կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-24 14:25
Իրավական

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հետախուզվում է

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հետախուզվում է

Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք պահելու հոդվածներով Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին կրակոցներ են հնչել Գորիսում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վերջիններս տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների՝ Սուրեն Խաչատրյանի և Մելիքսեթ Պողոսյանի ազգականների միջև, նշվում են Խաչատրյանի ավագ որդու և Պողոսյանի որդու անունները։