Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այսօր ընդունել է ս․թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում անցկացված «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից, Կատալոնիայի «Արարատ հայկական միության» նախագահ Սարգիս Հակոբյանին։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի այս ծրագիրը կազմակերպվել է առաջին անգամ և նպատակ ունի աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, որոնք ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ:
Ս․ Հակոբյանը ներկայացրել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի առաջնայնություններն ու իր հետագա գործունեության ուղղությունները։ Դեսպան Վ․ Կարմիրշալյանը շնորհավորել է վերջինիս և մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն մեր հայրենիքի։