Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հարցերով ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Յ. Լյովոչկինան և Ջ. Գալատին շնորհավորել են բոլոր քաղաքական ուժերին և նախևառաջ՝ հայ ժողովրդին՝ այն զսպվածության և քաղաքական հասունության համար, որը դրսևորվեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցույցերի և իշխանափոխության ժամանակ, որոնք տեղի ունեցան խաղաղ ճանապարհով՝ սահմանադրական դրույթներին և սկզբունքներին համաձայն:
«Իշխանափոխության իրականացման եղանակը և վարչապետ Փաշինյանի կողմից ընդգրկուն ու բազմակողմանի կառավարության նշանակումը վկայում է քաղաքական համակարգի հասունության, ինչպես նաև երկրում ժողովրդավարության ամրապնդմանը բոլոր քաղաքական ուժերի հանձնառության մասին: Բոլոր քաղաքական ուժերը արժանի են գնահատանքի», - ասել են համազեկուցողները:
Նրանք նշել են, որ հայ ժողովուրդը նոր իշխանություններից երկրում խոր և արագ բարեփոխումների չափազանց բարձր ակնկալիքներ ունի: Այդ համատեքստում զեկուցողները ընդգծեցին, որ քաղաքականապես ընդգրկուն կառավարության կազմի նշանակումը, ինչպես նաև նոր վարչապետի՝ կայուն և ժողովրդավարական միջավայր ստեղծելու հստակ մտադրությունը ստեղծել են անհրաժեշտ պայմաններ շարունակական ժողովրդավարական բարեփոխումների և երկրի ազգային անվտանգության համար:
«Բացի այդ՝ նոր վարչապետի և նրա քաղաքական դաշնակիցների կողմից հնչեցված ազդանշաններն այն մասին, որ արդարադատության համակարգը կլինի լիովին անկախ և գործելու է հրահանգներից ու քաղաքական միջամտությունից ազատ, պետք է չեզոքացնեն քաղաքական հաշվեհարդարի վերաբերյալ մտավախությունները, որոնց մասին մենք լսեցինք այցի ընթացքում», - ասացին համազեկուցողները՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչների կողմից կատարված քրեական գործողությունների համար անպատժելիություն չի կարող լինել՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից:
Միևնույն ժամանակ, նրանք վերահաստատեցին իրենց անհանգստությունը նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ սոցիալական մեդիայում տարածված «ատելության խոսքի» հետ կապակցությամբ և կոչ արեցին բոլոր քաղաքական ուժերին՝ դատապարտել այդ երևույթը:
Այցի ընթացքում իշխանությունները տեղեկացրեցին համազեկուցողներին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իրենց մտադրության և անհրաժեշտության մասին՝ հենց իրագործվեն ընտրությունների ժողովրդավարական անցկացման համար բոլոր պայմանները: Զեկուցողները տեղեկացան, որ այդպիսի պայմաններ ստեղծելու համար իշխանությունները մտադրված են փոփոխել ընտրական օրենսգիրքը՝ հիմնվելով բոլոր քաղաքական ուժերի միջև լայն կոնսենսուսի վրա: Լիովին հասկանալով արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոչը՝ զեկուցողները կարևորեցին Վենետիկի հանձնաժողովի չափանիշները ընտրությունների նախաշեմին կայուն ընտրական օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծեցին բոլոր քաղաքական ուժերի կողմից արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակի ապահովման կարևորությունը:
Համազեկուցողները ողջունել են երկրում մարդու իրավունքների ոլորտում օրենսդրության հետագա զարգացման վերաբերյալ՝ նոր իշխանությունների կողմից հստակ արտահայտված ցանկությունը: Այս համատեքստում զեկուցողները հույս հայտնեցին, որ խտրականության դեմ օրենքի ընդունումը, ինչպես նաև Ստամբուլի և Լանսարոտեի կոնվենցիաների վավերացումը շուտով կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգում: Համազեկուցողները հաստատեցին Եվրոպայի Խորհրդի և Խորհրդարանական վեհաժողովի պատրաստակամությունը` աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին: