Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի սրբություններից մեկը: Այն պաշտամունքի մասունք է, հուշաքար՝ խորհրդանշող կապը աշխարհիկ և աստվածային կյանքի միջև: Միջինը 2 մետր բարձրությամբ խաչքարերի կենտրոնում փորագրվում է խաչը, ներքևում՝ արև՝ որպես հավերժության խորհրդանիշ։
Հայկական ամենամեծ խաչքարերի հուշահամալիրը գտնվել է Նախիջևանի Ջուղա քաղաքում։ Ջուղայի խաչքարերը մարդկության ստեղծած քանդակագործության գանձարանի մնայուն և անկրկնելի գանձերից ու հուշարձաններից են, որոնք խորապես սերում են հայ ժողովրդի ստեղծած դարավոր արվեստի ակունքներից1:
Ջուղայի խաչքարերի արվեստը, նրանց ամբողջական սյուժեները հայ ժողովրդի միջնադարյան՝ (հատկապես XV-XVII դդ.) մշակութային կյանքի խոսուն և պատկերավոր վավերագրեր են։ Գեղարվեստական բարձր վարպետությամբ վերարտադրված, քանդակված այս գանձարանը իր նրբարվեստ կատարողականի և անցյալի պատմական իրականության ճշմարտացի վերարտադրության շնորհիվ կարևոր և անփոխարինելի նյութ է ընձեռում ոչ միայն քանդակագործության արվեստի, այլև միջնադարյան Հայաստանի քաղաքային կյանքի ու կենցաղի ուսումնասիրման համար։ Տեղին է նկատել 20-րդ դարի եվրոպացի գիտնականներից մեկը. «Այստեղ կան մի քանի հազար խաչքարեր։ Յուրաքանչյուր խաչքար կարող է դառնալ ամենանշանավոր թանգարանի հազվագյուտ ցուցանմուշ։ Եվրոպայում սիրում են գնահատել թանգարանային ամեն մի ցուցանմուշ։ Բայց Եվրոպայի բոլոր միլիոնատերերը կարող են մտնել Հին Ջուղայի խաչքարերի անտառը և սնանկացած դուրս գալ այդտեղից, համարյա վնաս չհասցնելով այդ անտառին»2։
Ջուղայում սովորաբար խաչքարերը առանց պատվանդանների են և անմիջապես կանգնեցված են հողի մեջ: Բոլոր խաչքարերը, որոնք վարդագույն, դեղներանգ քարերից են կտրված, համարյա վերից վար ունեն հավասար լայնություններ և 2 մ միջին բարձրություն, որն էլ խաչքարերին հաղորդում է պատմական Հայաստանի տարածքում ուրարտական3 ժամանակաշրջանի հայոց քառակող ու բազմակող կոթողների տպավորություն։
Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ու տապանաքարերի, խոյաքանդակների արվեստը մշակման կատարելությամբ ու ատաղձով, ժամանակագրական կարգով պետք է բաժանել երեք հիմնական ժամանակաշրջանի։ Ամենավաղ շրջանի հուշարձանները պատկանում են IX-XV դարերին.։ Այս խմբի խաչքարերը փոքրածավալ են, ոչ շատ քանդակազարդ և վիմագրված։ Խաչքարերի հաջորդ խումբը, որը կարելի է համարել անցման կամ միջին շրջանի հուշարձաններ, պատկանում են XV դ. կեսերից սկսած մինչև XVI դ. կեսերը։ Այս հուշարձաններն արդեն իրենց կազմությամբ ու հարդարանքներով, վիմագրությամբ ու պատկերաքանդակներով արվեստի աչքի ընկնող օրինակներ են։ Ջուղայի գերեզմանատան III և ամենաստվար խմբի խաչքարերը XVI դ. կեսերից մինչև 1605 թ. մեծ զարգացում ու ծաղկում ապրեցին և իրենց մշակման կատարելությամբ ու բազմազանությամբ, իրական և երևակայական զարդաձևերով, պատկերաքանդակներով, հորինվածքների բարդություններով հայ խաչքարագործության անկրկնելի հուշարձաններից են։ Ասեղնագործ նրբության հասցված, ժանեկանման ու բազմաձև զարդաքանդակներով պատած, արտահայտիչ ու դինամիկ խորաքանդակներով ու բարձրաքանդակներով, բոլորգիր վիմագրչությամբ, քարի գեղարվեստական մշակման բարձր արվեստով Ջուղայի խաչքարերը ակնհայտորեն առանձնակի տեղ ունեն ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քանդակագործական արվեստում և եզրափակում են հայկական արվեստի մենաշնորհը համարվող խաչքարերի զարգացման պատմական ընթացքը։
17-րդ դարի սկզբներին Նախիջևանի երկրամասը էթնիկ տեսանկյունից Հայաստանի միատարր կազմ ունեցող շրջաններից էր, որի բնակչության ճնշող մեծամասնությունն հայեր էին։ Վերոհիշյալի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում 17-րդ դարի եվրոպացի ճանապարհորդ միսիոներ Վիլլոտը։ Սակայն տարածաշրջանի հայերի համար աղետալի հետևանքներ են ունենում 17-րդ դարի թուրք-պարսկական պատերազմները։
