Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների ճշգրտման խնդրին և կառավարության որդեգրած սկզբունքներին: Ստորև ներկայացնում ենք պատգամավորի հարցն ամբողջությամբ.
Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների ճշգրտման խնդիրն այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցն է։ Հայաստանն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծմանն ու սահմանազատմանը։ Որպես սահմանների որոշման բազիս նշվում են նախկին Սովետական սահմանները։ Նախորդ քառօրյային ես մեջբերեցի Ադրբեջանի անկախության մասին սահմանադրական ակտի կետերը, որոնց համաձայն Ադրբեջանն ինքը չի ճանաչում նախկին Սովետական սահմանները։ Խոստացաք այդ հարցն ուումնասիրել։
Այժմ ինձ հետաքրքրում է ՀՀ կառավարության դիրքորոշումը։
Նախորդ քառօրյայի ժամանակ կառավարության ղեկավարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Սովետական Հայաստանի հիմքի վրա (բառացի չեմ հիշում)։ Սակայն, կառավարությունը չի նշում, թե ո՞ր թվականների սահմաններով եք առաջնորդվելու, մինչդեռ սովետական նախկին հանրապետությունների միջև սահմանները 70 տարիների ընթացքում միշտ փոփոխվել են։ Օրինակ՝ Ալ լճերը, Ադրբեջանին են հանձնվել 20-ականների կեսերին։
Հիշեցնեմ Հայաստանի անկախության հռչակման մասին ՀՀ Գերագույն Խորհուրդի 1991 թ․ սեպտեմբերի 23-ի որոշումը հղում է կատարում Հայաստանի անկախության մասին Հռչակագրին։ Հռչակագիրն, իր հերթին հիմնվում է, շեշտում եմ՝ հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Այսինքն, Սովետական Հայաստանը, որի հիմքի վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, ներառում էր ԼՂԻՄ 5 շրջանները և Շահումյանի շրջանը։
Հիմա հարցս։ Եթե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում կամ առաջնորդվելու է Սովետական սահմաններով, արդյո՞ք սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել Լեռնային Ղարաբաղից (ԼՂԻՄ և Շահումյանի շրջան), որը 1989 թ․ դեկտեմբերի մեկից Սովետական Հայաստանի մաս է կազմել։
Պատգամավորի հարցը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատասխանը ներկայացնող տեսանյութն՝ ստորև.