կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-22 20:19
Հասարակություն

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանության բանաձեւի ներկայացումը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանության բանաձեւի ներկայացումը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հուլիսի 22-ի լիագումար նիստում ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը: Նա կրծքին կրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդաշնող անմոռուկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարել Հայ դատի Բելգիայի հանձնախումբը՝ Թվիթերի իր միկրոբլոգում:

Լիագումար նիստը սկսվել է Բելգիայի ժամանակով 14:15-ին, և Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն օրակարգում ութերորդ հարցն է: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:

Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին:  Ավելի ուշ՝  հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի)մակարդակով: