կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-07 16:19
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե հանկարծ հետ չգամ, մամայենց կասես՝ քարիս Շիրազի բանաստեղծությունը գրեն»․ հերոսի վերջին պատգամը՝ ընկերուհուն

Արցախը Գեղամի տարերքն էր, Շուշիում տուն ունենալը՝ անկատար երազանքը։ Կուրսում մտերիմ ընկերուհի ուներ, պատերազմ մեկնելիս ասել էր․ «Որ հանկարծ հետ չգամ, մամային ու պապային կասես՝ Շիրազի բանաստեղծությունը քարիս վրա գրեն՝ անպայման»։

Գեղամի սրտում Շիրազի այս բանաստեղծությունն էր․

Թե մահից հետո հող պիտի դառնամ`

Թող դառնամ սիրո ճամփեքին մոտիկ,

Որ սիրո համար նորից աշխարհ գամ`

Հողից` դառնալով պայծառ մի ծաղիկ։

Շիրազի բանաստեղծությամբ հուշաքար ունենալու՝ Գեղամի ցանկությունն այսօր արդեն վեր է խոյանում Չարենցավանի՝ իրենց տան բակում։ Հերոսի մայրը՝ տիկին Աննմանը, Yerkir.am-ի հետ զրույցում որդու երազանքներն է հիշում՝ ցածրաձայն, լացը կոկորդում սեղմած։ «Գեղամին վերաբերող ոչինչ չեմ գցել, մինչեւ անգամ՝ պորտալարը, ատամները։ Ուսուցիչները գիտեին․ մի օր տետրերն էինք թերթում, պատահական տեսանք՝ 4-րդ դասարանի տետրերից մեկում նկարել էր Իջեւանի՝ մեր տան բակում կանգնեցված հուշաքարերը՝ մեկը՝ նվիրված 1941թ․-ի պատերազմին, մյուսը՝ 2016թ․-ի ապրիլյանին։ Նկարել էր ու գրել․ «Խաչքարը նվիրված է Հայենական մեծ պատերազմի զոհված հերոսներին, ու երբ ամեն անգամ ջուր եմ խմում այդ աղբյուրից, իմ մեջ ցանկություն է առաջանում, որպեսզի ես էլ կառուցեմ իմ երազած խաչքարը։ Երազում եմ կերտել մի խաչքար եւ գրել իմ անունը, չէ՞ որ հուշարձանները հայրենասիրության, հայ ժողովրդի գեղագիտական բարձր ճաշակի արտահայտությունն են»։ Երազում էր ինքն էլ այդպիսի հուշաքար ունենալ, մտածում էի՝ երեխա է, չի հասկանում ՝ ինչ է ուզում,- ասում է հերոսի մայրն ու լալիս։- Գեղամը էս ինչքան բան էր երազել․․․»։

Չափազանց հայրենասեր էր, ազնիվ, կամեցող, բարյացակամ։ Ասել էր՝ ամեն գնով Արցախում պիտի ծառայեմ․ գնաց։ Երազանքների քաղաքը Շուշին էր, Շուշիում տուն պիտի սարքեր։ «Ասում էր՝ մա՛մ, հո շատ չե՞ս նեղվի, որ Արցախում ապրեմ։ Համալսարանով, երբ գնացել էին Արցախ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար Քյոխի՝ Կարեն Ջիլավյանի մոտ էր գնացել՝ ծանոթանալու։ Լսել էր՝ խիստ է, ուզել էր նրա մոտ ծառայել։ Ասում էր՝ մամա՛ ջան, ընտի՛ր մարդ ա։ Ես չգիտեմ՝ կա՞ր իր կյանքում մեկը, որի մասին վատ կխոսեր»,- պատմում է մայրը։

Դպրոցն ավարտելուց հետո Գեղամը զուգահեռաբար ուսանում էր երկու համալսարանում՝ մի տեղ՝ ֆինանսական գծով, մյուսը՝ ռազմական՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Մագիստրատուրան պիտի սովորեր Մոսկվայում, խոստացել էր առաջին աշխատավարձով բոլոր ուսուցիչներին, դասախոսներին նվերներ գնել։ «Գեղամն առանց «ջան»-ի չէր խոսում։ «Հա, մամա՛ ջան»,- ձայն կտար։ Ընտանիքում, որ խոսակցություն էր լինում, ես հասկանում էի՝ շատ լավ հայր պիտի դառնա։ Դա փաստում են նաեւ նրա կուրսի աղջիկները։ Աղջիկներից մեկն ասել էր՝ ուզում եմ, որ իմ երեխան քեզ նման դաստիարակված լինի, Գեղա՛մ, իմ երեխայի հայրն էլ՝ քեզ նման։ Կուրսի աղջիկները, դասարանի աղջիկները պատմում են, թե ինչերի մասին է երազել։ Փակ էր, դրսի զրույցը տուն չէր տանի՝ ո՛չ համալսարանի, ո՛չ դպրոցի։ Ոչ մեկի չէր վիրավորի»,-որդու մասին հուշերով սփոփվում է տիկին Աննմանը։

Զինվորական համազգեստը Գեղամի հրճվանքն էր։ Հերոսի հայրը՝ Հովհաննես Մադաթյանը, պատմում է․ «Երբ ընդունվել էր Վազգեն Սարգսյան, շատ էր ուրախացել։ Մոսկվա էի, զանգեց ասաց՝ պա՛պ, համալսարան եմ գնալու՝ Վազգեն Սարգսյան, համազգեստը ստացել եմ, պա՛պ, հագնե՞մ՝ տեսնես, ասացի՝ հագիր։ Այդպես տասը օրը մեկ ասում էր՝ պա՛պ, հագնեմ՝ տեսնես, ասում էի՝ հագիր»։

Պատերազմի օրերն է հիշում, որդու հետ կապի մեջ է եղել։ Վերջին անգամ հոկտեմբերի 20-ին էր հետը խոսել, 3 անգամ՝ այդ օրը։ «Մինչեւ այդ շրջափակման մեջ էր ընկել, կինս ասաց՝ Գեղա՛մ, հեռուստացույցով ասում են՝ շրջափակում է, սկսեց ծիծաղել՝ ասելով․ «Ես էլ եմ շրջափակման մեջ եղել, դուրս եմ եկել»։ Վերջին օրը ինձ հուսադրեց, մեծ հույս տվեց, իրեն մի խոսք ուներ՝ հենց ասում էի՝ Գեղա՛մ ջան, ի՞նչ կա, ասում էր՝ պա՛պ, սաղ տոչնի ա։ Իր սիրած խոսքն էր՝ սաղ տոչնի ա»,- պատմում է հերոսի հայրը։

Մինչեւ վերջին պահը պատերազմի դժվարությունների մասին չասաց՝ ոչ մի բառ, ոչ մի տառ։ Հուզմունքից կոկորդը սեղմած հազիվ էր որդու խոսքերն արտաբերում՝ Գեղամը պատգամ ուներ՝ Արցախը մերը լինի, աշխարհին՝ խաղաղություն․․․ Գեղամ Մադաթյանը լեյտենանտ էր, սեպտեմբերի 27-ից որպես դասակի հրամանատար մասնակցել է Ջրականի մարտերին։ Գեղամը զոհվեց հոկտեմբերի 20-ին՝ Իշխանաձորում։

Լիանա Սարգսյան