Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանի ելույթի թեզերը, որոնք նա ներկայացրել է նշված հանձնաժողովի՝ իր նախագահությամբ տեղի ունեցած նիստում։
Ա․ Ընդհանուր ցուցանիշներ
1․ ՀՀ 2022թ․ պետական բյուջեի նախագծով նախատեսված է՝
- ընդհանուր եկամուտները՝ 1,946 տրիլիոն դրամ, 2021թ․ համեմատ 28,9 տոկոսով աճ,
- ծախսերը՝ 2,189 տրիլոն դրամ, 2021թ․ համեմատ 18,3 տոկոսով աճ,
- դեֆիցիտը՝ 243 մլրդ դրամ, 2021թ․ համեմատ 28,8 տոկոսով նվազում։
2․ ՀՀ 2022թ․ պետական բյուջեի նախագծով գնաճի միջին ցուցանիշը (ՍԳԻ) 2021թ․ համար կանխատեսվում է 7 տոկոս, իսկ 2022թ․ համար թիրախավորված է 5,2-5,6 տոկոս։ Փաստորեն, երկու տարիները միասին ՍԳԻ-ն կանխատեսվում է միջինը 12,5 տոկոս։
Բ․ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտ
3․ Սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված է 580 միլիարդ դրամի ծախս (ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը)։ 2022թ․ պետական բյուջեի նախագծով ոլորտի ծրագրերին հատկացվող ծախսերի աճի և նվազման արդյունքում՝ 2021թ․ համեմատ ընդհանուր զուտ աճը կազմում է շուրջ 15 տոկոս կամ 76,2 մլրդ դրամ, իսկ սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսերի զուտ աճը՝ շուրջ 38 մլրդ դրամ կամ 7,5 տոկոս։
Ոլորտին հատկացվող ծախսերի հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2022թ․ նվազելու է 0,5 տոկոսային կետով՝ դառնալով 7,4 տոկոս, իսկ տեսակարար կշիռը բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում նվազելու է 0,7 տոկոսային կետով՝ դառնալով 26,6 տոկոս։
4․ Նվազագույն ամսական աշխատավարձի չափը մնալու է 68000 դրամ՝ առանց եկամտահարկի և պարտադիր սոց․ վճարների։ Չի բարձրանալու նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափը՝ 66140 դրամ, ներառյալ եկամտային հարկը և պարտադիր սոց․ վճարները։
Ստորև ամփոփ գնահատված են ոլորտի ծախսային ծրագրային ուղղությունների 2022թ․ փոփոխությունները (աճ/նվազում)՝ 2021թ․ համեմատ։
5․ Ոլորտի ծրագրային որոշ հիմնական ուղղությունների գծով նախատեսված է պետական ծախսերի նվազում՝ ընդհանուր 13,5 միլիարդ դրամով, մասնավորապես․
1) պարգևավճարներ և պատվովճարներ առանձին կատեգորիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքներին (11 մլրդ դրամ), նվազում՝ -272 մլն դրամ, շահառուների թիվը՝ -1000,
2) անապահով սոցիալական խմբերին աջակցություն (անապահովության նպաստ՝ 30,9 մլրդ դրամ), նվազում՝ -6,3 մլրդ դրամ։ Նպաստի միջին ամսական չափը նույնն է՝ 31350 դրամ,
3) սոցիալական փաթեթների ապահովում պետական աշխատողներին (9,95 մլրդ դրամ), նվազում՝ -670 մլն դրամ, շահառուների թիվը՝ -17000,
4) խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց (2,98 մլրդ դրամ), նվազում՝ -129 մլն դրամ,
5) աշխատավայրում դժբաժտ դեպքերի և մասնագիտական հիվանդության հետևանքով վնասի հատուցում (68,5 մլն դրամ, 278 շահառու), նվազում՝ -8 մլն դրամ, շահառուների թիվը՝ -31,
6) զբաղվածության աջակցություն (1,56 մլրդ դրամ), նվազում՝ -534 մլն դրամ, ծրագրերի թիվ՝ -3,
7) բնակարանային ապահովում (780 մլն դրամ), նվազում՝ -780 մլն դրամ,
8) ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն (3,32 մլրդ դրամ), նվազում՝ -379 մլն դրամ,
9) կենսաթոշակային ապահովություն (384,5 մլրդ դրամ), աճ՝ +31,8 մլրդ դրամ։ Սակայն աճել է նաև պարտադիր կուտակայինին պետության հատկացումը՝ +36,2 մլրդ դրամով, որի հետևանքով ընթացիկ կենսաթոշակային ապահովման ծախսերը (առանց պարտադիր կուտակային հատկացումների) նվազել են 4,4 մլրդ դրամով։ Կենսաթոշակների և նպաստների չափերի նախատեսվող փոփոխություններ են՝
- հիմնական կենսաթոշակի չափը 18000 դրամ, չի բարձրանում,
- աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը` մինչև 10 տարվա համար` 950 դրամ, 10 տարուց ավելի` 500 դրամ, չի բարձրանում,
- զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ, չի բարձրանում,
- պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերի աճերը՝ 1-ին խումբ՝ 43000 դրամ (+3000 դրամ), 2-րդ խումբ՝ 33000 դրամ (+3000 դրամ), 3-րդ խումբ՝ 30000 դրամ (+3000 դրամ),
- պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (աճը՝ 3000 դրամ),
- պետական պաշտոն զբաղեցրած անձանց հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ, ստաժի մեկ տարվա արժեքը՝ 5000 դրամ, չի բարձրանում,
- նվազագույն կենսաթոշակի չափը՝ 28600 դրամ (աճը՝ 2100 դրամ, որը վերաբերում է աշխատանքային կենսաթոշակառուների 2,5 տոկոսին),
- ծերության, հաշմանդամության, կերակրողը կորցնելու դեպքում նպաստներ՝ 28600 դրամ (աճը՝ 2100 դրամ),
- հաշմանդամ երեխաների նպաստ՝ 37000 դրամ (աճը՝ 10500 դրամ),
- երկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում կերակրողը կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 90000 դրամ չի բարձրանում:
6․ Փաստորեն․ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից նախատեսվում է բարձրացնել ընդամենը 100000-ի կամ 17 տոկոսի նպաստների ու կենսաթոշակների չափերը՝ 2-3 հազար դրամով։
7․ Ոլորտում ծախսային շուրջ 38,5 միլիարդ դրամի աճ ապահովված ծրագրերը չունեն սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն, մասնավորապես․
1) պարտադիր կուտակային հատկացումներ (106,2 մլրդ դրամ), աճը՝ 36,2 մլրդ դրամ,
2) կառավարման ապարատի պահպանման ծախսեր (7,17 մլրդ դրամ), աճը՝ 1,55 մլրդ դրամ,
3) ՀԲ վարկային ծրագրով սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխում (3,1 մլրդ դրամ), աճը՝ 0,8 մլրդ դրամ։
8․ Սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսային հետևյալ ուղղությունների համար նախատեսված է շուրջ 51,5 մլրդ դրամի աճ, մասնավորապես․
1) Սոցիալական ապահովություն (70,52 մլրդ դրամ), աճը՝ 39,7 մլրդ դրամ, որից 34,7 մլրդ դրամը, որպես նոր ծրագիր, ուղղվելու է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը 44-օրյա պատերազմի հետևանքով պատճառված վնասների հատուցմանը։
2) Ժողովրդագրական վիճակի բարելավում (31,4 մլրդ դրամ), աճը՝ +6,2 մլրդ դրամ, որից՝
- 700 մլն դրամով կբարձրացվի երեխայի խնամքի նպաստի չափը՝ 26500-ից մինչև 28600 դրամ,
- 700 մլն դրամով կավելանա բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովությանը աջակցությունը (կդառնա 1,2 մլրդ դրամ),
- 2,929 մլրդ դրամով կիրականացվի նոր ծրագիր՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ մինչև երեխայի 6 տարեկանը դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամ:
3) Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում (18,8 մլրդ դրամ), աճը՝ +4,4 մլրդ դրամ, որը պայմանավորված է հիմնականում աշխատավարձերի անվանական աճերով։
4) Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն (պրոթեզ, օրթեզ, քայլակ, անվասայլակ, լսողական սարք՝ 2,26 մլրդ դրամ), աճը՝ +1 մլրդ դրամ։
5) Ավանդների փոխհատուցում (1,52 մլրդ դրամ), աճը՝ +300 մլն դրամ։
9․ Փաստորեն, սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսերի որոշ ուղղություններ աճել են 51,5 մլրդ դրամով, իսկ որոշ ուղղություններ նվազել են 13,5 մլրդ դրամով, իսկ զուտ աճը կազմել է ընդամենը՝ 38 մլրդ դրամ կամ 2021թ․ ոլորտին հատկացված ծախսերի ընդամենը 7,5 տոկոսը։