կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-28 20:11
Քաղաքական

Արդյունքներ ապահովող քաղաքական ուժի վարկանիշի վրա ոչինչ ազդել չի կարող. Սուրեն Պարսյան

Արդյունքներ ապահովող քաղաքական ուժի վարկանիշի վրա ոչինչ ազդել չի կարող. Սուրեն Պարսյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի` առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ,ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Սուրեն Պարսյանը  ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է երրորդ ընտրատարածքում (Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա):

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՀՅԴ երրորդ ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուները (13 հոգի) ՀՅԴ անդամ և անկուսակցականներ են, տարբեր տարիքային խմբերի են պատկանում, տարբեր մասնագիտություններ ունեն և միասին փորձում են լրացնել քարոզչական պրոցեսը:

«Միասնական թիմով ենք հանդես գալիս, միասնական ենք աշխատելու: Մեր շտաբները, որ ձևավորվելու են ամսի հինգից հետո, լինելու են միասնական շտաբներ, այսինքն` մի թեկնածուն կարող է օգտվել մյուսի շտաբից»,- բացատրեց Պարսյանը:  

Իսկ թե ինչպե՞ս են գրավելու ընտրողին, նա ասաց, որ փորձում են քաղաքական պրոցեսների շուրջ համախմբել իրենց շրջապատը, համակիրներին,  ընկերներին, ինչը, բնականաբար, շատ դժվար է լինելու, քանի որ մեծ քանակությամբ ֆինանսական և վարչական ռեսուրսներ են աշխատում: «Այս ամենին պետք է մենք դիմագրավենք մեր կամքով, մասնագիտական գիտելիքներով, պայքարի ուժով, կենսակերպով, այսինքն` մենք միայն մարդկային հատկանիշների վրա ենք շեշտը դնելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Ժամանակ առ ժամանակ տեղեկություն ենք ստանում, որ նույն կուսակցության  ռեյտինգային թեկնածուների միջև շատ խիստ մրցակցություն է տեղի ունենում, նույնիսկ` ֆինանսական տեսանկյունից, ինչը, բնականաբար, մեզ զարմացնում է: Նման մթնոլորտում աշխատելը փոխանցվում է նաև ամբողջ շրջանին: Այդ դեպքերը ոչ միայն նրանց շտաբում է քաոս առաջացնում, այլև ամբողջ շրջանն է դրանից տուժում»:

Հարցին` ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է կազմում, չունի՞ վարչական լծակներից օգտվելու հնարավորություն, Պարսյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագիր ստորագրելուց հետո ստանձնել է 3 նախարարություն և 2 մարզպետարան, դա հնարավորություն չի տալիս մեզ օգտվելու այդ լծակներից,  բացի այդ` ինքներս էլ շահագրգռված չենք վարչական լծակների միջոցով ձայներ կենտրոնացել, մենք երբեք այդպիսի բան չենք արել ու չենք անելու: Փորձը ցույց է տվել, որ վարչական լծակի կիրառումը կարող է նաև հակառակ էֆեկտն ունենալ, ճնշումներին հակադրվելով` մարդիկ գնան և ընտրեն իրենց խղճով և մտքով: ՀՅԴ –ն քարոզչության  ընթացքում փորձելու է  իրականացնել փափուկ քաղաքականություն, մարդկանց ներկայացնելու է իր գաղափարները և զերծ է մնալու որևէ վարչական լծակի օգտագործումից»:

«Կոլաիցիոն հուշագրի ստորագրումից հետո ՀՅԴ վարկանիշն ընկե՞լ է, թե՞ ոչ» հարցին էլ Պարսյանն արձագանքեց. «Կոալիցիային միանալը կամ կոալիցիոն հոշագիր ստորագրելը չի կարող ազդել քաղաքական ուժի վրա, եթե քաղաքական ուժը արդյունքներ է ապահովում: Մեր երեք նախարարներն իրենց գործունեության ընթացքում փաստել են, որ ապահովում են որոշակի արդյունքներ, արդյունավետ են գործում, այդ մասին խոսում են բոլորը` կրթական համակարգում, բնապահպանության համակարգում, տարածքային կառավարման ոլորտում, այսինքն` մեր նախարարներն արդյունավետ են, և նրանց արդյունավետությունը կօգնի, որ մենք ձայներ շահենք»:

Անդրադառնալով իրենց կարգախոսին` մեր զրուցակիցը նշեց, որ  ՀՅԴ-ն հավատում և հայտարարում է Հայաստանի նոր հաղթանակների տեսլականի մասին, որոնք կլինեն մարտի դաշտում, քաղաքականության և տնտեսության բնագավառներում։ Իսկ ցանկացած հաղթանակ կամ ձեռք բերում, ըստ նրա, պետք է արդարացի բաշխվի հասարակության բոլոր անդամների միջև: