կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 12:31
Քաղաքական

Փոխանակ գրեն, որ հայ կանայք «մամա Ռոզա» են դարձել Թուրքիայում... ՕԵԿ պատգամավոր

Փոխանակ գրեն, որ հայ կանայք «մամա Ռոզա» են դարձել Թուրքիայում... ՕԵԿ պատգամավոր

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հարցրեցին, թե հասարակությունն ինչո՞ւ պետք է վստահ լինել, որ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը հերթական անգամ փաստի առաջ չի կանգնեցնի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով: Լրագրողները հարցրեցին նաև` ճի՞շտ է, որ ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը պետք է ֆինանսավորի «Հայկական վերածնունդ»-ը:

«Այո, ժողովուրդը հավատում է «Հայկական վերածնունդ»-ին, և նրանք սատարում ու աջակցում են: Մեզ են միացել 150-ից ավելի քաղաքական կազմակերպություններ: Այո, հավատում են մեզ և հավատն արթնացել է մեր հանդեպ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա, ՕԵԿ-ական պատգամավորի խոսքով, իրենց ձեռնարկած քաղաքական գործընթացների հետ Արա Աբրահամյանը կապ չունի: Ըստ Մարգարյանի` Արթուր Բաղդասարյանը և Արա Աբրահամյանը լավ ընկերներ են, ընտանիքներով մոտ են, բայց թե ի՞նչ կորոշի Արա Աբրահամյանը, քաղաքական գործունեություն կծավալի՞, թե՞ ոչ, կյանքը ցույց կտա:

Ինչ վերաբերում է ճշտող հարցին, թե ՕԵԿ-ը չի՞ բացառում, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, պատգամավորը նշեց, որ նախ պետք է նայել, թե ընտրություններից հետո որ ուժերը կանցնեն խորհրդարան:

«Ով ինչ ուզում է գրի, մենք պայքարում ենք հաղթելու համար, բայց մեր դեմ գրում են էն մարդիկ, ովքեր իրենց կողքին մի հոգի մարդ չունեն և իրենց բռնած գրիչի բոյին էլ չեն: Մենք պետք է վերականգնենք հույսն ու հավատը մեր ժողովրդի մոտ: Փոխանակ գրեն, որ մեր հայ կանայք «մամա Ռոզա» են դարձել Թուրքիայում և ինչերով են զբաղված, որ հայ մարդը խեղդամահ է անում իր նորածնին, սա խայտառակություն է, բայց դրա մասին չեն գրում, այլ մեր դեմ են գրում»,- զայրացած ասաց Հովհաննես Մարգարյանը: