Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ անկախության հռչակումը և պետականության ձևավորումը
20-րդ դարավերջին Հայաստանի անկախության վերականգնումը և հայկական զույգ հանրապետությունների (ՀՀ և ԼՂՀ) ստեղծումը շրջադարձային եղան մեր ժողովրդի պատմության մեջ։ 1980-ական թթ. երկրորդ կեսին, հավատալով գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականությանը, հայ ժողովուրդը փորձեց հասնել Արցախի ազատագրությանը։ Երկու տարվա ծանր փորձություններից հետո, համոզվելով, որ ամբողջատիրական վարչակարգը և ժողովրդավարությունը անհամատեղելի են, համազգային պայքարը միաժամանակ ուղղվեց անկախ պետականության վերականգնմանը։ Հաղթահարելով բազմաթիվ դավեր ու փորձություններ՝ հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը։
Արցախի բնակչությունը շուրջ 70 տարի պայքարել էր ադրբեջանական իշխանությունների հայավեր քաղաքականության դեմ։ 1988 թ․ փետրվարից սկիզբ առած արցախյան համաժողովրդական շարժմանը Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժ՝ դիմելով ցեղասպանական գործողությունների Սումգայիթում, Բաքվում և այլուր։ Սկսվեց բռնագաղթը Ադրբեջանի հայաբնակ վայրերից, որն ընթացավ մի քանի փուլերով։
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի շրջափակումը վատթարացրեց առանց այդ էլ ծանր իրադրությունը։ Սակայն այս ամենը չընկճեց հայ ժողովրդին, որը որդեգրեց համազգային պայքարի ուղին։ Սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ հայտնված Հայաստանի Հանրապետությունն իր ունեցած բոլոր հնարավոր միջոցներով օգնում էր Արցախին Ադրբեջանի դեմ մղվող ազատագրական պայքարում:
Ադրբեջանական իշխանությունները շարունակում էին զավթել հայկական գյուղերը և բնակիչներին արտաքսել հայրենիքից:
1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական միլիցիայի` հատուկ նշանակության ջոկատները (ռուս.` ՕՄՕՆ) խորհրդային բանակի աջակցությամբ բացահայտ պա¬տերազմ սկսեցին Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության դեմ:
1991 թ. մայիսին Ադրբեջանի կողմից հրահրվեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ: 1991 թ. Հուլիսին Արցախում ստեղծվեցին ինքնապաշտպանության ընդհա¬տակյա կոմիտե և ինքնապաշտպանական ուժերի շտաբ: Մարզի բոլոր շրջաններում ձևավորվեցին զինված ջոկատներ, որոնք հետագայում համախմբվեցին մեկ միասնական հրամանատարության ներքո:
Երբ ակնհայտ դարձավ ԽՍՀՄ փլուզման անխուսափելիությունը, 1991 թ. օգոս¬տոսի 30-ին Բաքվում հրավիրված Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց Ադրբեջանական Հանրապետության անկախության վերա¬կանգնման մասին հռչակագիր: Հռչակագրում ասվում էր, որ Ադրբեջանի Հանրապետությունն ընդգրկելու է 1918¬-1920 թթ. մուսավաթական Ադրբեջանի Հանրապետության սահմանները: Փաստորեն, Բաքուն հրաժարվում էր Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց: Դա նշանակում էր, որ նրա կազմում չէին կարող լինել ո՛չ Նախիջևանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը։ 1990 թ. ապրիլի 3-ից գործող «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալուն առնչվող հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքով Խորհրդային Միությունից դուրս եկող հանրապետության սահմաններում գտնվող ինքնավար հանրապետություններին ու ինքնավար կազմավորումներին և տվյալ տարածքում բնակչության մեծամասնությունը կազմող համահավաք բնակվող ազգային խմբերին իրավունք էր տրվում ինքնուրույնաբար վճռելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը։ Հետևաբար Լեռնային Ղարաբաղի հայությունն իրավունք ուներ օրինական ճանապարհով անջատվելու Ադրբեջանից, մանավանդ որ 1918-1920 թթ. Ղարաբաղը այդ պետությանը մաս չէր կազմել: Բացի այդ՝ 1991 թ. հոկտեմբերի 18-ի անկախության մասին սահմանադրական ակտով Ադրբեջանը անվավեր ճանաչեց Խորհրդային Միության գոյության շրջանում ընդունված իրեն վերաբերող ակտերը: Դրանով իսկ Ադրբեջանը անվավեր ճանաչեց նաև բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին:
Առաջնորդվելով ԽՍՀՄ Սահմանադրությամբ և նշված օրենքով` 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հրավիրվեց Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջան: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում հռչակվեց անկախ հայկական պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) : Նրա տարածքում մինչև ԼՂՀ Սահմանադրության և օրենքների ընդունումը գործելու էին ԽՍՀՄ Սահմանադրությունն ու օրենսդրությունը:
Այսպիսով` Ադրբեջանի անկախության հռչակումից հետո ԼՂԻՄ-ը՝ որպես ինքնավար կազմավորում, և Շահումյանի շրջանը` իբրև ազգային փոքրամասնությամբ համահավաք բնակեցված տարածք, մինչև ԽՍՀՄ-ի իրավաբանական գոյության ավարտն իրականացրին իրենց պետաիրավական կարգավիճակների որոշմանը նպատակաուղղված, Խորհրդային Միության գործող օրենսդրությամբ սահմանված իրավական քայլեր: Հետևաբար Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում զուրկ են իրավական հիմքերից: Միջազգային իրավունքի տեսանկյունից ևս նման հիմքեր գոյություն չունեն, քանի որ Ադրբեջանը, անկախություն հռչակելով, իրեն հայտարարել է 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդը, որը չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից այդ հանրապետության մեջ մտնող տարածքների սահմանների հստակ որոշման դժվարության պատճառով:
Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ զուրկ են նաև պատմական հիմքերից, քանի որ վերջինս անկախ Ադրբեջանի մաս երբևէ չի եղել: Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության հռչակումից անմիջապես հետո Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունեց որոշում, որով տեղի ունեցածը համարեց դավադրություն Ադրբեջանի ամբողջականության ու անկախության դեմ և հանրապետության ուժային գերատեսչություններին հանձնարարեց խափանել այդ հռչակագրի կենսագործման ցանկացած փորձ՝ պատասխանատվության ենթարկելով դրա հեղինակներին: Միաժամանակ հանրապետական կազմկոմիտեին հանձնարարվեց լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել ԼՂԻՄ-ի բնակչության զինաթափումն արագացնելու ուղղությամբ: Այդ հանձնարարականները գործնականում անհնար էր կատարել, քանի որ մարզի մեծ մասը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը սաստկացրեց ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
1991 թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չնայած պատերազմական դժվարին կացությանը, ԼՂՀ բնակչության` ձայնի իրավունք ունեցողների 82 %-ը մասնակցեց հանրաքվեին, իսկ քվեարկողների 99,8 %-ը քվեարկեց անկախության օգտին :
1991 թ. դեկտեմբերի 28-ին կայացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի (հետագայում՝ Ազգային ժողով) պատգամավորների ընտրություններ, որոնց ադրբեջանցիները չմասնակցեցին: 1992 թ. հունվարի 6-ին Ստեփանակերտում` նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, ընտրված 51 պատգամավորներից 48-ի մասնակցությամբ (ճանապարհի փակ լինելու պատճառով 3 պատգամավոր չէր հասել Ստեփանակերտ) և 80 դիտողների ու լրագրողների ներկայությամբ տեղի ունեցավ հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց «ԼՂՀ անկախության հռչակագիրը»։
Հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց 33-ամյա պատմաբան Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց ԼՂՀ Նախարարների խորհուրդ՝ Օլեգ Եսայանի վարչապետությամբ:
Մարտերի բովում կազմավորվեց ԼՂՀ բանակը, որն ազատագրական պայքարում իրեն պսակեց հաղթանակների փառքով: Առաջնային համարվեց ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բանակցությունների գործընթացը, որում որպես միջնորդ կողմ ներգրավվեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Բայց Ադրբեջանի իշխանությունները մերժում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի` քաղաքական մեթոդներով կարգավորմանն ուղղված ամեն մի առաջարկ: Ավելին՝ Թուրքիայի հովանավորությամբ ու աջակցությամբ ադրբեջանցիներն իրենց ռազմական բազաներից սկսեցին անընդհատ ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Շրջափակումն ու շուրջօրյա հրետակոծություններն ավերել ու կաթվածահար էին արել Արցախի տնտեսությունը: Առանց հակառակորդի ռազմական հենակետերի ու կրակակետերի ոչնչացման հնարավոր չէր ապահովել բնակչության անվտանգությունը:
Արցախի ազատագրական մարտերը. Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և դիվանագիտական աջակցությունը մարտնչող Արցախին
Կազմակերպչական լուրջ աշխատանքներ տանելուց հետո ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992 թ. հունվարից ձեռնամուխ եղան Ստեփանակերտի քաղաքամերձ ադրբեջանական կրակակետերի ոչնչացմանը:
Զինված ջոկատները համարվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժեր և միավորվեցին մեկ միասնական հրամանատարության ներքո: ԼՂՀ ԳԽ նախագահության 1992 թ. մարտի 4-ի նիստի որոշմամբ ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատար նշանակվեց գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) : Նույն նիստի որոշմամբ ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության խորհուրդ՝ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: 1992 թ. մարտի 26-ին ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության կոմիտե (ՊԿ): Հանրապետության ներքին կայունությունը պահպանելու նպատակով ԼՂՀ ԳԽ նախագահությունը որոշեց ՊԿ նախագահ նշանակել Սերժ Սարգսյանին :
1992 թ. մարտին վերջնականապես ձևավորվեց ԼՂՀ գործադիր իշխանությունը: ԼՂՀ ԳԽ նախագահությունը գործադիր իշխանության կարևորագույն լիազորություն¬ները իրեն վերապահեց մինչև 1992 թ. օգոստոս (մինչև Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) ստեղծումը) : Սկսեց գրվել ազգային բանակի մարտական փայլուն կենսագրությունը, որի առաջին էջը դարձավ Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի ոչնչացումը։
Շուշիի ազատագրումը
1992 թ. մայիսի սկզբին ԼՂՀ մայրաքաղաքում և այլ բնակավայրերում դրությունն օրհասական էր: Անընդհատ ռմբակոծվող մայրաքաղաքը սովի եզրին էր: Քաղաքում չկար հեղուկ վառելիք, իսկ մայիսի 1-ից լրիվ անջատվել էր էլեկտրաէներգիան: Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի անվտանգության ապահովման համար Շուշին պետք է ազատագրվեր: Գերխնդիր էր Շուշիի ազատագրմամբ ՀՀ-ի հետ ճանապարհային ուղիղ կապի ապահովումը:
1992 թ. մայիսի 4-ին որոշվեց իրագործել Շուշիի գրավման «Հարսանիք լեռներում» գործողությունը: Ռազմական գործողությունները ղեկավարում էր գնդապետ Ա. Տեր-Թադևոսյանը, նրա կողքին էին գեներալ Գ. Դալիբալթայանը, շտաբի պետ Ֆ. Գզօղլյանը և ուրիշներ:
Թշնամին ուներ 2300 զինյալ, իսկ գրոհող հայկական ուժերի թիվը հասնում էր 1700-ի: Շուշիի ազատագրման գործողություններին մասնակցում էր մոտ 60 ջոկատ: Մայիսի 8-ի գիշերը՝ 2-ն անց 30-ին, հրետանային կրակի ներքո բոլոր չորս ուղղություններով սկսվեց ընդհանուր գրոհը:
Մայիսի 8-ի կեսօրին Շուշիի պաշտպանությունը ճեղքված էր հյուսիսից և արևելքից: Ժամը 18-ին հայ ազատամարտիկներն ազատագրեցին քաղաքի կենտրոնը և ադրբեջանցիների հսկողության տակ թողեցին միայն հարավային հատվածը: Մայիսի 9-ի կեսօրին մարտեր էին մղվում միայն հենակենտրոնի մոտ: Թշնամին խուճապահար դիմեց փախուստի: Երկու օրում թշնամու դիմադրությունը կոտրվեց: Շուշիի ազատագրմամբ և հակառակորդի մյուս կրակակետերի լռեցումով Ստեփանակերտը և հարակից բնակավայրերը շունչ առան:
Շուշիի ազատագրումից հետո ռազմական գործողություններն ընդունեցին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային պատերազմի բնույթ, իսկ ԼՂՀ անկախությունը դարձավ ամբողջական ու անշրջելի:
Արցախի հինավուրց մայրաքաղաքի ազատագրումն ամրապնդեց հայ ժողովրդի հավատը հաղթանակի հանդեպ, բարոյահոգեբանական հարված հասցրեց թշնամուն:
Պատերազմի հաղթական ավարտը
ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առջև խնդիր դրվեց մի քանի օրվա ընթացքում բացելու հույժ կենսական կարևորություն ունեցող Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհը, որը հնարավորություն կտար վերացնելու Արցախի շրջափակումը և ապահովելու հան-րապետության բնակչության նորմալ կենսագործունեությունը: Հայ ազատամարտիկները մայիսի 15-ին ազատագրեցին Լիսագորը, իսկ մայիսի 17-ին՝ Բերդաձորի ենթաշրջանը :
Հետապնդելով խուճապահար հակառակորդին ու զարգացնելով ռազմական գործո¬ղությունները՝ ղարաբաղյան ուժերն առաջ շարժվեցին և մայիսի 18-ին մտան Լաչին: Դրանով ճեղքվեց շրջափակման օղակը, և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի Հանրապետությանը: Բացվեց «կյանքի ճանապարհը», և Արցախը կապվեց մայր հայրե¬նիքին: Այս հաղթանակները խթանեցին ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման գործընթացը:
1992 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ազատագրվեցին Ասկերանի և Մարտունու մի շարք գյուղեր : 1993 թ. ապրիլին հայկական զորքերն ազատագրեցին ռազմավարական նշանակություն ունեցող Քելբաջարի (Քարվաճառ) շրջանը, իսկ մայիս-հունիս ամիսներին՝ Մարտակերտի շրջանի գրավված տարածքները: Ադրբեջանական Լաչին-Քելբաջար խմբավորման ջախջախման շնորհիվ ապահովվեց անվտանգ երթևեկություն «կյանքի ճանապարհով»:
1993 թ. առաջին կիսամյակի մարտական գործողությունների եզրափակիչ փուլը Մարտակերտ քաղաքի ազատագրումն էր: 1993 թ. հուլիսի 23-ին հայկական ուժերին հաջողվեց թշնամուն պարտության մատնել Աղդամի մոտ: Աղդամի խմբավորման ջախջախումից հետո թշնամին ուժ ու միջոցներ կուտակեց Ֆիզուլիի (Դիզակ) և Ջաբրայիլի (Ջրակն) շրջաններում: Հակահարձակման անցնելով՝ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ջախջախեցին թշնամուն և գրավեցին Ֆիզուլիի (օգոստոսի 22), Ջաբրայիլի (օգոստոսի 23), Կուբաթլուի (օգոստոսի 31) և Զանգելանի (Կովսական) (նոյեմբերի 1) շրջանները : Նույն թվականի հոկտեմբերի 24-ին մի քանի ուղղություններով սկսված հարձակման արդյունքում ոչնչացվեցին Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, և գրավվեց Հորադիզի շրջանը: 1993 թ. դեկտեմբերի կեսերին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց ռազմաճակատի ողջ երկայնքով՝ փորձելով վերադարձնել կորցրած տարածքները, բեկում մտցնել պատերազմում:
Ադրբեջանական բանակը համալրվեց օտարերկրյա ժամանակակից տեխնիկայով: Նրանց բանակի շարքերում կռվում էին աֆղան, թուրք, ուկրաինացի, չեչեն և հյուսիսկովկասցի այլ վարձկաններ:
Հավաստի տվյալներով՝ Արցախում տեղաբաշխվել էին 1000-1500 վարձկաններ հիմնականում «Հեղբ ի էսլամի» խմբավորումից: Վարձկանները գործել են Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Ալի Բայրամլիի շրջաններում: Նրանց շարքերում մեծ թիվ են կազմել «արաբ աֆ-ղանները», որոնց մեջ է եղել հետագայում Չեչնիայում կռվող հայտնի ահաբեկիչ Խաթաբը: Վարձկանները ղեկավարել են խառը կազմ ունեցող զորամիավորումներ: Նրանց մեջ է եղել նաև չեչենական գումարտակը (հրամանատար՝ Շ. Բասաև), որը մտել է ադրբեջանական «Դ» խումբ կոչվող դիվերսիոն զորամիավորման մեջ: Ուկրաինայի վարձկանները հայտնի էին կրիվիչներ անունով: Վերսկսվեց Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և ԱՊՀ այլ պետություններից ադրբեջանցի (ոչ միայն) կադրային սպաների` Ադրբեջան տեղափոխումը: Մեծ թվով սպաներ ու ռազմական հրահանգիչներ հրավիրվեցին Թուրքիայից: 1993 թ. հոկտեմբերից մինչև 1994 թ. մայիսը անցկացվել էր չորս զինակոչ: Արտասահմանում գնվել էին մեծաքանակ ռազմական տեխնիկա և սպառազինություն: Ընդլայնվել էր ազգային զինվորական կադրերի պատրաստումը Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում: Սկսած 1993 թ. դեկտեմբերի 15-ից՝ ադրբեջանական զորքերը հարձակումներ գործեցին Ֆիզուլիի, Մարտունու, Աղդամի, Մարտակերտի և Քելբաջարի ուղղություններով: Խախտելով Ռուսաստանի միջնորդությամբ մինչ այդ հաստատված տասնօրյա երկկողմ զինադադարը՝ հակառակորդը մեկօրյա հրետանային նախապատրաստությունից հետո՝ դեկտեմբերի 22-ին, տանկերի, հետևակի և մարտական մեքենաների գործադրմամբ, 30 կմ ճակատային գծով վերսկսեց հարձակումը Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ:
Ազատատենչ արցախցիները կարողացան կասեցնել հակառակորդի բոլոր հարձակումները և առանձին վայրերում հակահարձակման անցնելով՝ հսկողության տակ վերցնել նոր տարածքներ: Ավելի քան մեկամսյա համառ մարտերի ընթացքում հակառակորդը չկարողացավ որևէ հաջողության հասնել:
1993 թ. փետրվարի 18-ին Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումով, ապահովվեց Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող պաշտպանական ուժերի թիկունքը: Աղդամի շրջանի և Միրբաշիրի (Թարթառի) ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ գործողությունները կատարելապես խուճապի մատնեցին ադրբեջանցիներին:
Ազատագրվեցին Մարտակերտի և Ասկերանի շրջանների բնակավայրերը: Շուրջ երեքամսյա թեժ մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 5000-ից ավելի զինվոր և սպա, 72 միավոր տեխնիկա:
Չկարողանալով ռազմական ուժի օգնությամբ իր օգտին լուծել ղարաբաղյան հիմնահարցը և հետագա խայտառակությունից խուսափելու համար ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994 թ. մայիսին հրադադար խնդրել: Մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջնորդական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների ղեկավարները (Յ. Մամեդով, Կ. Բաբուրյան և Բ. Արարքցյան) ստորագրեցին արձանագրություն կրակի դադարեցման վերաբերյալ: Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին: ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովի միջնորդական ջանքերով ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարները (Ս. Սարգսյան և Մ. Մամեդով) և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Ս. Բաբայանը մայիսի 11-ին համաձայնագիր ստորագրեցին կրակը դադարեցնելու վերաբերյալ։
1994 թ. մայիսի 12-ին համաձայնագիրն ուժի մեջ մտավ: Հաջորդ օրը ադրբեջանական բանակը խախտեց այն: Վերջապես, մայիսի 16-ին Պավել Գրաչովի նախաձեռնությամբ ու առաջարկությամբ ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանը, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարները և ԼՂՀ ՊԲ հրամանատարը Մոսկվայում համաձայնության եկան կրակի դադարեցման շուրջ, որին մեկ ամիս անց Ադրբեջանը տվեց իր համաձայնությունը :
