կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 11:12
Արցախ

ՀՅԴ խմբակցության հարցերն ու առաջարկները 2022թ. բյուջեի նախագծի վերաբերյալ

ՀՅԴ խմբակցության հարցերն ու առաջարկները 2022թ. բյուջեի նախագծի վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային =ողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության հարցերն ու առաջարկները՝ ԱՀ 2022թ. բյուջեի նախագծի վերաբերյալ.

-2022թ. բյուջեի օրենքի նախագծի 6-րդ հոդվածում ընթացիկ ծախսերի թիվը սխալ է գրված`166317708.4-ի փոխարեն 166917708.4 է գրված:

-Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող ծրագրերի, այդ թվում գիտական, արդյունքները ունենո՞ւմ են արդյոք ներդրման տեղեկանքներ: Ինչպե՞ս է վերահսկվում դրանց արդյունավետությունը:

-Առողջապահական պետական նպատակային ծրագրերը 2022թ. ոչնչով չեն տարբերվում նախորդ տարիների ծրագրերից, համաճարականաբանական հատուկ ծրագրերում նոր կորոնավիրուսի գծով ոչ մի միջոցառում նախատեսված չէ:  Միայն ներկայացված են հակածխախոտային գործողության, մալարիայի,  ՄԻԱՎ-ի, իմուն կանխարգելման ծրագրերը:

-Ինչո՞վ է պայմանավորված 2020թ. համեմատ 2021թ. հաշմանդամների թվի աննշան փոփոխությունը` 3.03%-ով աճը, 2020թ. պատերազմը չի՞ փոխել պատկերը:

-2022թ. զբաղվածության պետական ծրագրերի արդյունքների թվարկման 4-րդ կետում նշված է գործատուներից ստացված և հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թվի աճ, այսինքն՝ խրախուսվո՞ւմ են թափուր աշխատատեղեր ունենալը, չէ՞ որ դա ենթադրում է աշխատաշուկայի դիսֆունկցիա:

-Որքա՞ն արդյունավետ են գնահատում զբաղվածության կարգավորման պետական ամենամյա ծրագրերը: Դրա արդյունքում որքա՞ն է նվազել ոչ պաշտոնական գործազրկության մակարդակը, ասենք՝ 2020թ. կամ 2021թ. աշխատանքի է տեղավորվել ընդամենը 8 հոգի (ծրագրի 10-րդ կետ), ի՞նչ են տալիս ուսուցման ծրագրերը, ինչպե՞ս է որոշվում դրա բովանդակությունը: Ինչո՞ւ է հատկապես տեղահանված համայնքների՝ նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց համար զբաղվածության ծրագիր մշակվում և իրականացվում: Անհրաժե՞շտ է նմանօրինակ ծրագրեր կազմել հասարակության բոլոր շերտերի համար (ծրագրի 9-րդ կետ):

-ՓՄՁ աջակցության պետական ծրագրերը տարիներ շարունակ չեն փոխվում, նախորդ տարվա համեմատ փոփոխությունը միայն տարեթիվն է: Որպես ծրագրի արդյունք ակնկալվո՞ւմ է ավելացնել ՓՄՁ-ի կշիռը ՀՆԱ-ում, դրանց թվաքանակը և նոր աշխատատեղերը: Նպատակահարմար է ներկայացնել բոլոր նշված թվերի դինամիկան: Ինչպե՞ս եք իրականացնելու ՓՄՁ-ի արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը (ծրագրի 2-րդ նպատակ): Կամ, ի՞նչ եք ենթադրում բիզնես ենթակառուցվածքների ծառայություններից օգտվելու հնարավորության ընդլայնում ասելով:

-ՓՄՁ-ի գործունեությունը խոչընդոտող  գործոնների վերաբերյալ ինչ-որ հետազոտություն, կատարված աջակցության ծրագրերի ազդեցության գնահատում երբևէ կատարվել է, եթե այո, արդյունքներն անհրաժեշտ է ներկայացնել:

-Պետական պարտքի գծով ծախսերն աճել են 4.8 անգամ (4.0 մլն փոխարեն 2022թ. 19.0 մլն դրամ):  Ազգային անվտանգության ծախսերն աճել են 3.1 անգամ: Ճանապարհային տրանսպորտի ծախսերն աճել են 4 անգամ: Անվտանգային համակարգն ամրացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ ծրագրեր իրագործել:

-2022թ. բյուջետային ուղերձից հանվել է Արդյունաբերական քաղաքականության հատվածը և որևէ միջոցառում տնտեսության ամենակարևոր ճյուղի զարգացմանն ուղղված չկա:

-Նախատեսվում է արտահանման գործարքներ իրականացնող հարկատուների ԱԱՀ-ի գումարների վերադարձի ուսումնասիրությունը իրականացնել առաջնահերթորեն, նման խնդիր կա՞ մեր տնտեսությունում, տարվա ընթացքում քանի՞ նման դիմում է քննարկվում և արդյոք օրենքով սահմանված ժամկետներում վերադարձը չի՞ ապահովվում: Ինչպե՞ս եք նախատեսում բարձրացնել հարկ վճարողներին հարկային մարմնի կողմից մատուցվող ծառայությունների որակը:

-2021թ. ՊԲ մասին օրենքի համաձայն՝ կանխատեսվել է ՀՆԱ-ի 25% անկում, փաստացի 6 ամսվա կտրվածքով այդ կանխատեսումը որոշակի շեղումով իրականություն է դարձել: Այդ պայմաններում, ըստ ներկայացված տվյալների, հարկային եկամուտների ծրագրված 17.0 մլրդ դրամի փոխարեն 9 ամսվա կտրվածքով հավաքագրված «Հարկերի և տուրքերի» գումարն արդեն գերազնցել է տարվա ցուցանիշը ավելի քան 25%-ով: Ինչո՞վ եք բացատրում 2022թ. 8% տնտեսական աճի պարագայում հարկային եկամուտների նման աճը: Ըստ ներկայացված նախագծի՝ բյուջետային եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2022թ. կկազմի 15.3%, ինչո՞ւ այդքան քիչ, եթե 2021թ. 9 ամսվա կտրվածքով ունենք 18.2% ցուցանիշ:

-2022թ. 8% տնտեսական կանխատեսվող աճի ճյուղային կառուցվածքը կարո՞ղ եք ներկայացնել՝ որ  ճյուղերի հաշվին է այն ապահովվելու:

-Եկամուտների հարկի գծով մուտքերը 2022թ. նախատեսվել է ավելացնել ընդամենը 14.0 մլն դրամով: Նպատակահարմա՞ր է ներկայացնել համապատասխան հաշվարկը:  Նկատենք` միայն  պետական բյուջեով  նախատեսված  աշխատավարձի ֆոնդի աճով և դրույքաչափի նվազեցման հաշվարկով եկամտահարկը կկազմի ավելի քան 500 մլն դրամ:

-Այլ հարկային եկամուտները նախատեսվել են 5.7 մլն դրամ, որն ավելի քան 3 անգամ փոքր է 2020թ. պատերազմական տարվա ցուցանիշներից: Հարկային հսկողության թուլացումն ընթացիկ բացասական էֆեկտներով հանդերձ ապագա թողտվության չի՞ հանգեցնի արդյոք:

-Պետական բյուջեի եկամուտների ընդամենը 1,2% (2020թ. փաստ) կազմող եկամտատեսակի`պետական տուրքի պլանավորումն իրականացված է բավական մանրամասնեցված հաշվարկով, ինչը մյուս եկամուտների (օրինակ ԱԱՀ` կշիռը 29.7%, եկամտահարկ` կշիռը 32.9%) գծով չի կարելի ասել: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Բոլորիս հայտնի է ժամանակավոր կորցրած տարածքների, շրջանների, ազգային հարստության և այլ կարևոր արժեքների մասին: Այս պայմաններում պետական բյուջեից ֆինանսավորվող 484 հաստիքի ավելացումն անհասկանալի ճոխություն է: Ո՞ր կառույցներում են աճել այդ հաստիքները: Որքա՞ն ենք տեղյակ՝ պետական մարմիններում զգալիորեն  կրճատվել են գրասենյակային, գործուղման ծախսերը, սակայն ամփոփ թվերն աճել են / գործուղումները`42%-ով, նյութերը` 90.1%-ով/, ինչով են պայմանավորված այդ աճերը:

