ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը գրում է․
Չունեմ որևէ հիմք մտածելու, որ պատերազմ չի լինի։ Տարածաշրջանը փքվել է և ուր որ է կպայթի։ Արցախյան պատերազմի այս ելքից բոլորը դժգոհ են, մենք դե բոլորին պարզ է ինչու ենք դժգոհ, թշնամի երկու երկրներն իրենց ախորժակի դարդն են, ռուսները ավելի մեծ տարածքի վրա ներկայություն կուզեին, Իրանի հյուսիսն էլ արդեն հայեր չեն և ինչ տեսակ, ինչ ազգի կենդանի ասես կա։ Մի խոսքով չմանրանամ, դրա մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ անգամ։
Այսպիսով։
Պատերազմ լինելու է և դա չի սկսելու հայկական կողմը։ Ալիևը սադրելու է և իբր թե տարածքային ամբողջականությունը չես ճանաչում ուրեմն ուժով ճանաչել կտամ և կփորձի զորքը հասցնել Երևան` անդառնալի կապիտուլյացիայի ենթարկելու նպատակով։
Չէ, չեմ վախացնում, ուղղակի կարծիքս եմ ասում։ Ասեմ ավելին, կարծում էի և կարծում եմ պատերազմ լինելու է նաև անկախ ընտրությունների արդյունքներից։ Ինձ համար շատ կարևոր էր, թե ինչպիսի՞ իշխանություն կունենայինք երբ սկսվեր այդ արհավիրքը։ Կար երկու հիմնական մրցակից, երկուսն էլ իրենց իշխանության շրջանում անցել էին պատերազմով։ Մեկը հաղթել էր` իբր թե թալանված բանակով, իսկ մյուսը իբր թե չթալանված ու կլուբնիկով սնված բանակով պարզապես ստորացուցիչ, ցավալի, ես կասեի ողբերգական ելք բերեց գլխներիս։
Հայաստան դաշինքի կողմից, եթե ձևավորվեր կառավարություն, հույս ունեի, որ հնարավոր կլինի չեզոքացնել այդ վտանգը, մինչև ուշքի կգայինք։
Պատրաստվել պատերազմի։ Սա է միակ լուծումը։ Հակառակ պարագայում թշնամու ախորժակը զսպել չի լինի։ Ալիևը ստուգողական լոկալ հրահրումներ է անելու, որպեսզի հասկանա, որպես ազգ ողջ ենք, թե՞ արդեն մեռել ենք»։