Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կապված Խաչվերաց տոնի հետ` այս շաբաթ գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը կանցկացվի միայն շաբաթ օրը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` հավելելով, որ գյուղացիները շատ գոհ են. օրինակ` միայն անցած շաբաթ տոնավաճառում իրացվել է 120 տոննա պտուղ- բանջարեղեն:
(«Երկիր»-ի կարծիքով` 120 տոննա պտուղ-բանջարեղենն այնքան էլ մեծ թիվ չէ. եթե այդ թիվը բաժանենք 1.5-ի (համարենք, որ յուրաքանչյուր բեռնատար բարձվում է 1.5 տոննայով), ապա կստացվի որ անցյալ շաբաթ եւ կիրակի օրերին շուկա է մուտք գործել ընդամենը 80 մեքենա):
Անցում կատարելով մթերման խնդիրներին` փոխնախարարը հայտնեց, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ` 34 մթերող ընկերություններ արդեն գյուղացիների հետ կնքել են ավելի քան 8400 պայմանագրեր, որոնցից 7900-ը` խաղողի, իսկ մնացած 500-ը` պտուղ- բանջարեղեն գնման: «Առաջիկայում այդ թիվը կավելանա»,- հայտարարեց Ռ.Մակարյանը:
2011 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ` մթերվել է 23 հազար 800 տոննա բանջարեղեն եւ 5700 տոննա պտուղ: Արտահանման գործընթացը եւս փոխնախարարը հաջողված համարեց. մինչ օրս Հայաստանից արտահանվել է 9574 տոննա պտուղ-բանջարեղեն, հիմնականում` Ռուսաստան, Ուկրաինա եւ Վրաստան: Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններ այս տարի Հայաստանից արտահանվել է միայն կանաչեղեն:
«Արտահանումների հետ կապված` մենք դարձյալ սպասում ենք ծավալների աճ, քանի որ սպասվում է կարտոֆիլի բարձր բերք: Ինչպես գիտեք, մեր կարտոֆիլը նույնպես արտահանվում է, հիմնականում` Վրաստան»,- ասաց Ռ. Մակարյանը:
Yerkir.am-ը գյուղանախարարությանը կարող է հիշեցնել, որ եթե անցյալ տարի կարտոֆիլը շատ էր, դա պայմանավորված էր նրանով, որ գյուղացին հավատացել էր հատուկ մատակարարներին, որոնք պայմանագիր ունեին ՊՆ-ի հետ: Սակայն մատակարարները խաբեցին գյուղացիներին` զավեշտալի պատճառաբանությամբ, թե գյուղացիների արտադրած կարտոֆիլը շատ մեծ է, իրենք պիտի գնեն ձվի մեծության կարտոֆիլ, քանի որ դա է պահանջը:
Այդ պատմությունը yerkir.am-ին են ներկայացրել Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները, որոնցից շատերը չեն կարողացել իրացնել իրենց արտադրած կարտոֆիլը, իսկ հանձնողներն էլ մինչ օրս չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը:
Այս տարի խաբված գյուղացիները ոչ միայն Շիրակի, այլեւ Գեղարքունիքի մարզերում շատ քիչ են կարտոֆիլ ցանել: Իսկ թե ինչպես է այսօր գյուղնախարարությունը նման կանխատեսում անում, թե սպասվում է կարտոֆիլի լավ բերք, անհասկանալի է:
Նշենք նաեւ, որ անցյալ տարվա տվյալներով` հայկական կարտոֆիլը հիմնականում արտահանվել է Վրաստան, ընդամենը` 3770 տոննա: