կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 08:13
Առանց Կատեգորիա

Երե­սուն տա­րե­կա­նից հե­տո մար­դիկ չե՞ն «ապ­րում». «Փաստ»

Երե­սուն տա­րե­կա­նից հե­տո մար­դիկ չե՞ն «ապ­րում». «Փաստ»

«Պահանջվում է մինչև 32 տարեկան բարետես վաճառողուհի: Լեզուների իմացությունը կդիտվի առավելություն, աշխատանքային փորձը պարտադիր է»: «Գրասենյակում պահանջվում է մինչև 35 տարեկան գործավարուհի: Օտար լեզուների իմացությունը պարտադիր է, աշխատանքային երկարաժամկետ փորձը ևս»: Սրանք երկու հայտարարություն են այն մեծ ցանկից, որը կարելի է հանդիպել աշխատանքի որոնման ամենապարզ կայքերում: Իրականում աշխատաշուկայում խնդիրներն այնքան շատ են ու բազմազան, որ մեկ հրապարակման շրջանակներում բոլորին անդրադառնալ ուղղակի անհնար է: Բայց փորձենք՝ սկսելով ամենասկզբից:

Տարեկան կտրվածքով ունենում ենք բուհերի մի քանի հազար շրջանավարտ ամենատարբեր ոլորտներում՝ իրավաբաններ, լրագրողներ, սոցիոլոգներ, մանկավարժներ, տնտեսագետներ և այլն, և այլն: Արդյո՞ք ոլորտի պատասխանատու նախարարությունն, օրինակ՝ իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն՝ պարզելու, թե նրանցից քանիսն են հետագայում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնում, արդյո՞ք աշխատաշուկային անհրաժեշտ են ամենատարբեր ոլորտների այդքան աշխատակիցներ: Վստահաբար՝ ոչ: Ընդ որում, երկու դեպքում էլ. ո՛չ նախարարությունն է ուսումնասիրություն կատարում, ո՛չ էլ կա գործատու-աշխատաշուկա-շրջանավարտներ կապը: Հաջորդիվ՝ սեռով պայմանավորված խտրականություն: Կան աշխատանքներ, որոնց դեպքում սա կարող է ընդունելի լինել, անգամ պարտադիր:

Բայց վստահաբար, եթե վերը նշված հայտարարությամբ գործավարի աշխատանքի համար դիմի տղամարդ, նա մեծ հավանականությամբ մերժում կստանա: Հակառակ դեպքում՝ հայտարարության մեջ կոնկրետ սեռի մատնանշում չէր արվի: Իսկ ո՞վ է որոշել, որ գրասենյակում տղան չի կարող գործավար աշխատել, եթե ունի պահանջվող հմտությունները, մասնագիտական կողմնորոշումը: Մեկ բառով սա կոչվում է սեռով պայմանավորված խտրականություն: Հաջորդը՝ արտաքինին ներկայացվող պահանջներ: Ճաշակին ընկեր չկա հայտնի արտահայտությունը լսե՞լ եք: Ի վերջո, ով է ասել, որ բոլորը պետք է բոլորի համար բարետես լինեն: Մեկի համար արծվաքիթ ունեցողը կարող է բարետես լինել, մյուսի համար՝ ոչ: Մեկի համար ցածրահասակը, մյուսի համար հակառակը՝ բարձրահասակը:

Գեղեցկության 90/60/90 չափանիշները վաղուց արդեն մոդայիկ չեն: Ի վերջո, եթե գործատուին պետք է գիտակ աշխատակից, նա պետք է ուշադրություն դարձնի տվյալ անձի մասնագիտական որակներին: Սա նախ և առաջ անհրաժեշտություն է, օրինակ՝ նրա բիզնեսի զարգացման համար: Եվ ամենակարևորը՝ տարիքային սահմանափակում: «Առողջապահական կենտրոնին անհրաժեշտ է մինչև 30 տարեկան աղջիկ, ով կպատասխանի զանգերին: Բարեհունչ և գրագետ խոսքը պարտադիր է, և այլն, և այլն»: Ինքս զանգահարել եմ այդ հայտարարությամբ, նշել, որ 32 տարեկան եմ, դե ինչ արած, բնությունն իրենն անում է, մեծանում ենք: Պատասխանը եղավ՝ իհարկե, կարող եք Ձեր ռեզյումեն ուղարկել, բայց մենք հստակ նշել ենք պահանջները, այսինքն՝ քաղաքավարի կերպով ասացին՝ ավելի լավ է մի ուղարկեք, մեծ հավանականությամբ չենք կանչելու հարցազրույցի: Իսկ ով է զանգերին պատասխանողի համար տարիքային հստակ սահմանաչափ սահմանել:

Ի վերջո, զանգերին պատասխանողին որևէ մեկը չի տեսնում, եթե նա համապատասխանում է ձեր մյուս պահանջներին, ինչո՞ւ նրան չվստահել ձեր ընկերությունում առկա թափուր հաստիքը: Ի դեպ, պահանջների մասին: Երբեմն ներկայացվող պահանջներին ու աշխատավարձերին նայելով տպավորություն ես ստանում, թե գործատուն անձնական ստրուկ է փնտրում, ոչ թե պրոֆեսիոնալ, մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեխիղճ աշխատակից: Իսկ վերջում հատկապես գործատուների համար մի կարևոր հիշեցում: Դեռևս 2019 թ.-ի սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում էր աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:

Մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգիրքը լրացվել է նոր՝ «Խտրականության արգելումը» հոդվածով, որում նշվում է. «Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ»:

Միևնույն ժամանակ «աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ, եթե դրանք բխում են աշխատանքին ներհատուկ պահանջներից»:

Հիմա մեկ՝ գուցե հռետորական հարց՝ ինչպե՞ս եմ ապացուցելու, որ ինձ աշխատանքի չեն ընդունել՝ տարիքս հաշվի առնելով, և արդյո՞ք գործատուն չի կարող պատճառաբանել, որ, օրինակ՝ ես չգիտեի համակարգչային այսինչ ծրագիրը, և ինձ մերժելու պատճառը դա է: Այստեղ աշխատանք փնտրողը հանդիպում է «պատին, որը ծակել չի կարող»: Այսինքն՝ փաստացի ունենք գործող օրենք, որը չի՞ գործում:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում