կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-28 18:00
Քաղաքական

Արթիկում Փաշինյանի թեկնածուն Մանվել Գրիգորյանի՝ յուրացումների մեջ կասկածվող սանիկն է

Արթիկում Փաշինյանի թեկնածուն Մանվել Գրիգորյանի՝ յուրացումների մեջ կասկածվող սանիկն է

Նիկոլ Փաշինյանը կա՛մ ժողովրդին դրել է ապուշի տեղ եւ Սերժ Սարգսյանի ռեժիմի պարզ իրավահաջորդն է, կա՛մ էլ  տառապում է թիմի ներսում  կադրային «սովից» եւ կառչել է նախկին ռեժիմի այն մարդկանցից, որոնց ժամանակին մինչեւ հոգու խորքը իբր թե մերժում էր՝ մեղադրելով կոռուպցիայի եւ թալանի մեջ։

Կոռուպցիայի ու թալանի մեջ էր կասկածվում նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արթիկի քաղաքապետի թեկնածու Անան Ոսկանյանը։ Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նաեւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, եւ երկար փնտրտուքներից ու քննարկումներից հետո իշխող ՔՊ-ն Արթիկի քաղաքապետի թեկնածու է առաջադրում նախկին իշխանությունների հետ սերտաճած՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկին՝ Անան Ոսկանյանին: Նա Շիրակի Պեմզաշեն համայնքի ղեկավարն է եւ Արթիկի ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահը։ Ի դեպ, նրան ԵԿՄ նախագահ է նշանակել քավորը՝ Մանվել Գրիգորյանը։ Ոսկանյանը եւս նախկին է, ինչպես ՔՊ-ականներն են սիրում ասել՝ «կոռումպացված ու թալանչի նախկին վարչախմբի ներկայացուցիչ»։

Զավեշտը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց  անմիջապես հետո՝ 2018 թ․-ի հունիսի 21-ին, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկեց Անան Ոսկանյանի Պեմզաշենի տունը՝ նրա անունը կապելով այն յուրացումների հետ, որոնց հիման վրա կալանավորեցին ու նվաստացրեցին Մանվել Գրիգորյանին: Ըստ ամենայնի՝ ԱԱԾ-ն երկրապահի Անանի հետեւից գնալու հիմքեր է ունեցել՝ խոշորացուցի տակ առնելով նրա գազալցակայանը, թանկարժեք մեքենան, Երեւանի բնակարանը եւ այլ շարժական ու անշարժ գույքեր։ Ոսկանյանի՝ Մանվել Գրիգորյանի սանիկ լինելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ նրա տեղակալը՝ Արկադին։ Նա նշեց, որ Ոսկանյանի շտաբը կձեւավորվի երկու օրից։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի սանիկին երաշխավոր են կանգնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։  

Գիտության գրանիտե հիմքերը կրծելու կարիք չկա՝ հասկանալու համար, որ ՔՊ-ում կադրային սովն ու խուճապը սկսվել է Գյումրու եւ Գորիսի ՏԻՄ ընտրություններում կրած խայտառակ պարտությունից հետո։ Հերթական պարտությունից ապահովագրվելու համար առաջիկայում կայանալիք ընտրություններին ՔՊ-ն մասնակցելու է «մասովկաներով»։

Շիրակի նախկին փոխմարզպետ, ՔՊ-ական Դավիթ Սեխլեյանը, ըստ տեղեկությունների, ընտրություններին կառաջադրվի Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունով։ Եվս մեկ փաստ, որ «Հանրապետությունը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը» քույր կուսակցություններ են՝ նույն քաղաքական ուղեծրով։

Դեռեւս հայտնի չէ, թե որ դաշինքով է ընտրություններին հանդես գալու Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որը վերաբերմունքի արժանանալու սին լավատեսությամբ 2020թ․ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի համար ձայներ էր հավաքում։   

Վերադառնալով Արթիկի քաղաքապետի ՔՊ թեկնածու Անան Ոսկանյանին․ հետաքրքիր է՝ այս մարդն ինչպե՞ս է մտնելու ՔՊ ճամբարը՝ դառնալով մի քաղաքական ուժի թեկնածո, որը Մանվել Գրիգորյանին՝ իր քավորին, գեներալից վերածեց շարքային՝ տուշոնկա գողացողի։ Գրիգորյանին զրկեցին  նաեւ «Արթիկի պատվավոր քաղաքացի» կոչումից։

Ի դեպ, Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ականների ջուրը մի առվով չի հոսում։ Արթիկի ՔՊ-ականները, որպես քաղաքապետի թեկնածու, ցանկացել են տեսնել նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանին, որն այս պահին մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է ու նախկին կարկառուն ՀՀԿ-ական։

Լիանա Սարգսյան