կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-27 22:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմը Արցախ և Հայաստան բերել է Նիկոլ Փաշինյանը․ Էդգար Ղազարյան

Պատերազմը միշտ զսպվել է երկու հիմնական միջոցներով՝ առաջինը ռազմական հավասարակշռությունն էր, որ Հայաստանը պահում էր Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ չնայած իր սահմանափակ ռեսուրսներին, մյուսը դիվանագիտական ջանքերն էին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյան։

Ռազմական հավասարակշռությունը պահելուն մեծապես օգնում էր ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը, նշեց նա, ինչը հնարավորություն էր տալիս Ռուսաստանի ներքին գներով ձեռք բերել սպառազինությունների այնպիսի տեսակներ, որոնք բացառիկ էին, մասնավորապես, «Իսկանդեր» համակարգերը, որ Ռուսաստանի զինված ուժերից բացի միակ երկիրը, որ իր տնօրինության տակ ուներ՝ դա Հայաստանն էր։

Հայաստանի կողմից իրագործվող դիվանագիտական ջանքերի հաջողությունը, նրա խոսքով,  հասել էր այնտեղ, որ մշտապես Հայաստանի և համանախագահ երկրների տեսակետները համընկնում էին՝ ի հակադրություն Ադրբեջանի։ Այսինքն, մինչև 2018 թ-ի իշխանափոխությունը եղել է մի իրողություն, որ Ադրբեջանի տեսակետները մշտապես հակադրվել են Ադրբեջանի տեսակետների հետ։

Սա զսպող միջավայր է հանդիսացել, որպեսզի Ադրբեջանը չգնա արկածախնդրության և պահպանվել է խաղաղությունը։

Իսկ այդ խաղաղության պահպանումը նպաստել է Արցախի և Հայաստանի տնտեսական, հասարակական հարաբերությունների զարգացմանը։

«Եվ ի՞նչ տեղի ունեցավ 2018 թ-ին․ երբ Հայաստանի վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, մայիսի 8-ին տեղի ունեցավ այդ չարաբաստիկ, ողբերգական իրադարձությունը, մայիսի 9-ին նա առաջին այցելությունը կատարեց Արցախ, և Արցախից հայտարարեց, որ ինքն այլևս չի բանակցելու Արցախի անունից քանի դեռ Արցախի բնակիչները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին և նա չի ստացել այդպիսի մանդատ Արցախի բնակիչներից։ Սա նշանակում էր բանակցային ձևաչափի կտրուկ փոփոխություն, որովհետև այն, որ Հայաստանի պետության ղեկավարը պետք է լիներ հայկական կողմից բանակցողը, դա ոչ միայն ընդունելի էր հիմնական մյուս բանակցող կողմի՝ Ադրբեջանի համար, այլ նաև միջազգային հանրության համար՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների, որոնք միջազգայնորեն հաստատված միակ ֆորմալ ձևաչափն էին բանակցային գործընթացի համար»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Փաստորեն, հայկական կողմից պաշտոնական բանակցելու իրավունք ունեցողը, առանց քննարկելու ո՛չ ադրբեջանական կողմի հետ, ո՛չ համանախագահող երկրների հետ, ո՛չ էլ միջազգային այլ որևէ գործընկերների հետ, միակողմանիորեն հայտարարեց Հայաստանի՝ բանակցային գործընթացից դուրս գալու մասին, ինչին ընդամենը րոպեներ հետո հաջորդեց թե՛ Ադրբեջանի նախագահի, թե՛ Եվրամիության արտաքին գործերի գլխավոր հանձնակատարի, թե՛ համանախագահող երկրների արագ արձագանքը, որ իրենք այս պահին անընդունելի են համարում բանակցային ձևաչափի փոփոխությունը։

«Եվ առհասարակ, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում որևէ բանակցություն Հայաստանի ղեկավարի և Ադրբեջանի ղեկավարի միջև տեղի չի ունեցել։ Միակ պաշտոնական հանդիպումը, որը կազմակերպել են համանախագահողները, եղել է Վիեննայի հանդիպումը, որը չի ձևակերպվել իբրև բանակցություն, այլ ընդամենը կողմերը հանդիպել են՝ ծանոթանալու միմյանց տեսակետներին, որովհետև բանակցությունը իր բովանդակային իմաստով տարբերվում է՝ պայմանավորված բանակցության առանցքի, խնդիրների շուրջ և այլն։ Այսինքն, եթե գոյություն ունի կոնֆլիկտ և այդ կոնֆլիկտը ունի ռազմական հանգուցալուծման ռիսկեր, որովհետև մյուս կողմը ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է դրա մասին, և այս կողմը դուրս է գալիս առհասարակ բանակցելու միջավայրից, ապա ակնհայտ էր, որ դրա հետևանքը պետք է լինի պատերազմը»,-փաստեց Էդգար Ղազարյանը։

Նա եզրակացրեց, որ պատերազմը Արցախ և Հայաստան բերել է Նիկոլ Փաշինյանը՝ իր անմիտ գործողություններով, անհեռատես քաղաքականությամբ և հակադրվելով ողջ միջազգային հանրությանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․