Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հրապարակը» գրում է․ «Նիկոլական» թեզերով ու քարոզչությամբ աչքի ընկած ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Մազմանյանը քննադատել է հանրությանը, թե քյուֆթա, քյաբաբին փող եք տալիս, բայց չեք ուզում, որ տրանսպորտը 50 դրամով թանկանա։ Նա նման զուգահեռներ էր անցկացրել նաեւ թանգարանների մասով, թե․ «Տարիներ առաջ Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ էինք խոսում, ասում ա. տոմսերը թանկացրի։ Արժեր 500 դրամ, ես դարձրի 1500 դրամ։ Եթե մարդը 1500 դրամով կարում ա քյաբաբ ու շաուրմա առնի, պիտի ուրարտական այս բացառիկ թանգարանի համար` Երևանում, 1500 դրամ վճարել ու տոմս առնել կարողանա...Եթե ամեն օր ռեստորաններում, ճոխ սեղանների շուրջ են, թանգարան տարին մի անգամ գնան-չգնան...Այո, մշակույթն էժան բան չէ։ Մեր թանգարանը, այգին խնամքի, աշխատողները՝ վարձատրվելու կարիք ունեն...»։ Ի՞նչ կապ ունի թանգարանը տրանսպորտի չհիմնավորված թանկացման հետ, երեւի միայն «նիկոլականները» կարող են կապ տեսնել։
Ամեն դեպքում «Հրապարակը» փորձեց հասկանալ, թե Միքայել Բադալյանը ճանաչո՞ւմ է արդյոք տվյալ անձին, ով թանգարանի նախկին տնօրենի մասին գրառում է անում։
«Ես այս տղային հիշեցի: Նա ժամանակին ինձ մի քանի անգամ զանգահարել է՝ որքան հիշում եմ Արևմտյան Հայաստանի ինչ-որ նորահայտ հուշարձանների վերաբերյալ իմ մասնագիտական կարծիքն իմանալու համար: Նրա հետ հանդիպել եմ Ավստրիայում՝ Ինսբրուկի համալսարանում, ուր ինձ հրավիրել էին դասախոսությամբ հանդես գալու: Այդ ժամանակ այս տղան գովասանքի խոսքեր էր հնչեցնում իմ հասցեին և նշում, որ մեծ պատիվ է, որ Ինսբրուկի պես համալսարանում իր հայրենակցին են հրավիրել դասախոսությամբ հանդես գալու: Հիմա անդրադառնամ այդ տղայի գրառմանը: Գիտեք, նախ և առաջ ինձ համար խիստ զարմանալի է, թե ինչո՞ւ է այս անձը այդ թեմայով հիշել ինձ: Ես նայեցի նրա էջը, որտեղ իմ վերաբերյալ գրառումից քիչ ներքև նա զոհված հերոսների ծնողների ցասումն ու բողոքը որակում է «անմակարդակ, լրբանալ» և այլ որակումներով: Սա խիստ ցավալի, իսկ թե ով է նա եւ ինչու է նման բաներ գրում, առնվազն մտածելու տեղիք են տալիս…»,-ասաց Բադալյանը։
Ինչպես արդեն նշեցինք՝ տվյալ անձը` Մազմանյանը, թանգարանի տոմսի մուտքը համեմատում է տրանսպորտի տոմսի և դրա թանկացման հետ: Բադալյանը շեշտում է՝ Էրեբունի թանգարանի տոմսերի գների բարձրացումը հաստատում է ոչ թե թանգարանը, այլ Երևանի ավագանին:
«Երկրորդը` թանգարանի տոմսերը ոչ թե բարձրացվել են 500-ից 1500, այլ 300-ից 500, 1000-ից 1500 դրամ: Պետք է գիտակցել, որ սովորաբար յուրաքանչյուր քաղաքացի թանգարան այցելում է տարին մեկ, լավ` երկու կամ երեք անգամ, իսկ տրանսպորտից օգտվում է ամեն օր: Բացի այդ, յուրաքանչյուր ամիս կա թանգարան այցելելու անվճար օր, այսինքն, այդ օրը բոլոր ՀՀ քաղաքացիների համար մուտքն անվճար է: Ավելին, տարվա ընթացքում կան օրեր, օրինակ թանգարանային գիշերը, եվրոպական ժառանգության օրերը և այլն, երբ թանգարանի և այնտեղ իրականացվող միջոցառումների մուտքն անվճար է: Այսինքն, բազմաթիվ հնարավորություններ են ստեղծված, որպեսզի մեր հայրենակիցները տարբեր օրերի անվճար կարողանան այցելել թանգարան: Բացի այդ, մեր թանգարանը` իմ նախաձեռնությամբ, աշխարհի առաջատար գիտնականների մասնակցությամբ կազմակերպում էր դասախոսություններ, որոնց մասնակցությունը ևս անվճար է եղել: Այդ տղան նաև այլ կերպ է մեկնաբանել իմ խոսքերը: Տրանսպորտի տոմսը սոցիալական ենթաշերտ ունի, իսկ թանգարանի մուտքի տոմսը՝ մշակութային և արժեքային: Եվ մենք պետք է թանգարանը դարձնենք և պահենք որպես արժեք: Քանի որ Երևանի քաղաքապետարանի կողմից թանգարանների աշխատակիցների աշխատավարձերը գոնե իմ պաշտոնավարության տարիներին չեն բարձրացվել, մարդիկ ստիպված են բավարարվել չնչին աշխատավարձով, ապա մենք մեր հավելյալ եկամուտներով փորձել ենք գոնե աննշան բարձրացնել թանգարանի աշխատակիցների գոնե մեծ մասի աշխատավարձերը: Այս խնդրի վերաբերյալ ես այնպես չէ, որ հիմա եմ խոսում: Օրինակ, ինչո՞ւ է այդ տղան օրինակ բերել ինձ: Մի մարդու, ով այլևս չի աշխատում Էրեբունի թանգարանում: Ինչո՞ւ օրինակ չի բերում բազմաթիվ թանգարաններ, որոնց տոմսերը շատ ավել էին թանկացվել: Օրինակ, Անահիտ աստվածուհու գլուխը տեսնելու համար տոմսերից մեկի արժեքը 5000 դրամ է: Արդյո՞ք տվյալ անձը խոսել է դրա մասին։ Գուցե Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի՝ իմ խոր մասնագիտական քննադատությո՞ւնն է պատճառը, որը բացեց շատերի աչքերը, գուցե իմ կեցվածքը»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ խայտառակ դասագիրքը, որտեղ հարյուրից ավել սխալներ կային, այդպես էլ չփոխվեց:
Մենք փորձեցինք թանգարանի նախկին տնօրենից տեղեկանալ նաեւ, թե ինչ իրավիճակ է հիմա տիրում Էրեբունի թանգարանում՝ իր հեռանալուց հետո, արդյո՞ք նոր ծրագրեր արվում են, ի՞նչ ռազմավարություն է դրել նոր տնօրենն իր գործունեության հիմքում։ «Էրեբունի թանգարանն իմ ղեկավարման օրերին ունեցել է աննախադեպ վերելք ու հաջողություններ: Էրեբունին լրջագույն ուրարտագիտական կենտրոն էր, կրթական-մշակութային բացառիկ օջախ ու արժեք: Բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել մեր գործունեությունը: Ֆինանսական մուտքերի կտրուկ աճ, նոր ենթակառուցվածքների ստեղծում, կրթական ծրագրերով մենք առաջիններից էինք հանրապետությունում, աննախադեպ ցուցադրություններ, շինաղբից ազատագրված Կարմիր բլուր, նորարար տեխնոլոգիաների կիրառում, էլ չասեմ` Լուվրի, Էրմիտաժի, Բրիտանական թանգարանի, ամերիկյան, իտալական, ավստրիական, ֆրանսիական, ռուսական կարևոր գիտական հաստատությունների հետ ստեղծված հաջող համագործակցության մասին:
Ես Էրեբունի թանգարան աշխատում եմ չգնալ, որովհետև լավ հասկանում եմ և այդպես եմ կարծում, որ եթե նույնիսկ մի աշխատողի հետ մի փոքր շատ խոսեմ, ապա հարվածի տակ եմ դնելու նրանց»,-նշեց նա:
Բադալյանի խոսքով՝ արգելել են, որպեսզի իր իրականացրած պեղումների վերաբերյալ Էրեբունի թանգարանում և ամրոցում հարցազրույց տա: «Լուվրի թանգարանի հետ ծրագիրը, որով Էրեբունի թանգարանը պետք է ունենար նոր, ժամանակակից, հագեցած ցուցադրություն անավարտ է մնացել, ֆրանսիացի գործընկերների հետ Կարմիր բլուրում աղյուսների արտադրության ծրագիրը ևս դոփում է տեղում, Էրեբունի թանգարանում պետք է ստեղծվեր Էրմիտաժի անկյուն, դա ևս չիրականացավ: Ինչ ասեմ` վերջին ամիսներին Էրեբունի թանգարանը մի փուլում, եթե չեմ սխալվում մեկ ամսից ավելի, չի ունեցել ոչ տնօրեն, ոչ փոխտնօրեն և ոչ էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այսինքն, թանգարանը գտնվել է անպատասխանատվության ու բարձիթողության մեջ: Պատկերացնու՞մ եք: Դա օրենքի խախտում չէ՞: Արդյոք քաղաքապետ Տիգրան Ավինյանը կամ Երևանի ավագանին տեղյա՞կ է այդ մասին, արդյոք դա նորմա՞լ է: Աստված չտար` մի բան պատահեր արգելոց-թանգարանին, ո՞վ էր պատասխան տալու: Մայիսի կեսից մինչ օրս Էրեբունին տնօրեն չունի: Գիտեք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ մարդկանց ձեռնտու չէ պետականության և ազգային արժեքներով առաջնորդվող մարդիկ լինեն որևէ պաշտոնում և որ Էրեբունին որպես Երևանի գրավոր պատմության օրրան ոմանց ձեռնտու չէ: Ես մի բան կասեմ, շատ չեմ ուզում խոսել, որովհետև այս ամենի մասին մանրամասն հարցազրույցներ եմ տվել: Շատերը գալու են ու գնալու են: Բայց հիշվելունը հիշվելու է, հիշեցվելունը հիշեցվելու է: Չարն արժանանալու է Աստծո լույսի ջախջախիչ հարվածին…»,-ասաց նա։