Դադարեցվեցին ռազմական գործողությունները, և սկսվեց ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային փուլը:
Պատերազմում զոհվեցին շուրջ 6500 ազատամարտիկներ :
Արցախյան ազատագրական պատերազմին մասնակցեց նաև սփյուռքահայությունը: Նրա օգնությունը դրսևորվեց ռազմական, տնտեսական ու բարոյական առումներով:
Սփյուռքահայերը ոչ միայն մասնակցեցին ռազմական գործողություններին, այլև ծանրակշիռ ներդրում ունեցան զինվորական կադրերի պատրաստման, մարտական ջոկատների և պաշտպանական շրջանների ձևավորման գործում: Սփյուռքահայ քաջերի մի մասը՝ Վիգեն Զաքարյան, Մհեր Ջուլհաճյան, Մոնթե Մելքոնյան, Կարո Քահքեջյան և ուրիշներ, զոհվեց:
* * *
Տանուլ տալով պատերազմը և չկարողանալով շոշափելի հաջողությունների հասնել դիվանագիտական ասպարեզում՝ 1990-ական թթ. կեսերից սկսած, հատկապես 2000-ական թթ. սկզբներին, Ադրբեջանը որդեգրեց նոր՝ դիպուկահարների և դիրքային պատերազմ, դիվերսիոն հարձակումներ, գյուղերի և առհասարակ խաղաղ բնակչության թիրախավորում և այլն: Թեև նմանատիպ գործողությունները մշտապես տեղի են ունեցել հետհրադադարյան պայմաններում, այնուամենայնիվ, 2014, 2015 և 2016 թթ. քանա-կական և նպատակադրումների առումներով դրանք ձեռք բերեցին որակապես նոր բովանդակություն: Ռազմաշունչ հռետորաբանությանը զուգահեռ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար և հետևողականորեն քայլեր էր ձեռնարկում առաջնագծում իրադրությունն արհեստականորեն սրելու ուղղությամբ:
2015 թ. հակառակորդը գործողության մեջ դրեց հրետանի և զենիթային կայանքներ: 2016 թ. թշնամին որոշեց հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ խախտելով զինադադարը :
Քառօրյա պատերազմը
Չնայած 1994 թ. հաստատված զինադադարին՝ շուրջ 22 տարի ադրբեջանական կողմը մշտապես խախտել է այն՝ պարբերաբար ռմբակոծելով արցախա-ադրբեջանական սահմանային հայկական դիրքերն ու հայ-ադրբեջանական սահմանամերձ գյուղերը կամ դիպուկահարների օգնությամբ սպանելով հայ սահմանապահ զինվորներին ու խաղաղ բնակչությանը: Այս ամենին հայկական կողմը շատ հաճախ պատասխանում էր պատժիչ գործողություններով:
Ադրբեջանի հանկարծակի, կայծակնային հարձակումը («բլիցկրիգը») տապալվեց: ՀՀ նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանը ապրիլի 4-ին՝ ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ, հստակորեն մատնանշեց Թուրքիայի խիստ բացասական դերը Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Նա նշեց, որ «Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր՝ Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում պատերազմ հրահրողի դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը»:
Պաշտպանական բանակի հերոսամարտերի, Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր եռամիության, հայ հասարակության համախմբման շնորհիվ հակառակորդը հուժկու հակահարված ստացավ և պարտադրված գնաց զինադադարի. ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, նա առաջարկեց հրադադար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:
Արցախյան պատերազմի 2-րդ փուլում իր համախմբվածությամբ, զինվորի ու բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ մեր ժողովուրդն ապացուցեց, որ կարողանում է համախմբվել առանց կոչի, զինվորագրվել ազգային կարևոր խնդրի լուծման գործին, նեցուկ կանգնել հայոց պաշտպանական վահանին՝ հայկական բանակին:
Էդիկ Մինասյան