-Գործող օրենսդրության համաձայն՝ ամեն տարի բյուջեով նախատեսվում է ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման ծախսեր (2022թ. 65 մլն դրամ), գիտենք նաև, որ այդ դրոշմանիշների մի մասը ԱՀ կառավարության որոշմամբ հերթական թվագրումով դրոշմանիշների շրջանառության մեջ դնելուց որոշակի ժամանակ հետո փաստացի չի օգտագործվում: Կատարե՞լ եք արդյոք վերլուծություն, ունե՞ք թվեր, հարկ վճարողների ներկայացրած հայտերի և փաստի շեղման հետևանքով որքա՞ն անարդյունավետ ծախս է կատարվում բյուջեից:

-Թշնամու վերահսկողության տակ անցած շրջանների գրադարաններին, թանգարաններին, մշակութային այլ կազմակերպություններին հատկացվող գումարները 2020թ. համեմատ նվազել են, բայց Շուշիի շրջանից, որտեղ առանձին դեպքերում նույնիսկ աճել են։ Ինչո՞վ եք բացատրում:

-2022թ. նախատեսվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Գյուրջյան արվեստի ինստիտուտի  համար նորից նյութատեխնիկական բազա ձևավորել: Որքան է 1 ուսանողի հաշվով ծախսը ըստ առանձին պետական ԲՈՒՀ-ի և երբ եք գնահատելու այդ ծախսերի արդյունավետությունը:

-ԱՀ  գիտական և գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրով (մաս 3) մշտապես նշվում է գիտամանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ աշխատանքների մասին, որքանով տեղյակ ենք ասպիրանտների թիվը չի աճում/մինչև 10 ասպիրանտ է վերջին 3 տարիներին/, գիտական աստիճան ունեցողներինը ևս դանդաղ է փոխվում: Ի՞նչ քայլեր են իրականացվում գիտամանկավարժական ոլորտը գայթակղիչ դարձնելու համար:

-2022թ. ԱՀ-ից արտերկրում նպատակային ուսումնառություն ստացող ուսանողների կեցության և ուսման վճարների փոխհատուցման համար 50.0 մլն դրամ է նախատեսված: Ի՞նչ մասնագիտություններով են ուսանում և ի՞նչ ընթացակարգով է որոշվում դրանց նպատակայնությունը: Այդ ուսանողներից քանի՞սն են վերադարձել Արցախ և  որ ասպարեզներում են գործունեություն ծավալում:

-Գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը արտաքին մասնագիտական փորձաքննության ենթակա են, որի արդյունքում կգնահատվի դրանց արդյունավետությունը: Ի վերջո, գյուղհիմնադրամին պետական բյուջեից տրամադրվող այդքան գումարները, որոնք ուղղվում են վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորմանն, ինչո՞ւ ճյուղում առաջընթաց չեն ապահովում. Վերջին 4 տարիներին ճյուղում անընդատ անկում է, համախառն բերքի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ 2021թ. գրեթե կիսվել են, պատկերը նույնն և նաև անասնագլխաքանակի առումով: Ունե՞ք վերլուծություն՝ բյուջեից հատկացվող միջոցներն ինչպես են ազդել պարենային ինքնաբավության մակարդակի, արտահանման կառուցվածքում գյուղմթերքների ծավալների, կշիռների փոփոխության, վերջապես բերքատվության ցուցանիշների վրա, որոնք անընդատ նվազում են:

-Գյուղատնտեսության ոլորտում , «ՓՄՁ աջակցության» միջոցառման շրջանակում նախատեսվել է 400 մլն դրամ հատկացնել գյուղմթերք վերամշակող 20 իրավաբանական և ֆիզիկական անձի` ԱԱՀ-ի փոխհատուցման նպատակով: Նախ, այդ ի՞նչ անձինք են, երկրորդ, «ԱԱՀ-ի մասին» ԱՀ օրենքի 15 հոդվածի 24 կետի համաձայն՝ տեղական հումքի բազայի վրա գյուղմթերքի վերամշակումն ազատվում է ԱԱՀ-ից` կառավարության սահմանած կարգով: Ի՞նչ նորմատիվ ակտի համաձայն եք այդ գումարները բյուջեից տալիս նրանց:

-Ի՞նչ է նշանակում կաթի մթերման համար 130.0մլն դրամի հատկացումը, դա պետական գնում է, եթե այո, ի՞նչ նպատակով է այն օգտագործվում: Այդքան գումարով կգնվի 570.0 հազ.լ կաթ: 80մլն դրամ է  նախատեսված խոտհարքների, արոտավայրերի բերքատվության բարձրացման համար: Ցուցանիշների ի՞նչ դինամիկա կա վերոհիշյալ ասպարեզում:

-200.9 մլն դրամ նախատեսված է անասնաբուծական մթերքների և հումքի անվտանգ արտադրության և վերամշակումների համար, ո՞ւմ է հատկացվելու այդ գումարները, մանրամասնեք: Գույքի և սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է հատկացնել 63 մլն դրամ, ինչ չափորոշիչներով է իրականացվում պետական մարմինների այդ հոդվածով հատկացումները (կան մարմիններ, որոնց տարիներ շարունակ 1.0 մլն դրամ է հատկացվում):

-Բյուջեով նախատեսված հաստիքացուցակի շրջանակում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմին  նկարիչ-դիզայների (մեկ հաստիք) և ԱԺ խմբակցությունների ղեկավարներին  օգնականների հաստիքներ տրամադրել:

-Հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը ավելացնել 1 մլն դրամով և այն տրամադրել նկարիչների միությանը:

-Մաս 2-րդում ներկայացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ աղյուսակում ներկայացված 2020թ. ՀՆԱ և նույն տարվա 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ հարաբերակցությամբ բնակչության թվաքանակը կազմում է 148.8 հազ. մարդ, իսկ 2021թ. նույն հարաբերակցության արդյունքում ստացվում է 140.0 հազ. մարդ, ինչի՞ հետ է կապված այս տարբերությունը:

-Պարտքի սպասարկման 19.000 մլն դրամը կազմում է բյուջեի համարյա 9%, որը չափազանց մեծ թիվ է:

-Ուղերձի մաս 1-ում ներկայացված զեկույցը ոչ մի թվային տվյալ չի պարունակում, չկան անգամ նոր ծրագրերի իրականացման հետ կապված ժամկետային տվյալներ:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի առաջարկները՝ 2022թ. բյուջեի նախագծի վերաբերյալ.

-Տարիներ շարունակ ԱՀ-ում ժողովրդագրական գործընթացները աշխուժացնելու և ծնելիության խթանման նպատակով կյանքի են կոչվել բազմաթիվ  ծրագրեր, որոնց արդյունավետությունը այնքան էլ տեսանելի չէ:

-Նպատակահարմար է 2022թ. իրագործել «Երրորդ երեխա» ծրագիրը, որը ենթադրում է ընտանիքում երրորդ երեխայի ծնվելու դեպքում ծնողներին միանվագ տրամադրել 1,5 մլն դրամ:

-Արտաքին քաղաքականության ասպարեզում օտար լեզուներով քարոզչություն իրականացնելու համար ԱՀ արտաքին գործերի նախարարությանը լրացուցիչ տրամադրել 10 մլն դրամ:

-Գիտաժողովներ, այդ թվում միջազգային, կազմակերպելու համար անհրաժեշտ է 2022թ. բյուջեով նախատեսված 3 մլն դրամը  դարձնել 6 մլն դրամ:

-ԱՀ-ում ստեղծված գիտական միտքը և մշակութային արժեքները օտարալեզու ընթերցողներին ներկայացնելու համար նպատակահարմար է նախատեսված 7 մլն 796 հազար դրամը դարձնել 10 մլն 796 հազար դրամ և հրատարակչական ծախսեր տողը (էջ 12) դարձնել թարգմանչական և հրատարակչական ծախսեր:

-Նպատակահարմար է ՀՀ-ում գործող կարգը կիրառության մեջ դնել նաև ԱՀ-ում: Այն ենթադրում է գիտական թեմաների կատարողներին գիտական աստիճանի համար (թեկնածուները 20 հազար դրամ, իսկ դոկտորները  50 հազար դրամ)  համապատասխան գումարի վճարում:

Արտեզյան ջրհորների փորման ժամանակ առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է որոշ գումար հատկացնել համապատասխան պաշարների  հետազոտման և գնահատման համար (էջ 6):

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված պայմաններում ԱՀ բնակավայրերի զգալի մասը սահմանամերձ են և սովորական դարձած անասնագողությունը կանխելու ու այդ ոլորտի զարգացմանը միտված շատ թե քիչ պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է որոշ միջոցառումներ իրականացնել և գումար հատկացնել: Օրինակ`անասունների մսուրային պահման կամ անասնակերի կուտակման սուբսիդավորում:

-Նպատակահարմար է Ստեփանակերտի Տեր-Գաբրիելյան փողոցի բարեկարգումն  ու ասֆալտապատումը ներառել կապիտալ շինարարության ծրագրի մեջ: