կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-13 17:42
Իրավական

Արմենը երազում էր նոր տուն կառուցելու մասին. Ավետիսյանների մասին պատմում են մտերիմները

Արմենը երազում էր նոր տուն կառուցելու մասին. Ավետիսյանների մասին պատմում են մտերիմները

Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության զոհերի հարևանները մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից, նրանք արդեն հարցաքննվել են, սակայն բոլորը պնդում են, որ կրակոցի ձայն չեն լսել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիսյանների հարևաններից Դավիթը հայտնեց, որ իրենք դեպքի մասին իմացել են միայն կեսօրին: Ըստ նրա` կրակոցի ձայները չլսելու պատճառը եղել է այն, որ հարևանի տանը եվրապատուհաններ են դրված եղել, որոնք ձայնը խլացրել են: Միայն Ավետիսյանների հետ նույն բակում ապրող նրանց ազգական Կարինե Ավետիսյանն է ասում, որ պայթյունի ձայն է լսել, սակայն կարծել է, թե իբր երկրաշարժ է:

 

Ի դեպ, Կարինեն առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է դռան կոտրված պատուհանը, սակայն կարծել է, թե այն փոխելու են, քանի որ Ավետիսյաններն օրեր առաջ տան համար նոր` երկաթե դուռ էին գնել:

 

Նշենք, որ, համաձայն շրջանառվող վարկածի, հանցագործը կոտրել է տան դռան ապակին, որպեսզի ներս մտնի: Պերմյակովի ցուցմունքի համաձայն` ինքն այդ օրը զբոսնել է քաղաքում, մտել է այդ տուն` ջուր խնդրելու, բայց քանի որ չեն բացել, կոտրել է ապակին ու ինքնուրույն բացել դուռը: Նշենք, որ Ավետիսյանների տան սենյակներն իրար մեջ են, և հանցագործը, մտնելով տուն, հավանաբար, նախ կրակել է առաջինը հանդիպած Հասմիկ Ավետիսյանի, ապա նրա որդուն` Արմենի վրա, հետո սպանել է մյուսներին: Ի դեպ, տան պատերին նույնպես փամփուշտների հետքեր կան, ինչը վկայում է, որ հանցագործը նաև անկանոն կրակ է բացել:

 

Ընտանիքի դուստրը` Արաքս Ավետիսյանը, 36 տարեկան էր, ամուսնացած չէր, աշխատում էր «Բրաբիոն» ծաղկի սրահում` որպես դիզայներ:

 

Սպանված երիտասարդի` Արմենի մանկության ընկերը yerkir.am-ին պատմեց, որ մի քանի օր առաջ էր հանդիպել ընկերոջը: Նրա խոսքով` Արմենը երազում էր նոր տուն գնելու մասին:

 

Արմենի հոր` սպանված Սերյոժայի մանկության ընկերը` Աշոտ Հակոբյանը, պատմեց, որ Սերյոժային իրենք մանկուց Շանթիկ էին կոչում: Ըստ նրա` նա մի ժամանակ զբաղվել է ռադիոտեխնիկայի նորոգմամբ, սակայն վերջին տարիներին որդու հետ պարբերաբար մեկնում էր ՌԴ-ի տարբեր քաղաքներ` արտագնա աշխատանքի: «Նոր տարուց առաջ էր եկել, զրուցեցինք, ասաց, որ Նոր տարուց հետո էլի պետք ա գնա»:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: