ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Կամո Բարսեղյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են հայաստանյան լրատվամիջոցներով ցուցադրում ոչ թե ԼՂՀ, այլ ԼՂԻՄ քարտեզը, եւ հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունն այդ սխալը շտկելու ուղղությամբ (պատգամավորը նույն հարցը հնչեցրել է նաեւ 2.5 ամիս առաջ): Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ ԼՂՀ ներկայիս քարտեզը սկսել է ցուցադրել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ Հայաստանի Հանրայինն էլ` «ո'չ ԼՂԻՄ սահմաններն է ցուցադրում, ո'չ էլ` ԼՂՀ»:
Հարցին ի պատասխան` վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ հարցի առնչությամբ արտգործնախարարին առաջարկվել է համագործակցել հայաստանյան գործընկերոջ հետ: Առաջարկ է եղել նաեւ հարցը բարձրացնել ԼՂՀ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում, սակայն ոչ մի լուծում դեռ չկա: «Հարցը մեր իրավասություններից դուրս է»,- խոսքը եզրափակել է վարչապետը: