Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հունաստանի, Եգիպտոսի և Կիպրոսի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից հետո տարածված հայտարարությունը Աթենքի և Կիպրոսի հույների «թշնամական քաղաքականության դրսևորումն է Թուրքիայի նկատմամբ»։
Աթենքում ավելի վաղ անցկացված եռակողմ գագաթնաժողովից հետո Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը համատեղ դատապարտել էին Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում. գրում է Turkish Minute-ը։
«Մենք համաձայն ենք Թուրքիայի սադրիչ գործելակերպի և ագրեսիվ հռետորաբանության դատապարտմանը։ Ցավոք, Անկարան կարծես թե չի հասկանում ժամանակի թելադրանքը: Թուրքիայի նկրտումները վտանգում են ողջ տարածաշրջանի խաղաղությունը»,- ասվում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի համատեղ հայտարարության մեջ:
Թուրքիայի արտգործնախարարության պատասխան հայտարարության մեջ նշվել է, որ այդ հռչակագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) հույների և Կիպրոսի հույների թշնամական քաղաքականության դրսևորում։
«Մյուս կողմից՝ Եգիպտոսի մասնակցությունն այս հայտարարությանը վկայում է այն մասին, որ Կահիրեն դեռ չի հասկացել, թե ով կարող է դառնալ իրական գործընկեր, ում հետ կարող է համագործակցել Արևելյան Միջերկրական ծովում»,- ընդգծել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ Արևելյան Միջերկրականը Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության սրման կենտրոնում է անցյալ տարվանից, երբ Անկարան հետազոտական նավ ուղարկեց վիճելի ջրեր: Այս քայլն արվել է այն բանից հետո, երբ 2019 թվականին Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Իտալիան և Պաղեստինը պայմանավորվել են ստեղծել Արևելյան միջերկրածովյան գազային ֆորում առանց Թուրքիայի մասնակցության։ Այնուհետև Եգիպտոսը ծովային համաձայնագիր ստորագրեց Հունաստանի հետ, երբ Թուրքիան մասնատված Լիբիայի թուրքամետ կառավարության հետ ծովային պայմանագիր ստորագրեց` անտեսելով Միջերկրածովյան երկրների իրավունքները: