Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին՝ Լորդերի պալատում, ապա կդառնա օրենք, եւ կառավարության համար իրավական պարտադիր ուժ կունենա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի ստորին՝ Համայնքների պալատում այսօր Հայոց ցեղասպանության մասին օրինագծի՝ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվելուն:
Օրինագիծը ներկայացրել է Համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Թիմ Լաֆթոնը, որը նաեւ Միացյալ Թագավորություն-Հայաստան միջխորհրդարանական խմբի նախագահն է: Օրինագիծը պահանջում է Միացյալ Թագավորության կառավարությունից պաշտոնապես ճանաչել 1915-1923թթ. կատարված Հայոց ցեղասպանությունն ու զոհերի հիշատակը հարգելու ամենամյա կարգ սահմանել, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթությունն և հանրային տեղեկացվածությունը խթանել:
«Երկրորդ ընթերցմամբ էլ գործընթացը չի ավարտվի, բայց եթե այդ փուլում մերժվի, առաջ գնալու հարցում խնդիրներ կլինեն: Սա ոչ թե սովորական բանաձեւ է, այլ օրինագիծ, բայց տարբեր կուսակցությունները ներկայացնող անհատ պատգամավորների կողմից է ներկայացվել, եւ, ըստ կարգի, պատգամավորն իր օրինագիծը ներկայացնելու համար 10 րոպե ժամանակ ունի, բայց եթե առարկություններ լինեն, դրանք կարող են հնչեցվել, իսկ այսօր առարկություններ չեն եղել, եւ այն միաձայն է ընդունվել առաջին ընթերցմամբ: Հաջորդ ընթերցումը եկող տարվա մարտին է կայանալու: Հիմա օրինագիծը խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատում է քննարկվել, եւ եթե ընդունվի նաեւ երկրորդ ընթերցմամբ, ապա այն քննարկման կդրվի արդեն վերին՝ Լորդերի պալատում, իսկ այդտեղ եւս ընդունվելու դեպքում կդառնա օրենք, որն էլ արդեն կպարտադրի գործադիր իշխանությանը գործադրել այն»,- նշեց Մանոյանը:
Հարցին՝ արդյո՞ք կան քաղաքական բավարար հիմքեր՝ կանխատեսելու, որ օրինագիծը կընդունվի ամբողջությամբ եւ օրենքի կվերածվի, Մանոյանը նկատեց՝ դժվար է հստակ կանխատեսել, բայց ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նույն նպատակներն ունեցող բանաձեւ է ներկայացվել Իսրայելի օրենսդիր մարմնում:
«Քնեսսեթում արդեն ոչ թե օրինագիծ է ներկայացվել, այլ բանաձեւ: Այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, կարծում եմ, բարենպաստ է, եւ թե՛ Միացյալ Թագավորությունը, թե՛ Իսրայելը կարող են որոշել, որ չարժի այս հարցում այդքան հետ մնալ՝ Թուրքիայի հետ այդ իմաստով հավասար շարժվելը բավական վատ է երկու երկրների համար, որովհետեւ այն դեմ է նրանց արժեքային համակարգին եւ ցեղասպանություններին առհասարակ: Իսրայելը ինքը տուժել է ցեղասպանությունից, եւ Հայոց ցեղասպանության ժամանակ Անգլիայի դերակատարության մասին ժամանակին բարձրաձայնվել է: Հավանաբար, կարող են որոշել փոխել իրենց մոտեցումն այս իմաստով, բայց չի բացառվում նաեւ, որ երկու երկրներում էլ որոշեն սա որպես լծակ գործադրել Թուրքիայի նկատմամբ ինչ-որ բան ձեռք բերելու համար, հետո էլ ամեն ինչ անեն, որ այս օրինագծի եւ բանաձեւի ընդունումը տապալվի: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում նման օրինագիծ հաճախ չէ, որ ներկայացվել է նախկինում, ի տարբերություն Քնեսսեթում ներկայացված բանաձեւերի, բայց ԱՄՆ նախագահի կողմից պաշտոնական ճանաչումը միջազգային ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծել հիմա ճանաչման համար, բայց իրենք կորոշեն՝ ինչ անել: Այստեղ կապ ունի նաեւ, թե ինչ աշխատանք կտարվի ընթացքում: Հայ Դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբ այս գործընթացում հիմնական դերակատարներից է՝ հանձնախմբի ատենապետը եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը ներկա են եղել առաջին ընթերցմանը, հեղինակն էլ երկուսի ներկայությանն էլ անդրադարձել է: Կարեւոր է, թե ինչ քայլեր կձեռնարկվեն տեղի հայ համայնքի եւ Հայաստան պետության կողմից, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց արձանագրվի»,- նկատեց Մանոյանը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումն ու առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվելը հետաքրքրական փաստ է, քանի որ պատմականորեն այս երկիրն առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ, իսկ թուրք-բրիտանական հարաբերություններում առերեւույթ խնդիրներ գոնե հրապարակային մակարդակում նկատելի չեն: Հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված նման զարգացումը, Մանոյանը նկատեց՝ չի կարծում, թե օրինագծի ներկայացումն ու առաջին ընթերցմամբ ընդունումը որեւէ կապ ունի Մեծ Բրիտանիայի գործադիր իշխանության հետ:
«Բնականաբար, տեղյակ են, պարզ է, որ ասելիք կունենան, բայց սա իրենց տեսակետը դեռ չի արտահայտում: Բացի Ձեր նշած գործոններից, կան նույնիսկ որոշ տվյալներ, որ պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ում Անվտանգության խորհրդի նախագահի անունից հրապարակվելիք հայտարարության տապալման մեջ կարեւոր դեր է խաղացել Մեծ Բրիտանիան: Բայց այս ամենը կարող է նաեւ քաղաքական հաշվարկի իմաստով կատարվել, որպեսզի չթվա, թե իրենք Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից կարող են որպես մանրադրամ օգտագործվել, ասեն՝ տեսեք՝ մենք նաեւ այս ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում, սա էլ է հավանական: Ես չեմ կարծում, որ միջազգային հարաբերություններում, մանավանդ՝ Միացյալ Թագավորության նման պետությունների դեպքում սեւ-սպիտակ է ամեն ինչ՝ կա՛մ միայն այս կողմից են, կա՛մ՝ միայն այն. իրականում, կարող են լինել մեկ մի կողմից հետ, ինչ-որ չափով ցույց տալ, որ նաեւ մյուսի հետ են: Անկախ այս ամեն ինչից, սա կարեւոր քայլ է, որ առայժմ առանց որեւէ առարկության օրակարգ է մտել: Խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայի գործադիր իշխանությունն այժմ բավական անհարմար դրության մեջ է, որովհետեւ վերջին տարիներին ինչ-որ պատրվակներ են ներկայացնում այն մասին, թե ինչու չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ ասելով, թե Ցեղասպանության մասին 1948թ. կոնվենցիան չունի հետադարձ ուժ, բայց նույն տրամաբանությամբ, ուրեմն, հրեաների Հոլոքոստը պետք է ցեղասպանություն կոչվի, մինչդեռ իրենք ունեն հոլոքոստներն ու ցեղասպանությունները ոգեկոչելու օր, իսկ դրանց թվում Հայոց ցեղասպանությունը չկա: Վերջին շաբաթներին, ինչպես այս օրինագծի հեղինակն իր այսօրվա խոսքում անդրադարձավ, ույղուրների նկատմամբ Չինաստանի կատարածը Մեծ Բրիտանիան ճանաչել է որպես ցեղասպանություն: Հետեւաբար, բավական անհարմար վիճակում են, իսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գնալով մեկուսացնում է այն պետություններին, որոնք Թուրքիային պարզապես չնեղելու համար չեն ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը: Չեմ կարծում, որ Մեծ Բրիտանիան իր ողջ վերաբերմունքը Հայաստանի, հայության եւ մեր տարածաշրջանի նկատմամբ կփոխի, եթե կողմ լինեն, որ այս օրինագիծը օրենք դառնա»,- նկատեց Մանոյանը: