կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 16:03
Տարածաշրջան

Էրդողանը Սիրիայում ռազմական գործողությունները համարում է հանրային աջակցության ավելացում

Էրդողանը Սիրիայում ռազմական գործողությունները համարում է հանրային աջակցության ավելացում

Թուրքիայի կառավարությունը դիտարկում է Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը այն բանից հետո, երբ ընտրություններից առաջ հանրության աջակցությունը նվազեց. հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը։

Հիշեցնենք, որ Յաքըշը Թուրքիայում հայտնի քաղաքական գործիչ է. եղել է Թուրքիայի Հանրապետության դեսպան Սիրիայում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում։ 2002-2003 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Թոշակի անցնելուց հետո  դարձել է այժմ իշխող թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հիմնադիրներից մեկը։ Նա երկու անգամ վերընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր։

«Ռազմական ներխուժումները, որքան էլ որ սխալ լինեն, կձգտեն 2023 թվականին նախատեսված ընտրություններից առաջ բարձրացնել կառավարության աջակցությունը ավելի ազգայնական ընտրողների շրջանում: Կառավարությունները երբեմն որոշումներ են կայացնում, որոնք կարող են նպաստել նրանց քաղաքական գոյատևմանը, բայց հակասում են իրենց ժողովրդի ազգային շահերին»,- գրում է Յաքըշը Arab News-ի հոդվածում:

Նա հիշեցնում է, որ 2016 թվականից ի վեր Թուրքիան երեք անդրսահմանային գործողություններ է իրականացրել Սիրիայում։ Թուրքիան և նրա աջակցությունը վայելող սիրիական խմբավորումները վերահսկում են երկու երկրների ընդհանուր սահմանի մոտակայքի երեք տարբեր տարածքներ՝ Աֆրին, Իդլիբ և Ռաս ալ Այն:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին, Թուրքիայի խորհրդարանն ընդունել էր Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու զինվորականների մանդատը ևս երկու տարով երկարաձգելու առաջարկը։ 

Ըստ Յաքըշի՝ Թուրքիան այժմ աչք է դրել ևս երեք տարածքների վրա՝ Մանբիջը և Թել Ռիֆաթը Հալեպի նահանգում, ինչպես նաև Եփրատից արևելք գտնվող այլ հողեր:

Հավելենք, որ Թուրքիան դիտարկում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (YPG) որպես արգելված Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)  ճյուղ, որը զինված խմբավորում է և մի քանի տասնամյակ պայքարում է Թուրքիայի դեմ։