Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը դուրս մղվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ցանկից՝ իր մասը զիջելով ռուսական պատրոնաժով աշխատող, «Գեոպրոմայնինգի» դուստր Արդյունաբերական ընկերությանը, կոմբինատի գլխավոր տնօրենի աթոռը թափուր է: Որպես ամենահավանական թեկնածու մինչև կիրակի օրը նշվում էր ՔՊ անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը:
ՏԻՄ ընտրություններում նա Սյունիքի համակարգողի դերն էր ստանձնել և ներկա էր գտնվում ՔՊ թեկնածուների ու համայնքների բնակիչների նախընտրական հանդիպումներին: Սակայն Գորիսում և Մեղրիում ՔՊ-ի խայտառակ պարտություններից հետո, կարծես, Ավինյանի թեկնածությունը կասկածի տակ է հայտնվել, և չի բացառվում, որ ԶՊՄԿ տնօրենի աթոռն առաջարկվի այլ ՔՊ-ականի՝ մեզ հայտնեց ԶՊՄԿ-ին մոտ աղբյուրը:
Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, թե ինչու պետք է ՀՀ կառավարությունը նշանակի կոմբինատի տնօրենին: Չէ՞ որ նա բաժնետոմսերի ընդամենը 15 տոկոսի տերն է, և նույն Արդյունաբերական ընկերությունը, որն իր 60 տոկոսից 25-ը տվել է Հայաստանին, պետությունից ավելի մեծ բաժին ունի՝ 35 տոկոս: Հենց այստեղ է թաքնված շան գլուխը:
Ըստ ամենայնի, Արդյունաբերական ընկերությունը կառավարության հետ նաև տնօրենի հարցում է համաձայնության եկել: ԶՊՄԿ 15 տոկոս բաժնետերը դառնալուց բացի, Արդյունաբերական ընկերությունը Փաշինյանին է հանձնել տնօրեն նշանակելու իրավունքը: Իսկ կառավարությունն օգնել է նրան 60 տոկոսի տեր դառնալ, պայմանով, որ Ավինյանը պետք է գնա քաղաքական խնդիրներ լուծելու, մարզը նախկինների «տակից» հանելու: Չի կարելի բացառել, որ ռուսական կողմի հետ ևս քաղաքական պայմանավորվածություններ կան, որոնց մասին չի ասվում:
Այս դեպքում գործարքը, որը պաշտոնապես ներկայացվում է որպես ռուսական ընկերության կողմից բարեգործություն, նվիրատվություն, ավելի հասկանալի է դառնում: Թե չէ ո՞ր բիզնեսմենն է հանքարդյունաբերության բաժնետոմսեր նվիրում պետությանը: Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք պետությունն է այս 15 տոկոս բաժնեմասի տերը, թե՞ մի խումբ մարդիկ, որոնք այսօր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում:
Ոչինչ չի արգելում նրանց՝ մի հիանալի օր ԶՊՄԿ բաժնետոմսերը վաճառել իրենց մտերիմ գործարարներից մեկին: Կարող ենք եզրակացնել, որ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, որի արդյունքում նախկինների տակ եղած բիզնես էլիտան փոխարինվում է նոր բիզնես էլիտայով:
ՀԳ. Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Ի դեպ, վարչապետի խոսնակը ՀՀ կառավարության ամենաանհասանելի աշխատակիցն է դարձել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում