Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 23-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Ոստիկանության զորքերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը /երկրորդ ընթերցում/, ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Ազգային ժողովի դեկտեմբերի 16-ի նիստի ժամանակ ընդմիջվել էր ԱՀ 2022թ. բյուջեի մասին հարցի քննարկումը՝ պատգամավորներին և խմբակցություններին հնարավորություն տալով նոր առաջարկներ ներկայացնել գործադիր իշխանությանը: Դեկտեմբերի 23-ի ԱՀ ԱԺ նիստում վերսկսվել են գալիք տարվա բյուջեի քննարկումները:
Բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների և պատգամավորների կողմից ներկայացվել է 101 առաջարկ: Այս մասին իր ելույթում ասել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ստացված առաջարկությունների վերաբերյալ կառավարության հայտնած տեսակետները ամփոփաթերթիկների տեսքով ներկայացվել են ԱԺ: Միաժամանակ ներկայացվել է պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը ներառում է պատգամավորների կողմից արված այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ կառավարության կողմից տրվել է դրական եզրակացություն: Ըստ դրանց պետական բյուջեի դեֆիցիտը ավելացվել է 1 մլրդ 118,8 մլն դրամով: «2022թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն պետական բյուջեի վերջնական ցուցանիշները կազմում են՝ եկամուտների մասով՝ 184 մլրդ 300 մլն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144 մլրդ դրամ, սեփական եկամուտները՝ 44,3 մլրդ դրամ, ծախսերի մասով՝ 215 մլրդ 781,1 մլն դրամ: Դեֆիցիտը կազմում է 31 մլրդ 481,1 մլն դրամ»,- ասել է Վ. Բաղդասարյանը:
Բյուջեի վերաբերյալ ելույթներ են ունեցել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն ու ԱՀ նախագահը:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: «Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակը ներկա պահին այնպիսին է, որ մենք բոլորս պարտավոր ենք ճիշտ հաշվարկել մեր հնարավորությունները, նյութական ու ֆինանսական դեռուրսները, 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ավերիչ կացությունը, մեր բնակչության մի ստվար զանգվածի հայրենազրկման և ունեզրկման իրողությունները հաշվի առնելով»,- նշել է նա՝ ավելացնելով, որ խմբակցությունը բյուջեի մասին օրենքի նախագծին քվեարկելու է ազատ ռեժիմով:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, մատնանշելով բյուջեի նախագծում առկա թերությունները, տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված նախագծին:
«Արցախի Արդարություն կուսակցություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն իր ելույթում նշել է, որ բյուջեի վերաբերյալ խմբակցության ներկայացրած մեկ տասնյակից ավելի առաջարկներից ընդունվել է ընդամենը մեկը, մեկն էլ մասնակի: ««Արդարություն» կուսակցության որոշումն է՝ խմբակցության պատգամավորներին ազատ են պետական բյուջեի մասին օրենքի նախագծի համար քվեարկություն կատարելիս»,- խոսքը եզրափակել է Մ. Հակոբյանը:
«Միասնական հայրենիք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Գագիկ Բաղունցը: Նա նշել է, որ կուսակցությունը քաղաքական որոշում է կայացրել կողմ չքվեարկել 2022թ. բյուջեի մասին օրենքի նախագծին:
«Ազատ Հայրենիք-ՔՄԲ» խմբակցության տեսակետի մասին խոսել է Արթուր Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ կողմ են քվերարկելու պետական բյուջեի նախագծին:
Կայացած քվեարկության արդյունքում բյուջեի նախագիծն ընդունվել է 18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: