կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 13:01
Քաղաքական

Ե՞րբ է ստել Փաշինյանը՝ երե՞կ, թե՞ մեկ տարի առաջ (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին՝  ՀՀ Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ,  ի պատասխան պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե արդյո՞ք իշխանությունները տեղյակ են եղել Արցախի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն պատասխանեց հետևյալը. «ՀՀ համապատասխան ինստիտուտներն ինձ տված զեկույցներում, մինչև 2020-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ, պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են նման գնահատականներ տալ»: 

Նշենք նաեւ, որ այդ ժամանակ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, որ քիչ հավանական է, որ Թուրքիան նույնպես ներգրավված լինի հնարավոր պատերազմում: 

Փաստորեն, սեպտեմբերի 15-ին Փաշինյանը խոստովանեց, որ իր կառավարման ամբողջ համակարգը տեղյակ չէր պատերազմի վերսկսման հնարավորությունից: Հասկանալով, թե ոչ՝ Փաշինյանը երեկ հրապարակավ խոստովանեց, որ իր պետական ապարատը սպառնալիք է ՀՀ ժողովրդի համար, քանի որ նա ոչ միայն անարդյունավետ է գործում, այլև չունի Հայաստանի հետ կապված խնդիրները լուծելու և գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու «բանալիներ»: Փաշինյանի հայտարարությունն ամենաանկեղծ խոստովանություններից մեկն է, որը լեգիտիմ հիմք է տալիս ցանկացած լուրջ և ազդեցիկ քաղաքական ուժի հայ հասարակությանը տալ հետևյալ հարցը՝ որքանո՞վ է բարոյական և անվտանգ, եթե Փաշինյանը և նրա իշխող խումբը շարունակեն կառավարել մեր պետությունը:

Պետք է նաև նշել, որ ընդամենը մեկ տարի առաջ, պատասխանելով նույն հարցին, Փաշինյանն ասաց. «Արցախի դեմ պատերազմը մեզ համար չսկսվեց անսպասելի: Մենք գիտեինք և սպասում էինք: Հարցը միայն այն էր, թե որ ժամին և որտեղից թշնամին կհարձակվի»:

Ակնհայտ է, որ մեկ տարի առաջ Փաշինյանի ասած խոսքերը, մեղմ ասած, անկեղծ չէին: Մինչդեռ սեպտեմբերի 15-ին խորհրդարանում Ագնեսա Խամոյանի հարցին նրա պատասխանը ավելի անկեղծ էր, և այս պատասխանով նա փաստացի ընդունեց, որ իր կառավարությունն իրականում ի վիճակի չէ ապահովել հայ բնակչության անվտանգությունը ներկա պայմաններում:

Սա՛ է իրականությունը։