Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆերդա Բալանջար
«Ադալը» հրատարակչության կողմից լույս է տեսել հետազոտող գիտնական Ռոբերտ Շիլդի «Ժողովրդագրական կենդանի թանգարան․ Բուրգազ կղզին» գիրքը։ Ռոբերդ Շիլդի հետ զրուցել ենք անցյալից մինչև այսօր Բուրգազի և բուրգազցիների մասին՝ հիմք ընդունելով գիրքը, որտեղ ներառված են Բուրգազի ներկա և նախկին մոտ 80-ից ավել բնակիչների հետ արված հարցազրույցներից հատվածներ։
– Գրքում 80-ից ավել մարդ ընդգծում է, որ Բուրգազն ունի յուրահատուկ կառուցվածք։ Լա՛վ, իսկ Դուք, որպես գրող, այս ամենը լսելուց հետո, ի՞նչ եք կարծում․ ի՞նչը կամ ինչե՞րն են Բուրգազը տարբերվող և յուրահատուկ դարձնում։
– Բուրգազ կղզին նախ որոշ նմանություններ ունի Ստամբուլի մյուս կղզիների հետ․․․ Ամենաակնհայտ նմանությունն այն է, որ այն առաջարկում է մայրցամաքից «փախուստի» հնարավորություն։ Այդ յուրահատկությունը ամռան ամիսներին էլ կարող եք զգալ, իհարկե, հատկապես աշխատանքային հոգնեցուցիչ օրվանից հետո, սակայն ձմռանը ավելի է ակնհայտ դառնում այդ զգացումը, հատկապես շաբաթվա կեսին․․․ Իմ վերջին գրասենյակի պատուհանից Քընալը կղզին և Բուրգազ Հրիստո գագաթն էին երևում։ Չգիտեմ՝ ինձ կհավատա՞ք, թե ոչ, բայց այդ տեսարանը ինձ մոտ կարոտ էր արթնացնում։ Սակայն Բուրգազն ուրիշ յուրահատկություններ էլ ունի։ Նախ՝ այն կղզիներից ամենանոսր բնակեցվածն է, բայց չնայած դրան՝ այստեղ չորս եկեղեցի, մեկ սինագոգ, մեկ ջեմևի (ալևիների աղոթատեղի) և մեկ մզկիթ կա․ համամասնության տեսանկյունից կրողական կառույցներն այս կղզում ամենաշատն են․․․ Հատկապես ամռան ամիսներին 20-ից ավել էթնիկական/կրոնական համայնքների ներկայացուցիչներ են լինում 1․5 քառ․ կմ ցամաքի վրա։ Մի՞թե նույն բազմազանությունը մյուս կղզիներում չկա։ Ո՛չ։ Նրանցում չես հանդիպի «Բողազիչիի գերմաններ» կոչվող «տեղացի գերմանացիների», ավստրիացի քահանաների և հոգևորականների, Ղրիմի հրեա-թուրքական համայնքի ներկայացուցիչների կամ հոլադնացի նկարիչների․․․ Բացի այդ՝ ընկերոջս պապիկը, որից ևս հարցազրույց եմ վերցրել, ասում է մի բան, որը երբեք չեմ լսել մյուս կղզիների մասին․ «Բուրգազը սոսնձի նման է, եթե մեկ ամառ այնտեղ ես անցկացրել, չես կարողանա կտրվել նրանից»։ Ինչպես նաև՝ «Բուրգազից հարս չեն տալիս, փեսա են բերում» և «Բուրգազի Հանրապետություն» արտահայտությունները, որոց մեջ խորը իմաստ կա։ Ի՜նչ ուրախ ենք, որ Բուրգազը, Ստամբուլի մյուս կղզիների համամեմատ, մի տեսակ «ստվերում» է մնում։ Իսկ շաբաթվա վերջին չափազանց բազմամարդ շոգենավերից բնական ավազով Քընալը կղզի շատ մարդ է իջնում։ Մնացածների համար նպատակը Հեյբելի կամ Մեծ կղզիներն են համարվում, իսկ Բուրգազում իջնում են միայն այնտեղ ապրողները և կղզու որոշ յուրահատկությունների մասին տեղյակ անձինք, մի մասն էլ՝ հիմնականում երեկոյան ժամերի՝ ռեստորաններ գնալու համար․․․
– Կարծում եմ, որ Բուրգազում գերմանացի և ավստրիացի ընտանիքերի պատմական-մշակութային գոյության մասին շատ քչերը գիտեն՝ բացառությամբ բուրգազցիների։ Նրանց պատմություններն արժանի են անգամ, որ գրքի վերածվեն։ Հատկապես կան պատմություններ նաև, որ 1944 թ․ գերմանացիները և ավստրիացիները աքսորվել են Անատոլիայի ներսում կազմված համակենտրոնացման ճամբարիներ։ Մի փոքր կմանրամասնե՞ք։
– Իրավացի եք։ Իհարկե այս թեման արժանի է առանձին ուսումնասիրության, ամբողջությամբ գրքի վերածվելու։ Ինչքանով տեղյակ եմ՝ 1990-ական թթ․ գրած իր դոտորական աշխատանքը «Ստամբուլում գերմանացի լինել» անունով գրքի վերածված Անն Դիտրիխը մանրամասնորեն ներկայացնում է այս թեման։ Ժողովրդական լեզվով «Բողազիչիի գերմաններ» ձևով հայտնի գերմանացիների պապերը 1850-ական թթ․, որպես շինարար վարպետներ, եկել են Թուրքիա և այդ օրվանից մինչ օրս հիմնականում իրար հետ են ամուսնանում, նրանց մի մասն այսօր Թուրքիայի քաղաքացի է։ Եթե ավելացնենք տարբեր՝ մեծ մասը առևտրական, որոշներն էլ ռազմական նպատակներով Թուրքիա գաղթած ավստրալիացիների զավակներին կամ թոռներին, իսկ հետո՝ 1990-ական թթ․ Բուրգազ կղզում բնակություն հաստատած ավստրիացի հոգևորականների, ուսուցիչների և քահանաների իրավահաջորդներին, ապա նախկինում մի քանի հարյուր մարդուց բաղկացած այս համայնքը Բուրգազում այսօր կազմում է 30-40 մարդ։ Ինչ վերաբերում է համակենտրոնացման ճամբարներին, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան Գերմանիային պատերազմ հայտարարեց, այնտեղ ապրած բոլոր գերմանացիներին և ավստրիացիներին կա՛մ իրենց երկրներ վերադարձրեցին, կա՛մ էլ Չորում, Յոզղատ և Քըրշեհիր աքսորեցին։ Ինչքանով ես եմ տեղյակ՝ այնտեղ նրանք մնացել են մեկ տարվա չափ և ազատ են արձակվել։ Նրանց մի հատվածը ամառները դարձյալ Բուրգազ էր գալիս։ Այդ թեմայով էլ (ցավոք միայն գերմաներենով) հետաքրքիր հուշամատյան կա՝ քահանա Սիգֆրիդ Պրուզինսկիի «Աքսոր Անատոլիայում» վերնագրով գիրքը․․․
– «Խորտիկային Բուրգազ» արտահայտությունը գրքում տարբեր մարդկանց կողմից օգտագործվում է, ինչն ուշադրություն է գրավում։ Ի՞նչ է նշանակում «խորտիկային Բուրգազ»։ Ավելին, դրան հիմնականում բացասական իմաստ է տրվում։ Հնարավո՞ր է այն Բուրգազի և բուրգազցիների համար դարձնել դրական երևույթ։
– «Խորտիկային Բուրգազ» արտահայտությունն իրականում ինձ է պատկանում՝ կեսը իրոնիա պարունակող սահմանում է։ Գրքի մի հատվածում կղզում ռեստորանների զարգացումը երեք հիմնական փուլի եմ բաժանել․ այն է՝ հույների (և մասամբ հայերի) ղեկավարությամբ՝ 1974 թ․ «վավերական» շրջան, «սկուտեղով խորտիկներ»-ի շրջան՝ 1974-2000 թթ․ և 2000-ական թթ․ «Ֆինջան» պանդոկի սկսած «տարածքին բնորոշ նախուտեստների» ժամանակաշրջան․․․ Բոլորն էլ շատ գեղեցինկ էին ու են։ Ի՞նչ կա որ՝ մեր ռեստորաններն էլ «ձեռքից գնացին»։ Մի քաղաքացի, որի հիմնական գործը եղել է վերնաշապիկի արտադրությունը, ավելի ուշ խորտիկների մատուցման ծառայության է անցել և սրանից 20 տարի առաջ Բուրգազում մի պանդոկ է բացել։ Մեկ-երկու սյունակագրի հետ ծանոթությունից հետո էլ այդ տեղը շատ հայտնի է դարձել․ մայրցամաքից հոսքը չի դադարել։ Իսկ երբ այնտեղ տեղ չի եղել, հարևան ռեստորաններ էլ են սկսել մարդիկ այցելել, որից հետո որոշ սրճարաններ վերածվել են ռեստորանի․․․ Մեր երկրում հատուկ ընթերցողներ ունեցող գաստրոնոմիական գրողները, եթե մեկ այլ պանդոկ էին գովում, ժողովուրդը սկսում էր ավելի շատ այցելել այդ ափամերձ ռեստորանները։ Այդ երևույթը հասկանալը դժվար չէ․ հատկապես Անատոլիայի ափամերձ շրջաններում ապրողները մոտորանավակով 45 րոպեում Բուրգազում էին լինում, իջնելուց հետո էլ տեղավորվում էին միմյանցից երկուսից մինչև քսաներկու քայլ հեռավորության վրա գտնվող սեղանների շուրջ․․․ Ցավոք նման պահանջարկի պատճառով գները շատ բարձրացան, սեղանները ճանապարհները փակեցին և երկարացվեցին գրեթե մինչև ծով։ Կղզու բնակչության համար, հատկապես շաբաթվա վերջին, արդեն դրսում ճաշելը երազանք էր դարձել։ Ըստ կղզիաբնակ մեր որոշ ընկերների, «այս վայրի կապիտալիզմի» մեկ այլ հետևանք հանդիսացող այդ երևույթը դժվար թե դրական զարգացում բերի կղզու բնակչությանը։
– Այն, որ 2003 թ․ անտառային հրդեհը Բուրգազի համար եղել է «1955 թ․ սեպտեմբերի 6-7 պոգրոմի» կամ «1964 թ․ աքսորի» նման պատմական շրջափուլ, հաղորդում եք թե՛ Դուք, թե՛ որոշ մարդիկ, որ հարցազրույց են տվել։ Մի փոքր կմանրամասնե՞ք։ 2003 թ․ անտառային հրդեհը ի՞նչ փոխեց Բուրգազում։
– 2003 թ․ անտառային հրդեհն իհարկե շատ կարևոր իրադարձություն էր Բուրգազ կղզու համար, խորը հետքեր թողած բնական աղետ, սակայն՝ ոչ 1955 թ․ պոգրոմի, 1964 թ․ աքսորի և 1974 թ․ Կիպրոսի պատերազմի ծանրության չափ․․․ Այդ երեք դեպքերի պատճառով մեր հարյուրավոր, հազարավոր հույն ընկերները լքեցին Թուրքիան և իհարկե Բուրգազը՝ այլևս չվերադառնալու մտքով․ կղզու ժողովրդագրական պատկերը փոխվեց, սոցիալ-մշակութային կյանքը տարբեր դարձավ։ 2003 թ․ անտառային հրդեհից հետո Բուրգազի բուսական ծածկույթը նոսրացավ, թռչունները կղզուց հեռացան, և կղզու անտառային գեղեցկությունը մեծապես վնաս կրեց, սակայն հասարակության տեսանկյունից տարբերություն չեմ տեսնում։ Դրա փոխարեն կարող եմ ասել, որ 1999 թ․ երկրաշարժը ավելի խորը հետքեր է թողել։ Կղզիներում անշարժ գույքի շուկան անկում ապրեց, ամռանը կղզի եկող որոշ ընտանիքներ սկսեցին այլևս Բուրգազ չայցելել, բազմաթիվ մտերիմ հարաբերություններ թերևս այլևս չշարունակվեցին․․ Հուսով եմ՝ Մարմարա ծովի այսչափ աղտոտումը ևս պատճառ չի դառնա նման երևույթի համար։
– Եթե վերադառնանք մեր օրեր, ի՞նչ է անհրաժեշտ անել Բուրգազի համար։ Գրքում տեղ-տեղ շեշտում եք «կղզու՝ այսպես մնալու համար ջանք գործադրող մարդկանց» մասին, ի՞նչ կառաջարկեք նրանց՝ իրենց նպատակին հասնելու համար։
– Որպես Սաիթ Ֆաիքի կղզի հայտնի Բուրգազին առաջին հերթին պետք է վերադարձնել արվեստը։ Տեսեք, վերջին տարիներին այստեղ ամառ-ձմեռ բնակվող որոշ մտավորական երիտասարդների եմ ճանաչում։ Նույնիսկ նրանցից մեկը սրանից մի քանի տարի առաջ նախաձեռնել էր «Բուրգազի կղզում փողոցային տոնավաճառ»-ը, որը սակայն հետո շարունակական չդարձավ։ Այդ հարցում քաղաքապետարանը պետք է համագործակցի գյուղապետարանի և ջեմևիի հետ, օրինակ՝ ջեմևիի այգում փիլիսոփայական տեքստեր ընթերցվեն, Սուրբ Նիկողայոսի բակում փոքրիկ համերգներ կազմակերպվեն, Դրախտային այգում բացօթյա թատերական ներկայացնումներ կազմակերպվեն։ Մի քանի տարի առաջ ջրային սպորտի ակումբում լարային եռյակի հետ մի համերգ էի կազմակերպել, այդ միջոցառումը մեծ պահանջարկ ունեցավ։ Գուցե դրա նման մի բան կրկնել հնարավոր լինի․․․ Բացի այդ՝ ռեստորանները պետք է կարգի հնավիրվեն, սեղանները չպետք է խանգարեն ճանապարհների անցուդարձին։ Ամիսը մեկ օր «Բուրգազցիներս՝ մենք մերոնցով» խորագրով բոլոր ռեստորանները ընթրիք մատուցեն միայն կղզու բնակիչների համար։ Ամռանը մեկ անգամ «Աստվածների տները» խորագրով շրջագայություն կարող են կազմակերպել կղզում գտնվող բոլոր սրբավայրերով։ Թեմաները շատ են, բավական է, որ դրանք իրականացնող մի հանձնաժողով ստեղծվի, և քաղաքապետարանի աջակցությունն ապահովվի․․․
http://www.agos.com.tr/tr/yazi/25825/burgazi-bu-kez-burgazlilar-anlatiyor
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net