կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-21 10:52
Արցախ

Ադրբեջանցի հանցագործներին հայ գերիների հետ փոխանակելը կնշանակի լեգիտիմացնել Սաֆարովին, Արցախում կպայթի իրավիճակը. Դ. Բաբայան. «168 ժամ»

Ադրբեջանցի հանցագործներին հայ գերիների հետ փոխանակելը կնշանակի լեգիտիմացնել Սաֆարովին, Արցախում կպայթի իրավիճակը. Դ. Բաբայան. «168 ժամ»

«Ադրբեջանը դիմում է Երևանին, քանի որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ Արցախ պետություն չկա, որ Արցախը պարզապես օկուպացված տարածք է, որ մայր Հայաստանն է օկուպացրել, հետևաբար՝ ինքն էլ իրավասու է կարգավորել այս հարցը: Այսինքն՝ սա ահաբեկչական հարված է: Շատ լավ է, որ պարոն Տոնոյանը նման պատասխան է տվել: Դրանով բեկանվել է այդ ահաբեկչական գործողությունը»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքվի ցանկությանը՝ փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին՝ Ստեփանակերտում մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Արցախի նախագահի խոսնակը համեմատական մի օրինակ է ներկայացրել. «Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թողնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ: Մի կողմ դնենք այն, որ սա ծանր, ցավալի հարց է, մենք ևս մտահոգ ենք մեր քաղաքացիների ճակատագրով, ցանկանում ենք, որ նրանք վերադառնան, բայց հանցագործին, ահաբեկչին բաց կթողնեի՞նք»:

Դավիթ Բաբայանն ասել է, որ բաց թողնելով, օրինակ, Սաֆարովին, մենք կլեգիտիմացնեինք Սաֆարովի արարքը, կստացվեր, որ մենք այն ընդունում ենք, համակերպվում ենք այդ արարքի հետ: Նույնը, նրա խոսքով, այս դեպքում է: Բաբայանի կարծիքով, եթե որևէ մեկը փորձի այդ մարդկանց փոխանակել, դա կնշանակի՝ լեգիտիմացնել Սաֆարովին, լեգիտիմացնել այդ ահաբեկչությունը և առհասարակ ապակայունացնել իրավիճակն Արցախում, քանի որ Արցախում կպայթի իրավիճակը, և որևէ մեկը որևէ կերպ չի կարողանալու այդ պայթյունը կասեցնել, որովհետև այդ մարդիկ դատապարտվել են հանցագործությունների համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։