|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ուկրաինայում, ադրբեջանական «Վերլուծական տեղեկատվական հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Կրիվոյ Ռոգ քաղաքում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի» կապակցությամբ գովազդային վահանակ է տեղադրվել՝ «Նոյեմբերի 8՝ Ադրբեջանի փառապանծ հաղթանակի օր», «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսներով, ինչպես նաև այսպես կոչված «երկաթե բռունցքի» և Շուշիում աճող ծաղկի պատկերներով։
Մյուս վահանակում, որը տեղադրվել է մայրաքաղաք Կիևում, պատկերված է Ուկրաինան` Դոնբասով և Ղրիմով, և Ադրբեջանը` Արցախով: Արցախի 75 տոկոսի օկուպացիային նվիրված վահանակի վրա գրված է «Դոնբասն ու Ղրիմը Ուկրաինա են» և «Ղարաբաղը Ադրբեջան է»: Ուշագրավ է, որ Ուկրաինայում Դոնբասի և Ղրիմի խնդիրը ասոցացնում են Արցախյան խնդրի հետ. պատմական տեսանկյունից ո՛չ Ղրիմը, ո՛չ էլ Արցախը չեն պատկանել, համապատասխանաբար ,Ուկրաինային և Ադրբեջանին. երկու տարածքներն էլ Ուկրաինային և Ադրբեջանին են անցել ԽՍՀՄ սխալ որոշումների արդյունքում: Իսկ ինչ վերաբերում է ռուսաբնակ Դոնբասին, որտեղ ռազմական գործողություններ էին ծավալվել, այն հանրաքվեի արդյունքում անկախացել էր: Սակայն այստեղ պետք է նշել, որ, ի տարբերություն Արցախի, որն անկախացել էր ԽՍՀՄ-ից և ոչ Ադրբեջանից, Դոնբասն առանձնացել է անկախ Ուկրաինայից:
Գովազդային վահանակը փակցվել է 15 օրով` նոյեմբերի 1-ից 15-ը։
Նման իրավիճակում հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն որևէ բողոքի նոտա հղել է Ուկրաինային, կամ արդյո՞ք Ուկրաինայի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ` պարզաբանումներ տալու: Եվ վերջապես գլխավոր հարցը՝ արդյո՞ք կա պետություն, որը կարող է նման կերպ արձագանքել և հետամուտ լինել նման միջադեպերի կանխմանը:
Դատելով ՀՀ ԱԳՆ-ի անողնաշար գործելաոճից, երբ չեն արձագանքում Ադրբեջանից և Թուրքիայից եկող հակահայկական հայտարարություններին և մեղադրանքներին, ՀՀ «դաշնակիցների» և այլ պետությունների՝ Ադրբեջանի «հաղթանակը» շնորհավորելուն կամ արձագանքում են ուշացած, օրինակ՝ թշնամուն հանձնված Շուշի քաղաք մի շարք երկրների դեսպանների այցելության ժամանակ, կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ն դարձել է արարողակարգային գերատեսչություն, որը զբաղվում է ֆորմալ հարցերով: