Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունաստանի և Եգիպտոսի էլեկտրացանցերի միացումը մոտակա ամիսներին նոր փորձություն կդառնա հունա-թուրքական՝ առանց այն էլ լարված հարաբերությունների համար. գրում է հույն վերլուծաբան Վասիլիս Նեդոսը։
«Մալուխը, որը կմիացնի երկու ցանցերը, կանցկացվի 2020 թվականի օգոստոսին Աթենքի և Կահիրեի միջև սահմանազատված ծովային գոտում, ինչը երաշխավորում է նախագծի միջազգային լեգիտիմությունը»,- գրում է նա Kathimerini-ի համար հոդվածում։
Թուրքական տեսանկյունից՝ խնդիրն այն է, որ մալուխը կանցնի Անկարայի և Լիբիայի նախկին ազգային միասնության կառավարության միջև սահմանազատված տարածքներով, համաձայնություն, որը լայնորեն դատապարտվել էր։
Հոդվածագրի խոսքով՝ Անկարայի՝ վերջին օրերի հռետորական արձագանքները վկայում են նրա գրգռվածության մասին, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ավելի է զայրացած Կահիրեի դիրքորոշումից։ «Աթենքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին ցանկություն է հայտնել արտահանել իր երկրի բնական գազը Եվրոպա, և Հունաստանը կդառնա դրա մուտքի առաջին կետը»,- բացատրում է Նեդոսը:
Նա նշել է, որ Կահիրեին Թուրքիան չի հետաքրքրում քաղաքական խնդիրներից դուրս պատճառներով։ Եվրոպան՝ 600 միլիոնանոց շուկան, որն այժմ չափից դուրս կախված է ռուսական գազից, հուսահատորեն փնտրում է այլընտրանքային մատակարարներ և կայուն շուկա է Եգիպտոսի համար, որը նույնպես հույսը դրել է իր հսկայական ներուժի վրա՝ որպես արևային էներգիա մատակարար։
«Չնայած Կահիրեի հետ հարաբերությունները վերականգնելու՝ Անկարայի ջանքերին, ալ Սիսիի կառավարությունը մի շարք պայմաններ է առաջադրում, որոնցից ամենագլխավորն այն է, որ Թուրքիան պետք է խզի իր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ: Եգիպտոսը նաև ցանկանում է, որ Թուրքիան հեռանա Լիբիայից, ինչն անընդունելի պահանջ է Էրդողանի համար, որն իր մասնակցությունն այնտեղ ներկայացրել է որպես իր նեոօսմանյան նկրտումների մեծ հաջողություն, դա արտահայտված է նաև «Կապույտ հայրենիքի» (Mavi Vatan) դոկտրինում, որը Հունաստանը համարում է որպես մարտահրավեր իր ինքնիշխանությանը»,- նշել է Նեդոսը:
Նա եզրակացնում է, որ Հունաստանը պատրաստ է այն սցենարին, որ Թուրքիան երկարաժամկետ ռազմածովային զորավարժություններ կհայտարարի Կրետեից հարավ, որպեսզի անորոշ ժամանակով հետաձգի Եգիպտոսին միացնող մալուխի անցկացումը։