կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 14:01
Տնտեսական

«Դրօշակ»ի Առաջնորդող. Պատմական իրողություններ և ճակատագրական հետևանքներ

«Դրօշակ»ի Առաջնորդող. Պատմական իրողություններ և ճակատագրական հետևանքներ

Սեպտեմբեր ամիսը այսուհետ ամրագրվելու է մեր գիտակցության մեջ հայության կյանքում տեղի ունեցած երեք կարևորագույն իրադարձություններով։ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի, Շահումյանի շրջանային խորհրդի և բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակագիր ընդունեց ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին: Նույն 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: 29 տարի անց՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ պատերազմ սկսեց Արցախի դեմ, որի հետևանքները ոչ միայն կործանարար եղան Արցախի համար, այլև լրջագույն սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ամբողջականության և հետագա ինքնիշխան գոյության համար։

Հայության՝ ազգային գիտակցությամբ օժտված հատվածի համար Արցախի ազատագրումը նորագույն շրջանի ազգային գլխավոր ձեռքբերումն էր, որովհետև անգամ Հայաստանի անկախության տեսլականը շատ ավելի իրականանալի հեռանկար ուներ, քան Լեռնային Արցախի հայկականության պահպանումը և նրա ազատագրումը ադրբեջանական լծից, իսկ հայկական Արցախի գոյությունը լուրջ պատվար էր դառնալու Հայաստանի համար՝ էականորեն մեծացնելով միասնական հայրենիքի ընդհանուր ներուժը։

Դավադրական պատերազմից մեկ տարի անց անդրադառնալով անցած ճանապարհին և ներկա վիճակին՝ պարտավոր ենք հանուն ապագայի հստակեցնել, թե արդյոք թույլ չե՞նք տվել այնպիսի ճակատագրական սխալներ, որոնք դեր են խաղացել ողբերգական հետևանքների հարցում։ Ինչո՞վ էինք զբաղված տասնամյակներ շարունակ, երբ թշնամին, մանկապարտեզից սկսած, դաստիարակում էր իր ժողովրդին, թե Ղարաբաղն իրենցն է, և այն ցանկացած գնով պիտի ետ նվաճեն։ Երբ այդ թշնամին, իր նպատակներին հետամուտ, ամեն օր խնդիրներ էր ստեղծում հայկական կողմի համար սահմանային գոտում, մարտական շփման գծում, միջազգային կազմակերպություններում և ամենուր, մենք հակադարձողի դերի մեջ գոհանում էինք, եթե հաջողվում էր չեզոքացնել հակահայկական հերթական որոշումը միջազգային ատյաններում կամ ռազմական սադրանքը սահմանին։ Անցած 30 տարիներին թշնամի երկրում իշխող գաղափարախոսության և ներհասարակական մթնոլորտի պայմաններում չհայտնվեց մի «խաղաղասեր», որը կասկածի տակ կդներ Արցախի ադրբեջանապատկանության հարցը կամ ակնարկ կաներ հրաժարվելու «դժբախտ, դժգույն» բնակավայրերից, այնինչ ազգային-ազատագրական պայքարի ճանապարհ ընտրած հայության զանգվածներ ուսերի վրա իշխանության բերեցին հայրենիք հանձնող օտարասուն խառնախմբի և ցավի բթացած զգացողությամբ չեն արձագանքում թե՛ կորցրածի, թե՛ հնարավոր կորցնելիքի համար։ Երեսուն տարի չավարտված պատերազմի երկիրը հաղթողի ու ամենակարողի ինքնահավանությամբ արհամարհեց ազգային գաղափարախոսության սերմանման, ազգային դաստիարակության, երկիրը հավանական մարտահրավերների դեպքում ներքուստ առողջացնելու և նախապատրաստելու հարցերը։ Երես առած երեխայի պես հակառակորդը ցանկության դեպքում և՛ բանակցեց, և՛ զուգահեռաբար ձեռնարկեց ռազմական սադրանքներ ու երկու պատերազմ` թքած ունենալով, թե ինչ կասեն արտաքին ուժերը (որոնք այդպես էլ նրան չդատապարտեցին, այլ միշտ երկու կողմերին նախատեցին հավասարապես)։ Այնինչ հայկական կողմը կարգապահ աշակերտի պես միշտ ձգտեց դրսի ուժերին ապացուցելու, թե ինչքան լսող է և պարտաճանաչ։

Ադրբեջանը մշտապես վարեց ագրեսիվ հռետորաբանություն, անընդհատ մեծացրեց իր ռազմական ներուժը, օտարերկրյա պաշտոնական զորամիավորումների և ահաբեկիչ վարձկանների ներգրավեց հանցագործ պատերազմի մեջ, երբեք թույլ չտվեց, որ այլ արժեքներ դավանող և ազգային-պետական ռազմավարության շուրջ անհամաձայնություններ ունեցող ուժերը գլուխ բարձրացնեն երկրի ներսում, իսկ Հայաստանը վախեցավ անգամ ռազմաքաղաքական համաձայնագիր կնքել Արցախի հետ, վախեցավ կամ քամահրանքով վերաբերվեց տարածքների բնակեցման հարցին և իր ծոցում տաքացրեց օտարի հինգերորդ շարասյունը հանդիսացող ուժերի, որոնք պետք է խաղաղ տիրանային իշխանությանը և քանդեին երկիրը։ Անշուշտ, երկար տարիների անպտուղ գործելակերպը չդարձավ արցախյան պարտության ու չավարտված կապիտուլյացիայի անմիջական պատճառը, սակայն այն հող նախապատրաստեց նրանց գալու համար, որոնց իշխանության օրոք հնարավոր դարձավ այն, ինչ եղավ։

Արձանագրենք, որ բացարձակապես անփորձ և անպատասխանատու նոր իշխանությունը ոչ միայն ունակ չեղավ պաշտպանելու երկիրը հնարավոր պատերազմից և դրա կործանարար հետևանքներից, այլև նույն թեթևամտությամբ պատրաստակամություն է դրսևորում վավերացնելու փաստաթղթեր, որոնք ոչ միայն Արցախի կորուստը իրավականորեն կամրագրեն, այլև այնպիսի զիջումներ Հայաստանից, որոնցից հետո Հայաստանը առհավետ կկորցնի անվտանգությունն ու ինքնուրույնությունը պաշտպանելու հնարավորությունը։ Հայաստանի վերջին պարտվողական իշխանությունը, ձեռք ձեռքի տված առաջին պարտվողական իշխանության հետ, փայփայում է այն հույսը, թե թուրք-ադրբեջանական առավելապաշտական պահանջները բավարարելուց հետո Հայաստանը կստանա հավերժական խաղաղություն, բայց այդ անուրջները ոչ մի առնչություն չունեն ո՛չ պատմական դասերի, ո՛չ թուրքական ռազմավարական ծրագրերի և ո՛չ էլ աշխարհաքաղաքական կոնկրետ իրողությունների հետ։ Զգալով իր թույլ տված պատմական սխալների ծանրությունը և մյուս կողմից պատանդ մնալով հայոց պարտությունների ծրագրի վերջնականացմանը` արկածախնդիր իշխանությունը արտաքին մարտահրավերներից շեղելու համար շարունակում է ժողովրդի ամբոխային կրքերը գրգռել ներքին դասակարգային պայքարով։

Համակողմանիորեն ձախողված իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու լավագույն պաշտպանական մարտավարություն է որդեգրել հարձակումը։ Երկրի ճակատագրական հարցերում բացարձակ կրավորականության պայմաններում շարունակվում է դատական հետապնդումների բազմասերիանոց շոուն։ Ըստ էության, երկրում հաստատված է ավտորիտար խունտա, որի հենարանը ազգային անվտանգության և ոստիկանության ուժերն են։ Ասվածի ամենաակնառու օրինակը ներկայիս խորհրդարանն է, որի միջանցքները լցված են համազգեստավոր ու ավտոմատավոր մարդկանցով, որոնք հրաման ստանալուն պես խուժում են նիստերի դահլիճ և ծեծում պատգամավորների։ Ընդդիմադիր տարբեր գործիչների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ անօրինականորեն ձերբակալվել ու փակի տակ են պահվում երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի պատգամավորներ։ Ճնշման տակ է ազատ մամուլը, ուժային կառույցների ծառայամիտ ղեկավարները պատրաստակամորեն ժողովրդի դեմ են դուրս բերում բիրտ վարք դրսևորող ուժերի` անկախ նրանից, թե ինչի դեմ է ուղղված հանրային դժգոհությունը։ Իշխանությունը առանց վարանելու նորանոր օրինակներով փաստում է, որ իր համար երկրի բոլոր օրենքները, այդ թվում` մայր օրենքը, ոչ մի արժեք չունեն։ Այս քաղաքական վարքի համար կրկնվող պատմական օրինաչափություն է նաև երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կենտրոնացումը մեկ մարդու ձեռքում, ինչը սովորաբար վերածվում է անվերջանալի գործընթացի և ավարտվում է իշխանական համակարգի ու նրա կրողի կործանմամբ։

Նրանք, ովքեր կուլիսների ետևում խորհուրդներ են տալիս ինքնահավան բռնապետիկին` սեփական փորձառությունից ելնելով, կարող էին իհարկե զգուշացնել վերջինիս, բայց նրանք էլ կարծես էյֆորիայի մեջ են։ Ներքին լսարանի առջև պատասխանատվություն չունենալով, իսկ արտաքին ուժերի կողմից լռության խրախուսանքի արժանանալով` գործող խունտան, «դրական ազդակներին» արձագանքելով, ընթանում է դեպի հերթական պարտավորությունների կատարումը ազգի ոխերիմ թշնամիների նկատմամբ։

Կգտնի՞ արդյոք բարոյալքված, խաբված ժողովուրդն իր մեջ բավարար իմաստնություն և կամք` ոտքի կանգնելու և կանխելու այս գահավիժումը։

Պատասխանատու են բոլորը, քանի որ այս երկիրը ներկայի պատանդը չէ. այն ավելի շատ պատկանում է անցյալին ու ապագայի սերունդներին։ Ոտքի կանգնելու, գործելու պատասխանատվությունը բոլոր նրանց ուսերին է, ովքեր կարողունակ են և հայրենիքը վեր են դասում ամեն ինչից։

Հ.Գ. Այս պայմաններում իշխանությունը, որը երկրի սահմանների պաշտպանության գործը պատրաստ է հանձնել ցանկացածին ով այդ պատասխանատվությունը կստանձնի, պատրաստվում է կատարել երկրի անկախության օրվան նվիրված գունագեղ տոնակատարություն:

Կարելի՞ է տոնել մի երկրի անկախությունը, որի սահմաններից ներս, ազատորեն թրև է գալիս թշնամին՝ ճանապարհներ է փակում, դիրքեր է գրավում, հավակնում է տիրանալու հաղորդակցական միջանցքների: Անկախության օրը տոնելու իշխանության բարոյական իրավունքին չարժե անդրադառնալ՝ չեղած բանից չեն խոսում:

«Դրօշակ», թիվ 9(1658), սեպտեմբեր, 2021 թ.