կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 09:39
Տարածաշրջան

Թեհրանը բացատրություն է պահանջում Փարիզից. Իրանի ԱԳՆ է կանչվել Իրանում Ֆրանսիայի դեսպանը

Թեհրանը բացատրություն է պահանջում Փարիզից. Իրանի ԱԳՆ է կանչվել Իրանում Ֆրանսիայի դեսպանը

Իրանի ԱԳՆ է կանչվել Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբոն: Նրանից բացատրություն է պահանջվել ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թվիթերյան վերջին գրառումների առնչությամբ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Դեսպան Թիբոյին ընդունել է Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործման հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Սեյեդ Հոսեյն Սադաթ Մեյդանին, որը հստակ նշել է, որ պաշտոնական Թեհրանը չի հանդուրժում ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի` Իրանի՝ ուրանի հարստացման իրավունքի մասին մեկնաբանությունները:

Սադաթ Մեյդանին հստակեցրել է, որ եթե Ֆրանսիայի կառավարությունը հաստատի, որ դեսպան Արոյի մեկնաբանությունները համընկնում են պաշտոնական Փարիզի դիրքորոշումներին, ապա դա լրջորեն կվտանգի Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Դեսպան Թիբոն իր հերթին նշել է, որ Վաշինգտոնի իր գործընկերոջ թվիթերյան հրապարակման մասին տեղեկություններ չունի: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Միջուկային գործարքի լիարժեք կատարմանը:

Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել էր. «Սխալ է ասել, որ Միջուկային գործարքի ժամկետի լրանալուց հետո Իրանին կթույլատրվի ուրանը հարստացնել: Համաձայն միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի՝ Թեհրանը պետք է ապացուցի, որ իր միջուկային գործունեությունը խաղաղասիրական բնույթ է կրում: Մենք նշել ենք 2002 թվականին, որ ուրանի հարստացումն, առանց հուսալի քաղաքացիական ծրագրի, կլինի անօրինական՝ ըստ միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի. մենք նույն կերպ կարձագանքենք նաեւ 2025 թվականին, եթե դա լինի անհրաժեշտ: Այն օրերին պատժամիջոցներ էին կիրառվել: Դրանք կարող են նաեւ վերականգնվել»: