Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիները Սյունիքում կանգնեցնում են իրանական պետհամարանիշերով բեռնատարները, ստուգում վարորդների ու բեռի փաստաթղթերը։ Սա հերթական աբսուրդն է, որ տեղի է ունենում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի այն հատվածում, որտեղ ադրբեջանական զինյալները փակել էին ճանապարհը, իսկ այսօր արդեն ոստիկանական անցակետ են տեղադրել։ Այս առնչությամբ ժամեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տվեց հետեւյալ բովանդակությամբ մի հաղորդագրություն․ «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արթուր Ղազարյանը նշեց, որ խայտառակություն են Սյունիքի մարզում տեղի ունեցածն ու կառավարության ոչ համարժեք պահվածքը։ Ասաց՝ հետպատերազմյան իրավիճակում զարգացումները պետք է հանգեցնեին նման աբսուրդի, քանի որ մինչ այդ ադրբեջանական կողմի սադրանքներն ու անբարո քայլերը ՀՀ իշխանություններն անպատասխան թողեցին՝ սկսած Սեւ լճի իրադարձություններից, վերջացրած Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելու դեպքով։ «Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների կոպիտ արձագանքին չհանդիպեցին։ Թշնամին նման իրավիճակում առիթավորվում եւ այլ միջոցների է դիմում։ Սա պարզ իրողություն է, եթե նույնիսկ կտրվենք Հայաստան-Ադրբեջան իրավիճակից։ Յուրաքանչյուր պարագայում, որեւէ այլ պետություն, եթե հանդուրժում է, երբ օտարը ներխուժում է իր պետության սուվերեն տարածք, բնականաբար, ներխուժող պետությունն առիթավորվում եւ խայտառակ վարք է դրսեւորում։ Թե՛ Երեւանում, թե՛ Գյումրիում կան այնպիսի բնակելի վայրեր, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, անվանումներն էլ դեռ պահպանվում են, օրինակ՝ Գյումրիում՝ Թուրքի մայլան։ Եթե այսպես շարունակվի հավանական է, որ մտնեն Գյումրի, ասեն՝ Թուրքի մայլեն մերն է»,- ասաց նա։
Քաղաքագետը շեշտեց՝ եթե կոշտ արձագանքի չհանդիպեն, այս խայտառակ իրավիճակը շարունակվելու է։ Ըստ նրա՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղի ունեցածը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա վատ հետեւանք կարող է ունենալ, իրանցի առեւտրականները ստիպված կլինեն վերանայել բեռնափոխադրումների ճանապարհը։ «Եթե Հայաստանում նման դեպքերի են հանդիպելու, բնականաբար, այլընտրանքային ուղիներ պիտի ման գան։ Պարսից իշխանությունները հերթական անգամ հանդիպում են անլուրջ վերաբերմունքի, իրենց ապրանքաշրջանառությունը, ուղեւորափոխադրումն ապահով չէ, անվտանգություն չկա, հետեւաբար՝ անհարգալից վերաբերմունք է»,- նշեց քաղաքագետը։
Ըստ Ղազարյանի՝ հիմնավոր կասկածներ կան, որ Փաշինյանն արդեն գաղտնի դելիմիտացիա եւ դեմարկացիա է իրականացնում։ «Կասկածներ կան, այո, եւ այդ կասկածները գնալով ոչ միայն չեն հերքվում, այլեւ ապացուցվում են։ Գաղտնի պայմանավորվածություններ կան, որոնք չեն հրապարակայնացվում, կասկածների տեղիք են տալիս։ Քաղաքական կամք պետք է դրսեւորեն եւ հայտարարեն, թե ինչ է սեղանին դրված»,- ընդգծեց քաղաքագետը։
Լիանա Սարգսյան