Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 4-ին, հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիաննա Աբերգի հետ: Սեյրան Օհանյանն իր խոսքում անդրադարձել է 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծված միջազգային հումանիտար իրավունքի խախտումների բազմաթիվ դեպքերը, այդ երկրում հայատյացության մթնոլորտի խորացումը, ինչպես նաև մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը։
Խմբակցության անդամներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներին, խոսքի ազատության հիմնախնդիրներին, դատաիրավական ոլորտի բացթողումներին, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին: ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել, այդ թվում գրավոր, դատաիրավական համակարգում առկա իրավիճակի, պատգամավորների անձեռնմխելիության երաշխիքի կոպտագույն խախտումների վերաբերյալ, անդրադարձել խոսքի ազատության և ընտրական գործընթացներում առկա լրջագույն խնդիրներին։
Խոսքի ազատության հետ կապված՝ հատուկ շեշտադրում է արվել պատերազմական իրադրության ժամանակ տեղի ունեցած կոպտագույն խախտումներին, որոնք կատարվում էին ԶԼՄ-ների նկատմամբ՝ ոստիկանական ուժերի մասնակցությամբ, տուգանքների համատարած որոշումներով։ ԵԽ ներկայացուցիչները տեղեկացվել են նաև, որ ՀՀ ԱԺ ողջ պատմության ընթացքում առաջին անգամ խոսքի ազատության կոպիտ սահմանափակման փորձեր են կիրառվում նաև խորհրդարանում, մասնավորապես՝ նիստերի օրերին։
Համազեկուցողներին ներկայացվել են նաև կալանավորման համատարած դեպքերի վիճակագրական պատկերը և Արդարադատության նախարարի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից մշակված առաջարկությունների փաստացի անտեսման մանրամասները: