԿ-ականներին՝ ֆինանսակազմակերպական մեխանիզմները, որոնք բավականին կոնսոլիդացված գործում էին, բայց երբ այն վերացավ, տեսանք, թե ինչպես ամեն ինչ փլվեց: Ի՞նչն է միավորելու Փաշինյանի խմբին: Նրանք ասում են, որ ֆինանսական մեխանիզմներ չեն լինելու: Այդ դեպքում ինչպիսի՞ մեխանիզմ է գործելու՝ գաղափարակա՞ն, բայց ո՞ւր է այնտեղ գաղափար: Կոռուպցիայի դեմ պայքարը գաղափար չէ»,- նշեց քաղաքագետը: