կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 21:10
Քաղաքական

Դեպի ուժեղ Հայաստան

Դեպի ուժեղ Հայաստան

Հայ Յեղափոխական Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցը ոտքի է կանգնել իր աջակցությունը հայտնելու «Հայաստան» դաշինքին, որն այսօրվա պայմաններում Հայաստանի պետականության հարատևման և զարգացման միակ երաշխավորն է:

Աշխարհի բոլոր անկյուններից Դաշնակցության կուսակցական մարմիններն ու հարակից կառույցների և քույր միությունների պատասխանատուները կոչ են ուղղում իրենց հայրենաբնակ քույրերին և եղբայրներին՝ մերժել չարիքի իշխանությունը և վերականգնել ազգայինը:

Յուրաքանչյուր դաշնակցականի համար հայրենիքը կա և եղել է այն սրբություն սրբոցը, հանուն որի որպես դաշնակցական մկրտվելու առաջին իսկ օրից երդվել է «բոլոր ուժերով, իսկ եթե հարկ լինի՝ նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին»: Այդ երդմանը հավատարիմ մնալով՝ Դաշնակցությունն այսօր ասպարեզում է:

Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ է, որ Դաշնակցությունն ընտրություններին մասնակցում է դաշինքով: Դաշնակցության համար այս ընտրությունները հերթական քաղաքական մրցավազք չեն: Սեղանին հայրենիքի լինելիության հարցն է դրված: «Հայաստան» դաշինքի և Դաշնակցության համար գլխավոր կողմնորոշիչը պետական կյանքում ազգային մտածողության վերակազմավորումով համազգային ներուժը արտաքին և ներքին մարտահրավերներին ծառայեցնելու հրամայականն է:

Վերականգնելով Հայաստանի արտաքին քաղաքական վարկը՝ անհրաժեշտ է հստակեցնել պետական ռազմավարական առաջնահերթությունները, վերականգնել միջազգային հանրության և դաշնակիցների հետ ներկայումս խաթարված հարաբերությունները և մշակել փոխլրացնող ու հավասարակշռված դիվանագիտական կապեր:

Թե՛ Դաշնակցության և թե՛ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին վկայակոչում են, որ այդ ուժերի միասնությամբ հնարավոր է իրականացնել վերոհիշյալ արտաքին քաղաքականությունը:

Այս համագործակցության մյուս կարևոր ճակատը Հայաստան-Սփյուռք բնականոն փոխհարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունն է: Հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Հայոց ցեղասպանության հարցը ներառվեց Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, որը հնարավորություն ստեղծեց ամբողջ հայության քաղաքական և տնտեսական ներուժը բարձրացնել ռազմավարական մակարդակի:

Այս ամենի կողքին «Հայաստան» դաշինքի շուրջն է համախմբված փորձառու և պետական կառավարման համակարգում իր արդյունավետ աշխատանքն ապացուցած մարդուժ, որն ունակ է երկիրը դուրս բերել առկա սոցիալ-տնտեսական ահագնացող ճգնաժամից, վերստեղծել պետական կառավարման առողջ և արդյունավետ համակարգ:

Վերը նշվածին զուգահեռ աղետալի պատերազմից հետո հայկական բանակի հզորացումը մնում է օրախնդիր և պատերազմի կանխման գլխավոր երաշխիք: Միտումնավոր հեղինակազրկված և քայքայման եզրին գտնվող բանակը, պարտվողական մտածողությամբ հասարակությունը, պետական համակարգի թուլացած իրավիճակը, ժողովրդի կողմից հեղինակազրկված և մերժված իշխանությունը պարարտ հող են Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար:

Եվ, ի վերջո, «Հայաստան» դաշինքն իր ազգային, քաղաքական, հասարակական և տնտեսական հեռանկարով արժանանալով համազգային վստահության, միակ ունակ ուժն է՝ վերացնելու հայությանը ջլատող ներկա բևեռացումն ու բաժանարար գծերը և առաջնորդելու ազգն ու հայրենիքը դեպի համերաշխ, կայուն, կանխատեսելի, անվտանգ, արդար և շարունակաբար զարգացող ուժեղ Հայաստան:

«Ապառաժ»-ի խմբագրական
17 հունիս, 2021թ.