կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-06 18:28
Մշակույթ

Քուչակի Լուսաղբյուրը

Քուչակի Լուսաղբյուրը

Ջրի ակունքների սրբադասումը հայ իրականության մեջ ունի հին արմատներ: Դեռևս հեթանոսական ժամանակներից սկսած հայ ժողովուրդը սրբադասել է ջրի ակունքները` այդ վայրերում կառուցելով պաշտամունքի կենտրոններ: Այդ ավանդույթը շարունակվեց նաև քրիստոնեական ժամանակներում: Մինչև 16-րդ դարում Շահ Աբասի կողմից Արևելյան Հայաստանի հայաթափումը Ղևոնդ Ալիշանի հիշատակած նախկին Ճերմակ Վանք, կամ ներկայիս Քուչակ գյուղի բնակիչները դեռևս 13-14-րդ սրբադասել էին իրենց աղբյուրների ակունքները և այն անվանակոչել Լուսաղբյուր:

Անվան ծագումնաբանության շուրջ կա մի վարկած, ըստ որի այն իր անունը ստացել է Հռիփսիմյան կույսերի խմբից Լուսիկ անունով կույսի անունից:

Ի դեպ արխիվային լուսանկարներում պահպանվել են մատուռի ամենահին լուսանկարները, որոնցից մեկին նայելիս կառույցի մի հատվածը մարդու դեմք է հիշեցնում: Տեղացիների մոտ ընդունված է համարել, որ այն հայկական Արամազդ աստծո դեմքն է:

 19-րդ դարում մեծ գաղթի ժամանակ հայության քարավանները երբ անցնում էին Քուչակ գյուղի միջով քարավանների ուղեկցորդը, որի անունը եղել է Մանուկ, լսելով աղբյուրների ջրի քչքչոցը, քարավաններին ձայնում է «Հեյաթի», որը Մակվի բարբառով նշանակում է կանգ առ: Այնուհետև Մանուկը ասում է, քանի-որ այստեղ ջուր կա, ուրեմն նաև կյանք կա, և հենց աղբյուրի շրջակայքում էլ գյուղի առաջին վերաբնակները կառուցում են առաջին տները, դրան զուգահեռ վերստին սրբադսվում է աղբյուրի ակունքն ու դառնում գյուղի գլխավոր սրբավայրը:

Ի դեպ քուչակցիների շրջանում ընդունված է ասել, որ 1828 թվականին Քուչակ են Վերադարձել 16-րդ դարում պարսից շահի կողմից բռնագաղթվածների ժառանգները, որոնք այստեղ են եկել և վերաբնակվել արյան կանչով:

20-րդ դարի հենց սկզբում կառուցվել է գյուղի գլխավոր եկեղեցին, բայց Լուսաղբյուրի դերն ու նշանակությունը չի կորում քուչակցիների կյանքում:

Առ այսօր, երբ գյուղացիները մտադրվում են ուխտի գնալ, նրանց մտքում և շուրթերին առաջինը լսվում է ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ անունը: Ի դեպ այս մատուռի անունը երբեք բժշկությունների հետ չի կապվել, բայց նրա անվան հետ է կապվել ջրի պաշտամունքին վերաբերվող բոլոր արարողությունները:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի` Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության  ուսուցիչ