Պարսից շահ Աբաս I ը 1603 թ սկսում է իր արշավանքը։ Հայաստանում՝ Նախիջևանի արևելյան սահմաններից մինչև Շիրակ ընկած տարածքը, ռազմական թատերաբեմի էր վերածվել։ Կրոնավոր ճանապարհորդ Անտուան Գուվեայի վկայությամբ՝ ռազմական գործողությունների մեջ ընդգրկված այդ շրջանները խիտ հայկական ազգաբնակչություն ուներ, հաշվվում էին քսանից ավելի քաղաքներ և հազարավոր գյուղեր։ Ռազմական գործողությունների ընթացքում, սթափ դատելով, որ ուժերի քանակական հարաբերությունն իր օգտին չէ, և որ բաց ճակատամարտում թուրքերին դիմադրելն անհնար կլինի, շահ Աբասը նահանջում է՝ որոշելով ամայացնել ու բռնագաղթի ենթարկել թուրքական բանակի առաջխաղացման ճանապարհին ընկած Նախիջևանի քաղաքներն ու գյուղերը։ Այսպիսով՝ Ջուղա քաղաքը, 1605թ․-ին գրեթե ամբողջությամբ հայաթափվում է։ 1812 թվականին անգլիացի դիվանագետ Ուիլյամ Սուզլին Ջուղա այցելության ժամանակ նշել է․ «Ես հետազոտել եմ Ջուղայի ավերակները․ ողջ բնակչությունը միայն 45 հայկական ընտանիք էր, սակայն անցյալ բնակաչության թվաքանակի մասին վկայում է ընդարձակ գերեզմանոցը, որը գտնվում է բլուրի թեք լանջին և իջնում է մինչև գետը իր բազմաթիվ գերեզմանաքարերի հետ, որոնք շատ խիտ են կանգնեցված՝ զինվորական վաշտի նման․ Դա բազմաթիվ սերունդների հիշատակ է, շատ դարերի արդյունք»։
Եվրոպացի ճանապարհորդ-հնագետ Ռոբերտ Կեր Փորտըրը 19-րդ դարի սկզբներին Ջուղայում լինելուց հետո նշել է. «Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հազարավոր գերեզմանաքարեր աչքի էին ընկնում հայկական հին ցեղի այս հանգստարանում։ Հիրավի, Արևելքի այս մասնավոր հողամասում զանազան հիշողություններ, որ ներկայանում են մտքին, հարատևորեն թելադրում են այն գաղափարը, թե մարդ քայլում է մի լայնածավալ գերեզմանոցում...4»։Ջուղայի տեղահանությունից հետո՝ 1648 թ., ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսը, անցնելով Ջուղայով, արձանագրել է, որ այդտեղ կանգուն է եղել շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։
Շահ Աբասից երեք դար հետո գալիս է մի նոր, անգութ ձեռք՝ նաև գերեզմանոցն ավերելու։ 20-րդ դարում տարածաշրջանը գտնվում էր ցարական Ռուսաստանի կազմում, և նրանց կողմից երկաթգծի կառուցումը (1903-1904 թթ.)՝ պատճառ հանդիսացավ բազմաթիվ խաչքարերի ոչնչացման «Եվ...ականների խլացուցիչ պայթյունները նայողին կարծել են տալիս, որ դա երկրորդ փոթորիկն է, որ պայթում է Հին Ջուղայի գլխին»5։
1914 թ.-ին մեծատաղանդ նկարիչ Մ. Սարյանը այս գերեզմանատանը լինելուց հետո գրել է. «Ջուլֆայում նայեցինք Ջուղայի հանճարեղ խաչքարերը։ Եվ խաչքարերի այդ անտառի միջով անցնում էր երկաթուղին... խաչքարերն ինձ ապշեցրին իրենց անկրկնելի գեղարվեստական արժեքով, մոտիվների զարմանահրաշ բազմազանությամբ ու ռիթմով։ Միաժամանակ ցնցված էի՝ տեսնելով, որ նրանց մի մասը ոչնչացվել են երկաթուղին անցկացնելու ժամանակ»6։
1920-21 թթ․Հարավային Կովկասը զենքի ուժով խորհրդայնացվեց, իսկ Նախիջևանը և Արցախը բռնակցվեցին Ադրբեջանին։ Հարկ է նշել,որ արդեն 20-րդ դարի վերջին Ադրբեջանի իշխանությունը վերջնական ձեռնամուխ եղավ Նախիջևանի տարածքում հայկական խաչքարերը և, ընդհանրապես, հայկական մշակութային ժառանգությունները ոչնչացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունների հրահանգով 1998 թվականի նոյեմբերին սկսվեց Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը, իսկ 2002 թվականի նոյեմբերի 9-ից վերսկսվեց։ Խաչքարերի ու խոյակերպ տապանաքարերի մի մասը տապալվեց գետնին, մի մասն էլ տեղափոխվեց անհայտ ուղղությամբ: Նույն թվականի աշնանը, Արաքս գետի իրանական ափից ականատեսների կողմից կատարած լուսանկարների համաձայն, գերեզմանատանը ոչ մի խաչքար կանգուն չէր մնացել7:
2005 թվականի դեկտեմբերի 10-14-ին, Ադրբեջանի կառավարության հրահանգով, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները վերջնականապես ոչնչացրեցին Ջուղայի հայկական գերեզմանատունը: Պատմամշակութային բազմադարյա հուշարձանի ավերումը տեղի ունեցավ ադրբեջանական բանակի շուրջ 200 զինծառայողների կողմից, որոնք ծանր մուրճերով ու քլունգներով խճազանգվածի վերածեցին և բեռնատար մեքենաներով Արաքս գետը թափեցին Ջուղայի գերեզմանատան այն խաչքարերն ու տապանաքարերը, որոնք դեռևս մնացել էին 1998-2002 թվականների ավերումից հետո:
2006 թվականի մարտի սկզբից ոչնչացված պատմամշակութային հուշարձան հանդիսացող գերեզմանատան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի համար կառուցվեց հրաձգարան։
Աշոտ Ծատրյան
կովկասագետ, քաղաքագետ