կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-02 19:51
Քաղաքական

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը 2021թ․ հուլիսի 29-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)` վկայի կարգավիճակով հարցաքննության, ինչի ընթացքում առգրավվել է լրագրողի բջջային հեռախոսը։

Հոխիկյանը առաջարկել է քննչական մարմնին կամովին տրամադրել իր ձեռքի տակ եղած փաստերը, սակայն ԱԱԾ ներկայացուցիչները անտեսել են լրագրողի պատրաստակամությունը և առգրավել են հեռախոսը, որում եղել են անձնական ու մասնագիտական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։ Այս առումով քննչական մարմինը, փաստորեն, խոչընդոտել է նաև լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը։

Հատկանշական է, որ Նաիրի Հոխիկյանը 2020թ․ 44-օրյա պատերազմի վերաբերյալ վավերագրական ֆիլմ և մի շարք փաստեր է հրապարակել, որոնք հանրային լայն քննարկումների առիթ են դարձել, ինչից հետո ՀՀ իշխանությունը փաստացի սկսել է հետապնդում իր մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողի նկատմամբ։ Առանց քրեական գործի մանրամասներին ծանոթացնելու՝ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելը և այդ ընթացքում նրա նկատմամբ կասկածյալի կարգավիճակին հատուկ գործողություններ անելը (մեղադրական բնույթի հարցեր, անձնական իրի առգրավում) լրագրողի նկատմամբ ոչ օրինական գործողություններ և ճնշումներ են։

Նաիրի Հոխիկյանը հրապարակել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսքերի մի շարք մանրամասներ, որոնք լույս են սփռում 44-օրյա պատերազմի մութ էջերի վրա, դրանք փաստացի ապացուցողական բազա են պարունակում, մինչդեռ ԱԱԾ-ն առգրավում է լրագրողի հեռախոսը։ 

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ՝ միաժամանակ կոչ անելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին՝ քննել և հրապարակային գնահատական տալ լրագրողի նկատմամբ պետական ուժային կառույցի արարքին։                                     

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Սաթիկ Սեյրանյան


Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորված լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։

Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։ Հուլիսի 18-ին Ն. Հոխիկյանի iammedia.am հարթակում հրապարակել էր համապատասխան ռեպորտաժ՝ ներկայացնելով ևս մեկ կարևոր ապացույց Ալ. Լապշինի և Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած և մեծ դավաճանության մասին փաստող զրույցի մասին։ Հուլիսի 19-ին Նաիրի Հոխիկյանը ևս մի քանի հիմնարար փաստեր է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իր խոսակցություններից, որոնք նոր լույս են սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։

Ես այսօր ստիպված եմ նույն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկա է, և մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հավատացել ենք և որևէ կերպ նրան օգնել ենք. հուլիսի 22-ին ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացահայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:

Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին: